24.11.2024
ՀՀ-ն բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Հայկական ընկերությունները կարող են դիմել մասնակցելու «Expo 2020 Dubai»-ի ցուցահանդեսին

2021 թ․հոկտեմբերի 1–ից 2022 թ․ մարտի 31–ը Դուբայում կայանալիք «Expo2020Dubai»-ի շրջանակում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում» (“Made in Armenia”) 4-օրյա ցուցահանդեսը, որին կարող են մասնակցել հայկական ընկերություններն ու արտադրողները։ Այն հնարավորություն կտա ոչ միայն հայկական ապրանքներն ու ծառայությունները ներկայացնել համաշխարհային շուկայում, այլև ստեղծել նոր ամուր բիզնես կապեր, հանդիպել օտարերկրյա պոտենցյալ գործընկերների ու ներդրողների հետ։


Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։


Էքսպոյի ընթացքում մասնակից ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպիչների կողմից անցկացվող վորքշոփերի, որոնց շրջանակում հրավիրյալ մասնագետները մանրամասն կծանոթացնեն ԱՄԷ-ի և Պարսից ծոցի համագործակցության երկրների շուկաներ մուտք գործելու գաղտնիքներին ու ուղիներին։


Գործարար կապեր ձեռք բերելու և բիզնես շփումների իրականացման լավագույն հարթակներից մեկն էլ B2B պորտալն է, որում գրանցվելով՝ հայկական ընկերությունները կհայտնվեն համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ նույն հարթակում։


Հայկական ընկերությունների համար գործարար աշխարհին ներկայանալու ևս մեկ հնարավորություն է արտահանման կատալոգը/ամսագիրը․ դրանում ներառված կլինեն Էքսպոյի մասնակից հայկական ընկերությունների գործունեության, ոլորտի, արտադրատեսակների մասին տեղեկություններ։ Կատալոգը հասանելի կլինի «EXPO 2020 Dubai»-ի մասնակից 190–ից ավելի երկրների գործարարներին։


Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ ՀՀ վարչապետի որոշմամբ «Դուբայ ԷՔՍՊՈ - 2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատարն է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։


«EXPO 2020 Dubai»-ի հայաստանյան կազմակերպչական թիմը մասնակից ընկերությունների համար կկազմակերպի նաև բիզնես հանդիպումներ, որոնց կարող են անցկացվել «Արտադրված է Հայաստանում» էքսպոյի տարածքում հատուկ դրա համար առանձնացված հատվածում։


Շուրջ 2880 մ2 զբաղեցնող ցուցահանդեսային տարածքում իրենց ապրանքներն ու ծառայությունները կարող են ներկայացնել հետևյալ ոլորտներում գործող հայկական ընկերությունները՝


Սննդամթերք և խմիչք (գինի),


Թեթև արդյունաբերություն,


Թանկարժեք զարդեր (ոսկերչություն),


ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ


Տուրիզմ


Կրեատիվ, մեդիա, կինոարտադրություն


Այլ


Էքսպոյի մասնակցության վերաբերյալ մանրամասները և հետաքրքրության հայտը հրապարակված են www.dubai2020.am կայքում՝ հետևյալ հղմամբ։


Համաշխարհային էքսպոն աշխարհի ամենահին ցուցահանդեսային միջոցառումներից մեկն է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ որևէ խոշոր քաղաք 6 ամիս շարունակ հյուրընկալում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք ներկայանում են իրենց ամենագրավիչ կողմերով։ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ»–ին մասնակցում է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Կազմակերպիչներն ակնկալում են 25 մլն տեղացի և արտասահմանյան այցելուներ։