ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը Երևանում ստորագրել են կենսաբանական անվտանգության մասին միջկառավարական հուշագիր: Այս մասին ասուլիսում հայտարարեց Սերգեյ Լավրովը: Նա նշեց, որ միջկառավարական հուշագրի իրականացումը կոչված է զգալի ներդրում ունենալու այս զգայուն ու էլ ավելի արդիական դառնող ոլորտում համագործակցության հետագա զարգացման հարցում: «Այն կօգնի ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածությունը», - ասաց Լավրովը: Ռուս նախարարը նաև տեղեկացրեց, որ Մոսկվան և Երևանը կխթանեն այս արդիական թեման բազմակողմ կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում: