Հայաստանը միշտ առաջ է տարել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, բայց քանի դեռ Երևանը չի ճանաչել Արցախի անկախությունը, այլ սուբյեկտների անկախության ճանաչումն անհնար է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Հայաստանը պետք է ճանաչի Դոնբասի երկու հանրապետությունների անկախությունը։ «Հայաստանը միշտ պնդել է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքներից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։ Հայկական կողմի համար դժվար է խոսել ինքնորոշման իրավունքի հիման վրա ստեղծված այլ միավորների ճանաչման մասին, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գործող իշխանությունը վճռականություն չի ունեցել ճանաչելու Արցախն անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ: Նա ընդգծեց, որ այս փուլում դեռ վաղ է խոսել այն մասին, որ Հայաստանը կարող է ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը։ Իր հերթին, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշել է, որ նույնիսկ հաշվի առնելով գործընկերոջ ասածը, անտրամաբանական է համարում ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հապճեպ եւ կատեգորիկ հայտարարությունը: Պատգամավորին հատկապես զայրացրել է ԱԳՆ-ի շտապողականությունը։