Հունիսի 27-ին Սինգապուրում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) հավատարմագրերը հանձնեց Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին։ ԱԳՆ-ից հայտնում են, որ Սինգապուրի նախագահը շնորհավորեց դեսպան Բեջանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով վերջինիս բեղմնավոր աշխատանք Սինգապուրում: Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ Սերոբ Բեջանյանը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու համար: Հանդիպման ընթացքում դեսպան Բեջանյանը հանգամանորեն ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ շեշտելով 2020թ. ի վեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և Լեռնային Ղարաբաղի ժողովորդի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քայլերը։ Առանձին ուշադրություն հրավիրվեց Լեռնային Ղարաբաղը մնացյալ աշխարհին կապող Լաչինի միջանցքի՝ ավելի քան 6 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման և ԼՂ 120.000 ժողովրդի շրջափակված լինելու հանգամանքների վրա։ Դեսպան Բեջանյանը ներկայացրեց տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։