Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում գռեհկություն են համարել Ղազախստանի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը: Ինչպես հաղորդում է EADaily-ն, համապատասխան հայտարարությունն իր Telegram-ալիքում հրապարակել է հունվարի 8-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր համար բնորոշ գռեհիկ ոճով կատակել է Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ», — գրել է նա: Բլինկենի ռեպլիկը Զախարովան անվանել է չարախինդ եւ ընդգծել, որ ՀԱՊԿ խաղաղապահների պատասխանը Ղազախստանի ղեկավարության կոչին բացարձակ լեգիտիմ է: Նա այսպես արձագանքել է Պետդեպարտամենտի ղեկավարի մեկնաբանությանը՝ կապված Ղազախստանի իշխանությունների որոշման հետ՝ օգնություն խնդրել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից՝ երկրում անկարգությունները ճնշելու համար: «Այնուամենայնիվ, նորագույն պատմության մեզ մատուցված դասերից մեկն այն է, որ երբ ձեր տուն է գալիս Ռուսաստանը, ապա երբեմն դժվար է լինում հասնել նրա հեռանալուն», — ասել է Բլինկենը: Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ ամերիկյան պետականության ողջ պատմության 300 տարին նույնպես մարդկությանն արդեն ինչ-որ բան են սովորեցրել։ «Երբ քո տանը հայտնվեցին ամերիկացիները, դժվար է լինում ողջ մնալ, կողոպտված կամ բռնաբարված չլինել», — գրել է Զախարովան: Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ին։ Հանրահավաքների մասնակիցները դեմ են հանդես եկել հեղուկ գազի թանկացմանը։ Շուտով բողոքի ակցիաներն ընդգրկեցին ամբողջ երկիրը և քաղաքական բնույթ ստացան, բայց հետո վերածվեցին անկարգությունների, ուժայինների հետ բախումների և թալանի։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դիմել էր ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը: Հունվարի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բանակցություններ է վարել Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ: Մինչդեռ Ղազախստանն ու նրա բնակիչները ենթարկվում են ահաբեկիչների հարձակումներին, Բլինկենը սկսել է ճամարտակել «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին՝ ի պատասխան Ռուսաստանի ագրեսիայի»։