14.05.2025
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի դեսպանին
23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի դեսպանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով շարունակական եւ արդյունավետ կլինի: Նորվեգիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար` նշելով, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Նրա խոսքով Նորվեգիան բարձր է գնահատում վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները: Կարեւորելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարումը` հանձնաժողովի նախագահը ողջունել է Նորվեգիայի` առաքելությանը միանալու նախաձեռնությունը: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման հարցում Նորվեգիայի մասնակցության համար: Նա կարեւորել է խորհրդարանի կարողությունների զարգացմանը նպատակաուղղված աջակցությունը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերը: Քննարկվել են համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Կարեւորվել է համանուն հանձնաժողովների միջեւ փոխգործակցության ակտիվացումը: