7.10.2024
Փորձագիտական խմբի անդամները հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ
11.10.2023
Փորձագիտական խմբի անդամները հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

«Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները հոկտեմբերի 11-ին հանդիպում-քննարկում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ անձանց հետ, ովքեր ապաստանել են Գորիսի հյուրանոցներից մեկում։  Փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են եվրոպական, ամերիկյան դիվանագիտական և ռազմական փորձագիտական շրջանակներից ներկայացուցիչներ, փոխանցում է «Արմենպրես»-ը։ Նրանք հարցուպատասխանի ձևաչափով ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ անձանցից հետաքրքրվեցին սեպտեմբերի 19-ին և այդուհետ տեղի ունեցած դեպքերից հետո նրանց կեցության պայմաններից ու վիճակից, ինչպես նաև տուն վերադառնալու հեռանկարների մասին։ «Ռասմուսսեն Գլոբալ» ընկերության ղեկավար Ֆրեդրիկ Վեսլաուն նշեց, որ այցի նպատակն է ավելի կոնկրետ տեղեկություն հավաքել հատկապես սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պատկերացում կազմելու, թե ինչ հարցերով կարող են Բրյուսելում և այլ մայրաքաղաքներում Հայաստանի համար աջակցություն ձեռք բերել։ «Այս կոնտեքստում ցանկանում ենք լսել, թե ինչ վիճակում եք, որոնք են ձեր կարիքները և ինչ եք ակնկալում, որպեսզի խումբն անի ձեր կարիքները հոգալու համար», -ասաց նա։ Իր հերթին Ստեֆան Ֆյուլեն մարդասիրական ժեստ համարեց իրենց այցը։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը հավաստիացրեց, որ անպայման իր գործընկերներին կփոխանցի այն ամենն, ինչ բարձրաձայնվեց տեղում։ Նրա խոսքով՝ իրենց շատ ֆրանսիացի և եվրոպացի գործընկերներ կանգնած են Հայաստանի կողքին, հնարավորությունների սահմանում փորձում են անել առավելագույնը, որպեսզի կարողանան աջակցություն ցուցաբերել։ Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով մտքեր փոխանակվեցին ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ տուն վերադառնալու հեռանկարների, նրանց ներկա վիճակի, ակնկալիքների վերաբերյալ։ Հանդիպման մասնակից ԼՂ-ից բռնի տեղահանվածները, պատասխանելով արտասահմանցի փորձագետների հարցերին, անհնար համարեցին ադրբեջանցիների հետ համակեցությունը։ Նրանց մի մասն էլ, անդրադառնալով տունդարձի համար անհրաժեշտ պայմաններին, նշեց, որ դրա համար ակնկալում են ԼՂ անկախության ճանաչում և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում։