Թուրքիան ու Ադրբեջանը եղբայրական պետություններ են, որոնք համատեղ են գործում տարածաշրջանային ու միջազգային հարթակում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը, որը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Trend գործակալությունը, Յըլդըրըմն ընդգծել է, որ իրենք «մեկ ազգ, երկու պետություն են»։ Նա նաև վստահություն է հայտնել, որ իր այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ «Մենք բարեկամական ու եղբայրական պետություններ ենք, որոնք համատեղ են գործում տարածաշրջանային հարցերի լուծման գործում ու միջազգային հարթակում»,- ընդգծել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։