22.11.2024
Ինչպե՞ս են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք չունեն կիրառական արժեք. Դանիելյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Պալաչն էլ չի փրկել Ռոմանոսին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, որը համատեղության կարգով Կոտայքի դե ֆակտո մարզպետ է աշխատում, Աբովյանի ընտրություններից առաջ խնդրել է Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, վերադառնալ Հայաստան եւ աջակցել ընտրություններին՝ որոշ պայմանավորվածությունների դիմաց։ Պալաչը, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի ոխերիմ հակառակորդներից է եւ վերջինիս հետ հրապարակային ընդհարումից հետո լքել է Հայաստանը։ Նա մինչեւ հեղափոխությունը վերադառնալու հույսեր չուներ, իսկ հեղափոխությունից հետո հարաբերություններ հաստատեց գործող իշխանությունների հետ եւ մի քանի անգամ Հայաստան է այցելել, բայց ժամանակավորապես՝ աջակցել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Նա հույս է ունեցել, որ ՔՊ-ն իրեն կառաջադրի Աբովյանի քաղաքապետի թեկնածու, անգամ խոսակցություն է ունեցել Ռոմանոս Պետրոսյանի հետ, բայց ՔՊ-ն այստեղ թեկնածու դրեց Պաշին՝ Պավել Ցուգունյանին։ Չնայած Պալաչը նեղացել է Ռոմանոսից, բայց, մեր տեղեկություններով, ընտրությունների նպատակով վերադարձել է Հայաստան։ Նախնական արդյունքներն իմանալուց հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ շտաբում փորձել է մեղավորներ գտնել, Պալաչը նրան ուղիղ ասել է, որ թիվ մեկ մեղավորն ինքն է, պետք չէ ուրիշ տեղ փնտրել։ Ի դեպ, Ռոմանոսի պահանջով իրականացվող վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ականները վստահ են, որ իրենց ձայներն ավելանալու են, քանի որ հանձնաժողովների մեծ մասը ղեկավարել են ՔՊ-ականներ, եւ ԲՀԿ-ի օգտին քվեաթերթիկներն են «անվավեր» դարձրել, այլ ոչ թե հակառակը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների լայնածավալ խոշորացման ծրագրով եւ նոր ընտրություններով թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր բացարձակ իշխանություն հաստատել տեղական մակարդակում եւ խոշոր միավորների՝ համայնքների ղեկավար կարգել իր թիմակիցներին, բայց, կարելի է ասել, ստացվեց հակառակը։ Հոկտեմբերի 17-ի, ապա նոյեմբերի 14-ի եւ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունը։ Մասնավորապես, իշխող կուսակցությանը չեն այլեւս Սյունիքի Կապան, Գորիս, Մեղրի, Տաթեւ համայնքները, Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքը, Արարատում՝ Մասիս քաղաքը, անորոշ է Վեդու հարցը։ Իշխանությունը չկարողացավ զավթել ՀՀ երկրորդ եւ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում իշխանությունը։ ՔՊ-ն չհաղթեց Ապարանում։ Իսկ առաջիկայում էլ ձեւավորվելիք կոալիցիաների հետեւանքով թերեւս ՔՊ-ական չեն լինի նաեւ Նոյեմբերյանը, Թալինը, Եղվարդը, Նոր Հաճնը, Ախուրյանը, Ամասիան, Վարդենիսը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին հերթական միջադեպը տեղի ունեցավ։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխանական պատգամավորները եւ նրանց օգնականները՝ մոտ 3 տասնյակ, ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի պատգամավորների 3 օգնականներին։ Միջադեպը սկսվել է նրանից, որ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին թվացել է, թե տղաներն իրենց թարս են նայել միջանցքում եւ չեն ընդունել իրենց բարեւը։ Տեղում փորձել են հաշիվ պահանջել, օգնականներն ասել են, որ դա նրանց թվացել է։ Սակայն բացատրությունը համոզիչ չի թվացել, եւ ՔՊ-ականները դիմել են խորամանկության։ Ռուբեն Ռուբինյանի օգնականի միջոցով կապվել են ընդդիմադիրների օգնականների հետ, կանչել Ռուբինյանի աշխատասենյակ՝ իբր միջադեպը հարթելու, եւ մոտ 30 հոգով հարձակվել են նրանց վրա ու ծեծել։ Սեռական հայհոյանքները լսելի են եղել ԱԺ միջանցքներում։ Պատմեցին, որ «օպերացիան» ղեկավարել է աներձագը, գլխավոր ծեծողը եղել է թիվ 1 ուսապարկ Վահագն Ալեքսանյանը, ակտիվ մասնակցել են Սիսակ Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը եւ այլք։ Արմենուհի Կյուրեղյանի օգնականը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել, շտապօգնություն են կանչել։ Ռուբինյանն աշխատասենյակում չի եղել, իսկ ԱԺ-ում ծառայող ՊՊԾ-ի տղաները թեպետ լսել են գոռոցներն ու հայհոյանքը, սակայն միջամտել են այն ժամանակ, երբ ԶԼՄ-ները հայտնվել են դեպքի վայրում։ Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը հարցին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելո՞ւ են, ասաց՝ ԶԼՄ-ների հրապարակումներն արդեն իսկ հաղորդում են։ Ավելի ուշ մի խումբ ՀՅԴ-ականներ հավաքվել էին ԱԺ շենքի մոտ եւ ՔՊ-ականներին կոչ էին անում դուրս գալ ու բացատրություն տալ, թե ինչու են խաբեությամբ տղաներին կանչել սուրճ խմելու, ապա ծեծի ենթարկել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից է եղել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: Նա, հիշեցնենք, ըստ ԱԱԾ-ի՝ ուղիղ մեկ տարի առաջ տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության եւ Ազգային ժողովի շենքեր ներխուժման գործով էր անցնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Վարդանյանն ընդգծեց՝ ինքն այդ գործի հետ որեւէ առնչություն չունի: «Ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ. գործ են հարուցել, բայց մի տարվա մեջ ոչ մի անգամ հարցաքննության չեն կանչել»,- նշեց նա: Վարդանյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ հնարավոր է արդյոք, որ իշխանության ներկայացուցիչները նոյեմբերի 9-ի դեպքերից հետո մինչեւ օրս «ատամ ունեին» ու երեկ նաեւ դրա համար են, այսպես ասած, վրեժ լուծել: «Դե քանի հատ ատամ ունեն, եթե պետք լինի, հերթով կքաշենք, մինչեւ անատամ դառնան»,- արձագանքեց նա: Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանականները Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի մասին, այնուամենայնիվ, չեն մոռացել: Ավելին, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ուղղակի մեղադրանք է հնչեցրել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, թե խուլիգանական արարք թույլ տալու ու սպանության փորձ իրականացնելու մեջ մեղադրվող մարդուն բերել, օգնական են նշանակել։ 


«Մարդն անցնում է քրեական գործով, այն էլ՝ սպանության փորձ իրականացնելու հատկանիշներով։ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է նաեւ «Ազատություն» ռադիոկայան ներխուժելու մեջ։ Բայց ոչ թե Գերասիմը, այլ նրա շեֆերն են մեղավոր։ Նա այս պատմություն մեջ մի բանում է մեղավոր, որ ազատ քայլում է ԱԺ միջանցքում, ու իրեն թվում է, թե կատարել է իր բաղձալի երազանքը, այն է՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձ է իրականացրել կամ փորձել «Ազատության» խմբագրությունը ջարդուփշուր անել։ Բայց, ո՛չ, սա ինստիտուտ է, այստեղ նա պետք է գլուխը կախ քայլի»,- հարցազրույցի ժամանակ ասել է Հակոբյանը։ Համեմատության համար նշենք, որ իշխանական պատգամավորների օգնականների շարքերում նույնպես անձինք կան, որ լրատվամիջոցների վրա են հարձակվել, բռնության կոչեր հնչեցրել, ոչ համաչափ գործողություններ իրականացրել ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այդ ամենից հետո, սակայն, նրանք նույնպես ԱԺ-ում աշխատանքի են անցել։ Նրանցից է, օրինակ, «Հեղափոխության պահապաններ» խմբի անունից հանդես եկող Հայկ Ստեփանյանը, որ սեպտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական է նշանակվել։ Ստեփանյանը, հիշեցնենք, համախոհների հետ «Հայելի» մամուլի ակումբի վրա ձվային «արշավ» էր իրականացրել։ 2020-ի մարտին էլ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում էր՝ ինչպես են «Հեղափոխության պահապանները» Փաշինյանին քննադատած մի տղամարդու ստիպում ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից։ Այնպես որ, ընդդիմությանը մեղադրելուց առաջ թերեւս պետք է մաքրեն նաեւ սեփական թիմը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ինչպես հայտնի է, ԱԺ երեկվա միջադեպի գործը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկեց ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու եւ որոշում կայացնելու համար: Ինչո՞ւ այս անգամ դատախազությունը միջադեպը ուղարկեց ԱԱԾ: Բանն այն է, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատախազությունը ներքին աշխատանքային «գզվռտոցի» մեջ է տարբեր գործերով ՀՔԾ-ի կամ վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեի հետ: Պարզվում է՝ մի շարք քրեական գործերով դատախազությունը ՀՔԾ-ի գործերը հետ է ուղարկում ու պահանջում նոր քննություն իրականացնել: Մասնավորապես, ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը բախվել են «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով եւս ուշագրավ իրավիճակ էր ստեծվել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի որոշումը՝ պատգամավոր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ։ Պետք է պարզվեր՝ ինչ ունեցվածք է թաքցրել Հայկ Սարգսյանը հայտարարագրից, եւ ինչ է կեղծել: Բայց ՀՔԾ-ն կրկին իշխանությանը կուլ գնաց եւ Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը կարճեց: Ասել է թե՝ դատախազության հույսը մնացել է ԱԱԾ-ն, որ քիչ թե շատ գուցե օբյեկտիվ կքննի գործերը, թեեւ այդ կառույցի քննության նկատմամբ էլ առանձնապես վստահություն չկա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մոտ մեկ ամիս առաջ համացանցում մերձիշխանական գործիչները տարածում էին տեղեկություն, թե ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում Հայատանը ջախջախիչ հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ: Բոլորս շնչակտուր սպասում էինք վերջնարդյունքին, որն, անշուշտ, պիտի ազդարարեր Ադրբեջանի վայրագությունների համար պատժիչ գործողությունների սկիզբը, բայց, ոչ, հերթական հիասթափությունն ապրեցինք. Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը անհրաժեշտ համարեց երկու կողմերին՝Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված լրացուցիչ միջոց ձեռնարկել: Ըստ այդմ, պետք է Ադրբեջանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար: «Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է բանտարկյալներին պաշտպանի բռնությունից եւ վնասից… եւ պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու էթնիկ հայերի նկատմամբ ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից»,- ասել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն:


Նույն դատավորը նաեւ Հայաստանին է կոչ արել քայլեր ձեռնարկել ադրբեջանցիների հանդեպ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար՝ հավելելով. «Հայաստանը, համապատասխան իր ստանձնած պարտավորությունների՝ կապված ռասայական խտրականության ցանկացած ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հետ, պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, որպեսզի կանխի ռասայական ատելության հրահրումն ու սանձազերծումը ադրբեջանցիների հանդեպ, այդ թվում՝ իր տարածքում գտնվող կազմակերպությունների եւ անձանց կողմից»,- ասել է դատավորը՝ հրապարակելով Բաքվի հայցն՝ ընդդեմ Երեւանի՝ Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի խախտման մեղադրանքով։ Այսպիսով, ինչ է ստացվում. նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ն բոլոր գերիներին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը ոչ միայն պահում, այլեւ խոշտանգում ու դատում է մեր գերիներին, մաս-մաս իր նպատակահարմարությամբ վերադարձնում է, սակայն ՀԱԱԳԱ-ի դատարանը հավասարության նշան է դնում մեր ու Ադրբեջանի միջեւ եւ հայցի ապահովման միջոց կիրառում նաեւ ՀՀ-ի նկատմամբ:


Իսկ ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն մեր երկրի ներսում. ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած խումբը պետք է ոչ միայն հայց ներկայացներ Բաքվի դեմ, այլեւ հիմնավորեր ու պաշտպաներ հայցը: Իսկ ՀՀ գլխավոր դառախազ Արթուր Դավթյանը, որ պարբերաբար հայտարարում է, թե քրգործ է հարուցվել ադրբեջանական այս կամ այն վայրագության առիթով, եւ դրանք օգտագործվելու են միջազգային ատյաններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, պետք է կարողանար քրգործերի շրջանակներում այնպիսի ապացույցներ հավաքել Ադրբջանի դեմ, որ անհերքելի լինեին: Բայց ստացվում է՝ այսքան ապացույցների պայմաններում Հայաստանը փաստացի խոցելի վիճակում է հայտնվում: Կա՛մ Եղիշե Կիրակոսյանի խումբը չի կարողացել իբրեւ անհերքելի ապացույց պատշաճ ներկայացնել մեր փաստարկները, կա՛մ դատախազության հավաքած ապացույցները բավարար չեն եղել (ինչպես շատ աղմկահարույց քրգործերի դեպքում, դրանք էլ են փուչիկ), կա՛մ էլ Ալեն Սիմոնյանի տրամաբանությամբ են առաջնորդվել ՀՀ կառավարության ներկայացուցիչները, որ գերիներ չկան…. Մի խոսքով, բյուրավոր ապացույցներ ունենալով՝ էլի դատարանում (այս փուլում փաստացի) պարտվեցինք: Մնում է սպասել քննության ավարտին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայրաքաղաքում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 14 հազար 900 դրամով. այն գերազանցում է 1330 դոլարը: Եթե սեպտեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 650 հազար 100 դրամ, հոկտեմբերին այն դարձել է 665 հազար դրամ: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2800 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 4500 դրամով: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 330 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 335 հազար 100 դրամ: Ըստ մասնագետների հաշվարկների՝ առաջիկայում անշարժ գույքն է՛լ ավելի է թանկանալու: Ի դեպ, բնակարանների գների բարձրացմանը նպաստել են նաեւ օտարերկրացիների կողմից անշարժ գույք ձեռք բերելու մեծ պահաջարկը»: