Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ: Այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:"Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի: Բոլոր ապացույցները մանրամասն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում` որպես էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ", գրել է նա: Արման Թաթոյանը նաև դիմել է կոչով. "Երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգուշություն:Պետք է նկատի ունենալ, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից: Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ: Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել:Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով ու ատելությամբ և այլ անօրինական երևույթներով",- գրել է նա ու հրապարակել լուսանկարներ ադրբեջանական սոցիալական ցանցերից: