6.10.2024
ԼՂ-ի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն.ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
28.07.2023
ԼՂ-ի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն.ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հուլիսի 27-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի և վերջին զարգացումների վրա։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից, դեսպան Պապիկյանը, մասնավորապես, ընդգծել է, որ հունիսի 15-ից շարունակվող Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մարդասիրական մատակարարումների խափանումը, հանգեցրել են սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է մարդասիրական աղետալի իրավիճակ։ ՀՀ առաքելության ղեկավարը շեշտել է Արցախի 120 000 ժողովրդի անհատական և կոլեկտիվ հիմնարար իրավունքների համատարած խախտումների առնչությամբ ԵԱՀԿ և նրա գործադիր կառույցների կողմից համապատասխան անհրաժեշտ քայլերի կարևորությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի և նրա իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ ստիպելու կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումներով սահմանված պարտավորությունները։ Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ միջազգային ներգրավվածության և հստակ երաշխիքների ապահովմամբ։