Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված՝ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի տեղեկացմամբ փաստաթղթով բանկը Հայաստանին կտրամադրի մինչեւ 236 մլն եվրո գումար: Նախատեսված միջոցներն ուղղվելու են ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի եւ Քաջարանի միջեւ նոր 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի ֆինանսավորմանը: Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված՝ Սիսիանից մինչեւ Շենաթաղ)՝ 27.1 կմ երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ եւ հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ: «Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի հյուսիսային եւ հարավային ենթահատվածների կառուցումը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ ծրագիրը կհամաֆինանսավորվի նաեւ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի կողմից: Ծրագրի շրջանակում միայն հյուսիսային եւ հարավային հատվածներում կկառուցվեն 3 երթեւեկելի գոտիներով ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, շուրջ 4 կմ ընդհանուր երկարությամբ 8 թունել: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2033 թվականի դեկտեմբերը: Կառավարության ներկայացուցիչը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով ծրագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ: Նախաձեռնությունը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի արտահերթ նիստում եւ ստացել է դրական եզրակացություն: