Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Իրաք։ Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, Բաղդադի միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորեց Իրաքի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի, վարչապետ Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։ ՀՀ նախագահն այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Բաղդադի համալսարանում։ Կայցելի նաև Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիվան Բարզանիի հետ։ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահի պատվիրակության կազմում Իրաք են ժամանել նաև գործարարներ, որոնք կմասնակցեն գործարար համաժողովի։