16.12.2025
Առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում. ԿԲ
31.03.2021
Առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում. ԿԲ

Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունից»։ «Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետևանքով տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու գնաճային սպասումների զգալի ավելացում»: ԿԲ գնահատմամբ, գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են եղել առաջարկի գործոններով, այդ թվում՝ միջազգային ապրանքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցություններով, ինչպես նաև դրամի արժեզրկմամբ։ ԿԲ բազային սցենարի համաձայն, առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։ Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամկետ գործոններով, որոնց ազդեցությունն աստիճանաբար կչեզոքանա՝ արտահայտելով միջնաժամկետ գնաճի՝ դեպի ներքև ճշգրտմամբ»,-ասված է Կենտրոնական բանկի հաշվետվությունում։ Հաշվի առնելով գնաճային գործոնների կարճաժամկետ բնույթը՝ առաջիկայում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ուղղված կլինի գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։ ԿԲ-ն համավարակի, տնտեսական անորոշությունների պայմաններում տնտեսական աճի տարեկան կանխատեսումը վերանայել է փոքր-ինչ ներքև։ Նշվում է, որ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը որոշ չափով կվերականգնվի, սակայն միայն հորիզոնի վերջում կմոտենա գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ պայմանավորված արտադրողականության ու ներդրումների սպասվող ցածր աճի միտումներով։