Թուրքիայի համար Վրաստանն ունի ռազմավարական նշանակություն, ինչը պայմանավորված է այդ երկրի աշխարհագրական դիրքով ու Կովկասյան տարածաշրջանում ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակով:
Թուրքիայի համար Վրաստանը լոգիստիկ առանցքային միջանցք է դեպի դաշնակից Ադրբեջան ու էներգակիրներով հարուստ թյուրքախոս Կենտրոնական Ասիա, իսկ պանթուրքիզմն ու պանթուրանիզմն այսօրվա թուրքական իշխանությունների առաջնահերթություններից են:
Անկարան օգտագործեց ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված վակուումը տարածաշրջանում, երբ Մոսկվան հեռացավ նախկին խորհրդային երկրներից և Անկարան սկսեց իրականացնել էներգետիկ-տրանսպորտային բազմաթիվ նախագծեր՝ շրջանցելով ՌԴ-ին ու փորձելով ձևավորվել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքը ՀՀ-ին մեկուսացնելու համար:
Թուրքիան Վրաստանում բացի խոշոր տնտեսական նախագծերից փորձում է ունենալ նաև սեփական soft power-ը՝ Թբիլիսիի վրա ազդելու և այդ երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության գոտում պահելու նպատակով:
Վրաստանում բնակվում են բազմաթիվ մահմեդականներ՝ Աջարիայում, Պանկիսիի կիրճում, Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում: Այդ մահմեդականների, այդ թվում կես միլիոն թյուրքախոս ադրբեջանցիների վրա ազդեցությունը՝ մզկիթների կառուցում, հոգևորական կադրերի պատրաստում Թուրքիայում և այլն, Անկարայի փափուկ ուժն է Վրաստանում, որը ցանկացած պահի կարող է դառնալ նաև hard power:
Բացի այդ, Թուրքիան օգտագործում է այն հանգամանքը, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին և տարբեր համատեղ ծրագրեր և զորավարժություններ է անցկանցում վրացիների հետ՝ այդ կերպ հանդիսանալով ՆԱՏՕ-ի «դեսպանը» Վրաստանում:
Թուրք-ադրբեջանական տանդեմը միլիոնավոր դոլարների ներդրումներ է իրականացնում Վրաստանում՝ այդ կերպ ստեղծելով նաև տնտեսական լծակներ Վրաստանի նկատմամբ:
Ինչպես կարող է հակազդել Վրաստանն Անկարա-Բաքու տանդեմի տոտալ ազդեցությանը:
Վրաստանը կարող է, չնայած աբխազական և հարավօսական խնդիրներին, սկսել ավելի սերտ տնտեսական կապեր հաստատել ՌԴ-ի հետ՝ այդ կերպ ռուսական կապիտալը կկարողանա բալանսավորել թուրքական կապիտալին Վրաստանում: ՌԴ-ի հետ ավելի ակտիվ առևտրային կապերը կարող են վրացական բիզնեսի համար այլընտրանք դառնալ թուրքական շուկային ու ապրանքներին: Հակառուսական դիրքորոշումը Վրաստանին տանելու է ավելի մեծ կախվածության թուրք-ադրբեջանական տանդեմից, որն էլ ի վերջո կարող է գեոպոլիտիկ իրավիճակի փոփոխության դեմքում առաջացնել նոր սեպարատիստական շարժումներ արդեն Աջարիայում ու ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում:
Բացի այդ, Վրաստանը կարող է սերտացնել տնտեսական, լոգիստիկ կապերը Հայաստանի հետ թե՛ որպես հարևանի, թե՛ որպես ԵԱՏՄ-ի անդամ երկիր ու ՀՀ-ի միջոցով դուրս գալ նաև իրանական շուկա: Վրաստանը պետք է բալանսավորի ամեն օր խորացող կախվածությունն Անկարա-Բաքու տանդեմից:
Երկրի ներսում վրացական իշխանությունները պետք է հենվեն նաև հայ համայնքի վրա՝ նրանց ավելի մեծ աջակցություն ցուցաբերելով այդ թվում Աջարիայում, Ջավախքում, Քվեմո-Քարթլիում, Թբիլիսիում, որպես թյուրքական էքսպանսիային դիմադրող կարևորագույն բաղադրիչ: