ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի այցը Հայաստան վերահաստատում է հայ-ուրուգվայական ջերմ հարաբերություններն ու ամուր բարեկամական կապերը:
Այս մասին Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, հաջորդ տարի Հայաստանն ու Ուրուգվայը կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս համատեքստում Այսօր Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարները բովանդակալից զրույց ունեցան նախորդ ձեռքբերումների, ներկա հնարավորությունների և ապագա հեռանկարների շուրջ։
«Անշուշտ, բարեկամ Ուրուգվայի հետ մեր ավանդական համագործակցությունը և հայ և ուրուգվայցի ժողովուրդների կապերն ավելի մեծ պատմություն ունեն։ Մենք հիշում ենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որով հաստատել է համամարդկային արժեքների և մարդու հիմնարար իրավունքների ջատագովի իր համբավը:
Դուք գիտեք նաև, որ ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայեր ապաստան են գտել Ուրուգվայի հյուրընկալ հողում։ Իսկ Ուրուգվայի հայ համայնքը, որը միշտ եղել է Ուրուգվայի պետության խնամակալության ներքո, իր նպաստն է բերում այդ երկրի զարգացմանը՝ կատարելով հատուկ կամրջի դեր մեր երկրների հարաբերություններում:
Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը Արցախի դեմ 2020թ.աշնանը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ: Բացի այդ, Ուրուգվայի օրենսդիր մարմինը դատապարտել է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ վարձկանների ներգրավումը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների խախտման եւ քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծման դեպքերը:
Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանի և Ուրուգվայի աշխարհագրական հեռավորությանը, հայերի և ուրուգվայցիների միջև արժեքների և աշխարհընկալման անընդհատ ամրապնդվող կապը հնարավորություն է տալիս հաղթահարել մեզ բաժանող հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը։
Ցավոք, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքներն ու գոյությունը դեռևս լիովին հաղթահարված չեն։ Հայաստանն ու Արցախը բախվում են անվտանգության խնդիրների հետ, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերի և քաղաքացիական պատանդներ։ Այս դեպքում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի համերաշխությանը։
Այսօրվա հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են ։ Փոխադարձ այցելությունները, տարբեր մակարդակի շփումներն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում պարբերական բնույթ են կրում։ Մենք սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում, և համաշխարհային օրակարգի կարևոր հարցերի վերաբերյալ մեր տեսակետները հիմնականում համընկնում են։
Միջխորհրդարանական կապերն ավանդաբար ակտիվ են եղել եւ մեծ տեղ են զբաղեցրել մեր հարաբերություններում: Զրույցի ընթացքում մենք կարեւորեցինք բարեկամական խմբերի գործունեությունը երկու երկրների խորհրդարաններում:
Մենք համակարծիք ենք, որ տնտեսական ոլորտում չիրացված մեծ ներուժ կա և պատրաստ ենք գործնական քայլեր ձեռնարկել հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խրախուսելու համար: Մասնավորապես, կցանկանայի առանձնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտները։ Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն մի շարք հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցեր։
Կցանկանայի նաեւ ընդգծել, որ մեր երկրների միջեւ գործում է առանց վիզայի ռեժիմ, ինչը լրացուցիչ գործիք է գործարարների շփումների ակտիվացման եւ զբոսաշրջային այցելությունների քանակի ավելացման համար», - ասել է Արմեն Գրիգորյանը: