Ռուս խաղաղապահները ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, որոնք Լեռնային Ղարաբաղում վերադարձել են իրենց տները Հայաստանի Հանրապետության տարածքից: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ է տեղափոխվել 188 փախստական: Ընդհանուր առմամբ, մշտական բնակության վայրեր են վերադարձել 47 հազար 475 փախստականներ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Բացի այդ, իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն քսաներեք դիտարկետերում: Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: