ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև սանկտպետերբուրգյան իրավաբանական ֆորումին, որին ներկա է գտնվելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, մայիսի 17-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ: Աղբյուրը տեղեկացնում է, որ նիստի օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ նախարարները ներկայացրել են երկրներում կատարված քայլերը: Մասնավորապես նոտարական համակարգի, փաստաբանական ծառայությունների զարգացման հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրության և այլն: Նիստի ավարտից հետո ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարները ստորագրել են հուշագիր` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման իրավական ապահովության հարցերով համագործակցության զարգացման մասին: Այն նպատակ ունի ամրապնդել ու զարգացնել միության անդամ երկրների կողմից ընդունված սկզբունքները և միջազգային իրավունքի նորմերը: