Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ներկայացնելով կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման հաշվետվությունը։ Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շարունակում է դիտարկվել որպես երկրի արտաքին քաղաքական գերատեսչության կարևոր նպատակ: Նա նշել է, որ ապրիլի 24-ը ոչ միայն պատմական այդ արյունալի իրադարձությունների զոհերի հիշատակի օր է, այլ նաև միջազգային ասպարեզում ցեղասպանությունների դատապարտման կարևոր օր: Նա նշել է, որ վերջին ամիսների իրադարձությունները, մասնավորապես Արցախի դեմ ռազմական ագրեսիան, կրկին միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստը շարունակում է ոգևորել ցեղասպանական նպատակներ ունեցող քաղաքական գործիչներին: «Այս տարի ապրիլի 24-ը հատուկ լրացուցիչ նշանակություն կունենա։ Այդ օրը Հայաստանին և հայ ժողովրդին իրենց զորակցության մասին կհայտարարեն բազմաթիվ երկրներ և պետական գործիչներ։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում», - ասել է նախարարը։