ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, հայտնում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։ Հատկանշական է, որ վերջին օրերին դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մեծ աճ են գրանցել: Ըստ rate.am կայքի՝ հայաստանյան բանկերում այսօր՝ 11:30-ի դրությամբ, դոլարը գնվում է 506-510 դրամով, վաճառվում՝ 518-521 դրամով: Իսկ փոխանակման կետերում գնվում է բացառապես 511 դրամով, վաճառվում՝ 520-523 դրամով: Ըստ ԿԲ-ի պաշտոնական կայքում հրապարակված վերջին տվյալների՝ նոյեմբերի 23-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 505.32 դրամ՝ նախորդ աշխատանքային օրվա համեմատ աճելով 2.10 դրամով: Դոլարը սկսել է թանկանալ սեպտեմբերի 29-ից՝ արցախա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմից երկու օր անց։