Ռումինիայում դեսպան Սերգեյ Մինասյանն ապրիլի 15-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանին: Այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը ռումինական կողմից մասնակցել են նաև հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտա-Ալմա Անաստասեն և քարտուղար Քրիստիան Բորդեյը։ Շնորհավորելով սենատորներին իրենց պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը զրուցակիցներին ներկայացրել է նախորդ տարիներին Ռումինիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության դրական դինամիկան։ Սենատորները հույս են հայտնել, որ համավարակի նվազմանը զուգընթաց հնարավոր կլինի ակտիվացնել նաև միջխորհրդարանական փոխշփումներն ու համագործակցությունը: Կողմերն երկուստեք ընդգծել են ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելու կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն երկու երկրների համար համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի, հատկապես, Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի համատեքստում։ Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը հատուկ անդրադարձել է նաև 2020թ. աշնանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ զրուցակիցների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, հայկական պատմամշակությային ժառանգության պահպանության հրատապության հարցերին: Դեսպանը սենատորների ուշադրությունն է հրավիրել նաև օրերս Բաքվում բացված արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «ռազմական ավարի պուրակ»-ին՝ ներկայացնելով Ադրբեջանում ամենաբարձր քաղաքական մակարդակով իրականացվող հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ցեղասպան մտադրությունների դրսևորման բացահայտ փաստերը: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ռումինահայ համայնքի կարևոր դերակատարությունն ինչպես Ռումինիայի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, այնպես էլ Հայաստանի և Ռումինիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերությունների կերտման գործում։