23.11.2024
Դավիթ Տոնոյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է տրվել, հարուցվել է քրգործ. hraparak
prev Նախորդ նորություն

Արցախի ներգրավումը բանակցություններին օբյեկտիվ անհրաժեշտություն է. Փաշինյան

Այս համատեղ նիստի ընթացքում կարևոր եմ համարում մի քանի դիտարկումներ կատարել հարցերի երեք խմբի առնչությամբ, որոնք ես պայմանականորեն կսահմանեի որպես բանակցային գործընթացին Արցախի մասնակցության, բանակցությունների բովանդակային հատվածի հանդեպ մեր մոտեցումների և խաղաղ գործընթացի միջավայրի հարցեր: Այս մասին Երևանում ընթացող Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:ի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Անցած տարվա դեկտեմբերի 23-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ կարևորեցի Արցախում անցկացվելիք համապետական ընտրությունները: Արցախում կայացած ընտրությունները հետապնդում էին երեք առաջնահերթ նպատակ: Առաջին՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին մարդու իրավունքների իրացմամբ ընտրել այն իշխանություններին, որոնք կկազմակերպեն երկրի քաղաքական և հասարակական կյանքը: Երկրորդ՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին ընտրել այն իշխանություններին, որոնք պետք է ապահովեն իր անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունն իհարկե կշարունակի աջակցել Արցախի իշխանություններին Արցախի բնակչությանը պաշտպանելու իրենց հանձնառության մեջ՝ շարունակելով լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Երրորդ՝ Արցախի ժողովուրդը նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է մանդատ տար իր իշխանություններին՝ ներկայացնելու Արցախը նաև բանակցային սեղանին:


Այժմ, երբ ընտրություններն ավարտվել են, իսկ իշխանությունները ձևավորվել, պետք է փաստել, որ այս երեք նպատակները լավագույնս կատարվել են: Մրցակցայկին և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Արցախն ունի իշխանություն, որն արտահայտում է քաղաքական բարեփոխումների, տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման արցախցիների ձգտումները: Ընտրությունների և դրանց հետևած իշխանությունների կազմավորման արդյունքում Արցախում տեղի ունեցավ քաղաքական ուժերի համերաշխության և համախմբման կարևորագույն գործընթաց, ինչը վստահ եմ, առավել ամրապնդեց Արցախի անվտանգությունը:


Վերջապես, ընտրություններն ընդգծեցին Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, որ առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ են կարևորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման և իրացման կարողություն և այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է:


Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձկձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը: Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ առանցաքային մի շարք հարցերում և եթե անկեղծ լինենք, ապա շատ ավելի հեշտ է ասել որ հարցերում համաձայն չենք Ադրբեջանի հետ, քան որ հարցերում կարող ենք համաձայնության հասնել: Նման իրավիճակն առերևույթ ունի բազմաթիվ պատճառներ, բայց եթե մի պահ փորձենք դրանք ընդհանրացնել, ապա ակնհայտ է դառնում, որ մենք բախվում ենք երկու հիմնական խնդրի:


Առաջին խնդիրն արդեն նշեցի, այն վերաբերվում է Արցախի իշխանությունների հետ բանակցելու Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դժկամության հետ: Ինչո՞ւ եմ շեշտում ներկայիս, որովհետև այս դահլիճում կան մարդիկ, որոնք ոչ միայն բանակցել, այլև փաստաթղթեր են ստորագրել Ադրբեջանի նախկին, ավելի ճիշտ այն ժամանակվա իշխանությունների հետ, ընդ որում նաև Հեյդար Ալիևի նախագահության շրջանում:


Երկրորդ՝ Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից և դիտարկում է խաղաղ գործընթացը որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այսինքն, ոչ թե փոխզիջման հասնելու միջոց, այլ իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այդպես չի լինում և չի լինելու, բանակցային գործընթացը մեկ կամ երկու ընդմիջում ունեցող պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն և համապարփակ լուծումներ:


Հենց այդ պատրաստակամությունն ի նկատի ունենալով՝ ես առաջ էի քաշել այն բանաձևը, որի համաձայն՝ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունն ընդունելու առաջարկ: Կրկնում եմ՝ հնարավորությունն ընդունելու առաջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռևս հեռու է ձևավորված լինելուց իմ նշած պատճառներով:


Չընդունելով իմ առաջարկը՝ Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն: Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտեցումներով ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես, երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով:


Ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը հստակ արձանագրեց և դատապարտեց Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցանքների խրախուսումը: Այս դատավճիռը պետք է սահմանի հստակ կարմիր գծեր Ադրբեջանի համար՝ ցույց տալով, որ այդ կարմիր գծերից անդին կանգնած է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլև միջազգային հանրությունը:


Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը սիրում է անդրադառնալ պատմությանը, ես նույնպես կցանկանայի ձևակերպել իմ միտքը որոշակի պատմական օրինաչափության մատնանշմամբ: Իր պատմության ողջ ընթացքում, այսինքն՝ վերջին 100 տարում, Ադրբեջանը ենթարկվել է 2 մեծ փորձությունների՝ 1920 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը կորցրեց իր՝ 2 տարի առաջ ձեռք բերած պետականությունը, և 1993 թվականի հունիսին, երբ Ադրբեջանը վերստին մոտեցել էր 2 տարի առաջ ձեռք բերված պետականության կորստի եզրագծին, ինչի մասին մեզ այսօր հիշեցնում է ադրբեջանցիների ազգային փրկության օրվա գոյությունը, որի հերթական տարեդարձը, ի դեպ, նշվեց օրեր առաջ:


Ադրբեջանի պետականության համար այս 2 փորձությունները պայմանավորված էին թե՛ 1920, և թե՛ 1991 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմով: Պարզ է, որ թե՛ 1920, և թե՛ 1990-ականների սկզբին Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները և թերագնահատել պատերազմի կործանարար հետևանքները: Ես հեռու եմ այն մտքից, որ ինչ վատ է Ադրբեջանին, լավ է Հայաստանին և Արցախին: 1920 թվականին Ադրբեջանի պետականության կորուստը մեզ՝ հայերիս, ոչինչ չտվեց: Եվ առավել կարևոր է, որ 1994 թվականին մենք՝ Հայաստանը և Արցախը, կարողացանք Ադրբեջանի հետ մեկտեղ հրադադար հաստատել և վերջ տալ պատերազմին և կայունացնել իրավիճակը տարածաշրջանում:


Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում: Սա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին: Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա: Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով:


Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «արևմտյան ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում:


Բայց ես ուզում եմ հենց այս իմաստով ընդգծել, որ մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների:


Առավել ևս այժմ, երբ մեր հասարակությունները պայքարում են գլոբալ մարտահրավերի՝ նոր կորոնավիրուսի համավարակի դեմ, մենք պետք է զերծ մնանք և կոչ անենք՝ զերծ մնալ թշնամական գործողությունների քարոզից: Ուզենք, թե չուզենք՝ պատմությունը և աշխարհագրությունը մեզ դարձրել են հարևաններ, և մենք պետք է ելնենք այն պարզ ճշմարտությունից, որ մեր ժողովուրդներն իրավահավասար են, չեն կարող լինել մեկը մյուսի տիրապետության ներքո և պետք է տնօրինեն իրենց ճակատագիրն իրենց կամքի, ինքնորոշման իրավունքի համաձայն: Այս իրավահավասարության ընդունումը մեծապես կնպաստի մեր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը և մեր տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման հուսալի հիմքեր կդնի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: