23.11.2024
Եվրոպայում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները դեռ ՌԴ-ին վնաս չեն. ՀՀԿ-ական
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն իր ստեղծման պահից ի վեր առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը և այս խորհրդարանում ներկայացված չէ: Այն ժամանակ տարաբնույթ քննարկումներ եղան, կանխատեսումներ, թե կուսակցությունը աստիճանաբար կթուլանա, և այլն: Սակայն այդ օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված: Նա նշել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է անել հնարավոր ամեն բան երկրում հետպատերազմական ճգնաժամը հաղթահարելու համար: «Խորհրդարանում չլինել, չի նշանակում չզբաղվել քաղաքականությամբ»,- ասել էր նա՝ հավելելով, որ կուսակցության գրասենյակները լիարժեք բաց են լինելու, նույն թափով աշխատելու են: Կիրակի օրը կայացած ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությունը փաստացի ցույց տվեց, որ ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, կրկին դիրքավորվում է, ընդ որում՝ բավականին տպավորիչ կերպով: Մասնավորաբար, Եղեգնաձոր քաղաքում «Դավիթ Հարությունյան» դաշինքի ջախջախիչ հաղթանակը՝ 63,48 տոկոսով, ինքնին չափազանց խոսուն է: Հիշեցնենք, որ այս դաշինքը կազմված է «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից, իսկ Դավիթ Հարությունյանն ինքը ԲՀԿ անդամ է: Բավականին տպավորիչ ու խորհրդանշական էին Աբովյանում արձանագրված արդյունքները. ԲՀԿ ցուցակը, որը գլխավորում է Էդուարդ Բաբայանը, ստացել է ավելի քան 10400 քվե: Շոշափելի արդյունքներ են գրանցվել նաև մի քանի այլ համայնքներում: Մասնավորաբար, Աշոցքում ԲՀԿ-ն ստացել է 32 տոկոս քվե, իսկ Փամբակում՝ 28,5 տոկոս»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները յուրատեսակ քննություն էին հատկապես այն կուսակցությունների համար, որոնք ընտրական մեծ փորձ չունեն: Այդ քաղաքական ուժերից է նաև Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, որը ընտրություններին մասնակցում էր 5 համայնքում՝ Արտաշատ, Աշտարակ, Սպիտակ, Վանաձոր, Վայք: Նշված բոլոր համայնքներում կունենանք խմբակցություններ»,- Ֆեյսբուքի իր էջում երեկ գրառում էր կատարել կուսակցության մամուլի քարտուղարը։ Նման ցուցանիշն ինքնին համարվում է տպավորիչ, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերի 5-ի ընտրությունները «Հայրենիքի» համար փաստացի առաջինն էին՝ առանձին, ինքնուրույն մասնակցության տեսակետից: Հիշենք, որ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Վանեցյանի կուսակցությունը մասնակցում էր դաշինքով՝ ՀՀԿ-ի հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Արարատի շրջանում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, մասնակից 5 ուժերից ոչ մեկը 50+1 չի ստացել։ Ուստի քննարկվում է հնարավոր կոալիցիաների հարցը։ Ամենահավանականը ՔՊ-ի եւ Փաշինյանի դրածո Արսեն Հակոբյանի միանալն է, որն առաջադրվել է Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով։ ՔՊ-ն ստացել է 38.79 տոկոս, Հակոբյանը՝ 13.82։ Հակոբյանը հին ՀՀՇ-ական է, ապա ՀԱԿ-ից է առաջադրվել համայնքապետ։ Դեռ այդ ժամանակներից Փաշինյանի հետ մտերմացել է, Փաշինյանն անգամ որոշել է նրան Արարատի համայնքապետի ԺՊ նշանակել, սակայն մարզպետն առաջ է մղել իր խորհրդականի հորը՝ Ասլան Ավետիսյանին, որը նաեւ ՔՊ-ի թեկնածուն դարձավ։ Արսեն Հակոբյանն Արարատում հայտնի է «Բարի Արսեն» մականունով, որը նա վաստակել է տարիներ առաջ մարզում հայտնի օրենքով գող Չոմբեի հետ իրեն պատկանող բարում ունեցած միջադեպից հետո, որից հետո Հակոբյանը բանտում հայտնվեց։ Մյուս մասնակիցը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ, ստացել է 32,29% եւ կդառնա ընդդիմություն։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաեւ «Ապրելու երկիր» եւ «Կայունություն» կուսակցությունները, վերջինը՝ նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանի գլխավորությամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գավառում նախընտրական փուլը դրամատիկ էր՝ գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը մի քանի հովանավոր ուներ, մասնավորապես՝ ՔՊ պատգամավոր, ՄԱԿ նախկին նախագահ Գուրգեն Արսենյանը, որը երաշխավորել էր, որ իր նախկին կուսակցին՝ Գուրգեն Մարտիրոսյանին, ՔՊ ցուցակով կառաջադրեն։ Սակայն Գավառում «ասող» մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր՝ Հայկ Սարգսյանը (շիշ բռնող), նորատուսցի գողական Բանդուրյան եղբայրների հետ պայմանավորվածությամբ որոշում է, որ ՔՊ-ից պետք է ԱԺ նորաթուխ պատգամավոր, նորատուսցի Նարեկ Գրիգորյանին առաջադրի։ Նրան ընթերցողը կհիշի ԱԺ-ում զավեշտական ելույթներից, երբ «սեպտեմբերին» «սեկտեմբեր» էր ասում։ Շատերն են փորձել համոզել ՔՊ վերնախավին, որ սույն անձնավորությունն անցողիկ թեկնածու չէ, գումարած՝ սրանով Գուրգեն Արսենյանին են վիրավորում, անօգուտ՝ Սարգսյան-Բանդուրյաններ տանդեմը հաղթում է։ Գուրգեն Մարտիրոսյանին էլ համոզում են առաջադրվել «Գուրգեն Մարտիրոսյան դաշինքով», որի հիմքում ՔՈ կուսակցությունն է, խոստանալով, որ անցնելուց հետո իշխանական «դաբրոն» կունենա։ Արդյունքում Մարտիրոսյանը 52 տոկոս քվե ստացավ, իսկ Հայկ Սարգսյանի թեկնածուն՝ 40 տոկոս։ Փաստորեն, ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի ՏԻՄ ընտրությունների անակնկալ արդյունքներից մեկը Արմավիրի մարզի Փարաքար համայնքն էր, որտեղ ՔՊ-ն պարտություն կրեց։ Առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 48,94% ձայնով։ Ցուցակի առաջին համարը Վոլոդյա Գրիգորյանն է՝ Մերձավան համայնքի ներկայիս ղեկավար Լեւոն Գրիգորյանի որդին։ Գործող համայնքապետն առաջադրվել էր իր՝ «Դավիթ Մինասյան դաշինքով» եւ 23,51% է ստացել, իսկ ՔՊ-ն, որի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 27,54%։ Մեր տեղեկություններով, ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո իշխանությունը գործի է անցել՝ փորձում են Դավիթ Մինասյանի նկատմամբ ճնշումներ գործադրել, որպեսզի նա «Ապրելու երկրի» հետ կոալիցիա չկազմի։ Երեկվա դրությամբ ավագանի անցած քաղաքական ուժերը դեռ որոշում չէին կայացրել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով հետաքրքիր վիճակ է ստեղծվել Նոյեմբերյան խոշորացված համայնքում: Այստեղ առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 43,75 տոկոս ձայներով: Սակայն, ինչպես երևում է, իշխող ուժին չի հաջողվի համայնքապետ ունենալ: Բանն այն է, որ մյուս երկու ուժերը՝ «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները միասին կարող են ստանալ բացարձակ մեծամասնություն, քանի որ համապատասխանաբար ստացել են 29,55 և 26,67 տոկոս: «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում այս երկու քաղաքական ուժերի միջև կոալիցիա կազմելու և համայնքային իշխանություն ձևավորելու հարցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա 2-3 օրվա ընթացքում կհայտարարվի համագործակցության մասին, և Նոյեմբերյանում ևս ՔՊ-ն կվերադառնա իրեն հոգեհարազատ կարգավիճակին, այսինքն՝ կդառնա ընդդիմություն: Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր Կողբի նախկին համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակը՝ ձեռներեց, նախկինում բանկային համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Մհեր Աղամյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Ինչպես հայտնի է, Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը պարտվեց «նախկիններին»: Քվեարկության արդյունքներով, առաջատարն «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, որը, սակայն, չունի համայնքային իշխանություն վերցնելու համար անհրաժեշտ ձայներ՝ ստացել է ընտրողների 44,08%-ի քվեն, երկրորդ տեղում ՔՊ-ն է՝ 39,12%-ով, երրորդ տեղում՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16,78%։ Թվում է՝ իրավիճակը ոչ միայն բարդ է, այլեւ մեկ անհայտով հավասարում է, եւ ՔՊ-ն ու հաճախորդաց դասի ամենակարկառուն ներկայացուցիչը կոալիցիա կկազմեն, ու հարցը կփակվի։ Սակայն խնդիրն այն է, որ Արամ Սարգսյանի ցուցակը գլխավորող՝ «Գոջի» մականունով Գագիկ Հակոբյանն ինքն իրենով չի հավաքել այդ ձայները, դրա առյուծի բաժինը «Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանի շնորհքն է․ նա է ակտիվ աշխատել իր ընկերոջ՝ Արամ Սարգսյանի օգտին։ Բացի այդ, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն էլ է «տակից» աշխատել այս կուսակցության օգտին, քանի որ Գարիկին տանել չի կարողանում։ Սակայն Գագիկ Հակոբյանը, որը, ասում են, բավականին հավակնոտ երիտասարդ է, իր շրջապատում երդվել է, որ որեւէ ուժի չի միանալու։ Ավելին՝ պատմում են, որ նա պատերազմի նահատակների գերեզմանին էլ է նման երդում-խոստում տվել։ Եթե միավորում տեղի չունենա, ապա, ըստ օրենքի, պետք է հայտարարվի նոր ընտրություն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո մենք տեղեկացրել էինք, որ դեպրեսիվ ու ապատիկ տրամադրություններ են թե՛ շատ քպականների, թե՛, առավել ևս, ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում, ինչի արդյունքում նրանք սկսել են լքել ՔՊ-ի «նավը»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տրամադրություններն անասելի մեծ չափերի են հասել դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո: Բանն այն է, որ քպականները և քպամերձ շրջանակները հիանալի հասկանում են, որ իրենք այլևս չունեն, այսպես կոչված, «ժողովրդական աջակցությունը»: Նրանք քաջ գիտակցում են, որ բոլոր ընտրատարածքներում իրենք միջինը ստացել են ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների մոտ 19 տոկոսը: Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում հատկապես անհանգիստ են այն առումով, որ ահռելի վարչական ռեսուրսի կիրառումն անգամ չօգնեց, այսինքն՝ փաստացի, ՔՊ-ի ցուցակների քվեները առավելապես վարչական ռեսուրսինն են: Սա ինքնին նշանակում է, որ հատկապես ամռանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առավել ակտիվ շրջանառվող այն միֆը, թե Փաշինյանն ու իր թիմը դեռևս շարունակում են վայելել «ժողովրդի վստահությունը», կիրակի օրվա ընտրություններում վերջնականապես պայթեց: Մեր տեղեկություններով, քպականներին ու նրանց սատելիտներին լրջորեն մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսուհետ պարզապես չեն կարող իրենց քայլերն արդարացնելու համար հենվել այդ ձևակերպման վրա ու թաքնվել ժողովրդի թիկունքում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի եւ Սեմյոնովկա գյուղերի բնակիչների նախօրեին կազմակերպած բոյկոտը զուր էր։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ եղավ Ծովագյուղում եւ զրուցեց բնակիչների հետ. նրանց պատմելով՝ չեն ցանկանում, որ իրենց գյուղը միանա Սեւան համայնքին, բայց դեմ չեն, որ Ծովագյուղին միանա Սեմյոնովկա համայնքը։ Ու թեեւ ծովագյուղցիները վստահ են, որ ընտրություններին չմասնակցելով՝ հարցը լուծվել է, իրականում դա այդպես չէ։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց.


«Այդ բնակավայրերի տեղամասերից եկած թիվը՝ 0-ն, ուղղակի գումարվելու է մյուս տեղամասերում արձանագրված թվերին։ Դա ընթացակարգ է, խոշորացումը տեղի է ունեցել ավելի վաղ, այս ընտրություններով խոշորացում տեղի չի ունեցել։ Ընդունվել է օրենքը ավելի վաղ, տեղի է ունեցել համայնքների խոշորացում, որից հետո այդ համայքներում նշանակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են։ Երեկվա ընտրությունները որեւէ կապ չունեն համայնքների խոշորացման հետ, համայնքների խոշորացումն իրականացվում է օրենքով: Ծովագյուղը, Սեմյոնովկան Սեւանի կազմում են՝ անկախ այն բանից, որ երեկ բնակիչները չեն մասնակցել քվեարկությանը»։ Այսպիսով, թեեւ ծովագյուղցիների բոյկոտը ստացված էր, եւ միասնականությունը նախանձելի էր դրսեւորված, բայց արդեն անիմաստ էր, քանի որ Ծովագյուղը խոշորացվել է: Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը դեռեւս սեպտեմբերի 8-ին հավանություն էր տվել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Սեպտեմբերի 24-ի ԱԺ-ի արտահերթ նիստում նախագիծը օրենքի ուժ ստացավ, եւ բոլոր 37 ձեւավորվող համայնքներում, անգամ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չավարտված, տեղի ունեցան ավագանու ընտրություններ՝ կուսակցական ցուցակներով»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշանակումից հետո պարբերաբար իր մոտ է կանչում ՊՆ տարբեր վարչությունների աշխատակիցների եւ անձամբ է ծանոթանում նրանց գործառույթներին: Հանդիպումների արդյունքում ՊՆ ղեկավար կազմում որոշակի վերլուծություններ են արվել, որ կադրային փոփոխությունները պետք է սկսվեն վարչությունների աշխատակիցների փոփոխություններով, որպեսզի բացառեն նախարարությունում ձևավորված «ավանդույթները»: Բանն այն է, որ նորանշանակ նախարարին հասկացրել են, որ նախարարության վարչությունների աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցում աշխատանք կատարելու պատասխանատվությունը, և շատ դեպքերում գործն առաջ չի գնում: Նման դեպքերը բացառելու համար ՊՆ որոշ վարչություններում շուտով համատարած ազատումներ կլինեն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ցուցմունք է տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ երբ ԱԱԾ-ում նրան կոնկրետ հարցեր են տրվել ԶՈՒ ռազմամթերքի մատակարարման մասին, Ստեփան Գալստյանը հայտնել է, որ գնման գործընթացից ինքը տեղյակ չի եղել ու որեւէ բան չի իմացել, ուստի չէր էլ կարող առնչություն ունենալ: Մանրամասն տեղեկություններ, թե ինչ է պատմել Գալստյանը իրավապահներին, նախաքննությանը չվնասելու համար առայժմ չենք հրապարակում։ Նշենք, որ Ստեփան Գալստյանը մինչ օրս ցուցմունք չէր տալիս, սակայն ներկայումս արդեն իրավապահներին հայտնել է, ինչ իմացել է: Նախաքննական մարմինը սպասում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ցուցմունքին. նա մինչ օրս ցուցմունք չի տվել: Ի դեպ, Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում» վատացել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս պաշտպան Օնիկ Առաքելյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց եւ վիրահատեն, սակայն ՊՈԱԿ-ը որեւէ քայլ դեռ չի իրականացրել: Նշենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։ Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020-ի մարտի 1-ից մինչեւ 2021-ի հոկտեմբեր (ավելի քան տարիուկես) ընկած ճամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը միջազգային ամենատարբեր կառույցներից ու պետություններից կորոնավիրուսի հաղթահարման համար օգնություններ ու օժանդակություններ է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթն Առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե նշյալ ժամանակահատվածում նախարարությանն ու ՀՀ-ին դրսից ինչ միջոցներ ու օժանդակություններ են ուղարկվել:  Ի պատասխան մեր հարցմանը՝ ԱՆ-ն մեզ մի քանի ենթաբաժիններից կազմված փաստաթուղթ էր ուղարկել, ըստ որի՝ ավելի քան մեկուկես տարվա կտրվածքով ՀՀ-ն դրսից 11 մլն 386 հազար դոլար գումար է ստացել: Թեեւ այս գումարներից վարակի կանխարգելման ու բուժման համար միջոցներ են ձեռք բերվել, բայց, այդ գումարներից զատ, նաեւ նյութական (սարքավորումներ, դիմակներ, ձեռնոցներ եւ այլն) օժանդակություններ են եկել: Համավարակի օրերին Հայաստանին ձեռք են մեկնել Չինաստանը, Կատարը, Նիդերլանդները, Եվրամիությունը, Ասիական զարգացման բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Գերմանիան, Կանադան, Կորեան, ՄԱԿ-ն ու այլ կառույցներ եւ պետություններ:


Ու թեեւ ինչքան էլ միջազգային կառույցներն ու պետություններն ամենատարբեր տեսակի օժանդակություններով սատար են կանգնել մեր երկրին, այնուամենայնիվ, կորոնավիրուսով վարակված ոչ բոլոր քաղաքացիների բուժումն է անվճար իրականացվում: Հանուն արդարության փաստենք, որ բժշկական կենտրոնների՝ կորոնավիրուսային հիվանդությունը բուժելու համար առանձնացված վերակենդանացման կամ ստացիոնար բաժանմունքներում քաղաքացիներին ըստ պատճաշի բուժօգնություն է տրամադրվում, մասնագետ բժիշկներն անում են հնարավոր ամեն բան։ Պատկերն այլ է, սակայն, երբ քաղաքացին վարակի դեմը տան պայմաններում է առնում: Այս դեպքում անհատն ինքն է հոգում թե՛ հետազոտությունների, թե՛ բժիշկներին վճարելու, թե՛ դեղորայք ձեռք բերելու ծախսերը: Ստացվում է՝ դոնոր կազմակերպություններն ու երկրները հնարավոր ամեն ինչով՝ դիմակից ու ձեռնոցից մինչեւ արհեստական շնչառության սարքեր, օժանդակում են, բայց վիրուսի դեմ ոչ հիվանդանոցային պայմաններում պայքարող քաղաքացիների համար հասու չէ դրսից եկած օգնությունը: ՀՀ քաղաքացին, եթե հիվանդանոցում ստացիոնար չի բուժվում, ապա ստիպված է կորոնավարակի բոլոր ծախսերն անձամբ հոգալ, ընդ որում՝ էժան չէ Քովիդ19-ից բուժումը՝ հետազոտումից մինչեւ դեղորայք»: