27.11.2024
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Օմարի լեռնանցքում
prev Նախորդ նորություն

Ամերկացի վերլուծաբանը փորձում է ՀՀ-ին համոզել հետ կանգնել Իրանի հետ համագործակցությունից

Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արեւմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է ճնշումը Թեհրանի վրա, Հայաստանին որեւէ օգուտ չի բերի:


«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Մերձավոր Արեւելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշեւսկայան: Նրա խոսքով, եթե նախկինում Միացյալ Նահանգները հաճախ աչք էր փակում այն փաստի վրա, որ Երեւանը չնայած Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների, շարունակում է համագործակցել Թեհրանի հետ, ապա նախագահ Թրամփի Սպիտակ տունն այս հարցում անզիջելի է.


«Երբ Ջոն Բոլթոնը Հայաստան էր այցելել, նա որոշակի կտրուկ հայտարարություններ արեց, որոնք ազդանշում էին փոփոխություն քաղաքականության մեջ: Նա միանշանակ խոսել է այս հարցում ոչ այդքան հանդուրժող լինելու վերաբերյալ: Չմոռանանք, Իրանը ապակայունացնում է տարածաշրջանը, աջակցում ահաբեկչությանը: Միաժամանակ, Բոլթոնը նշել է, որ փոխարենը Հայաստանին Միացյալ Նահանգները պատրաստ կլինի զենք վաճառել»:


Անդրադառնալով Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ սրացող հակասություններին, Բորշեւսկայան ընդգծել է, որ այնուամենայնիվ բացահայտ պատերազմ չի կանխատեսում.


«Իրանն այսօր փորձարկում է Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի նյարդերը: Չեմ կարծում սակայն, որ Թրամփի վարչակազմը պատերազմ է ակնկալում: Բոլոր քայլերը վկայում են, որ Թրամփը նոր գործարքի է նախապատրաստվում»:


Այս շաբաթ հայտնի դարձավ, որ իրանական նավթակիրը հեռացավ Ջիբրալթարից այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները հրաժարվեցին բավարարել ԱՄՆ-ի իշխանությունների հարցումը՝ նավթակիրի առգրավման վերաբերյալ:


Թեհրանը հայտարարել է, որ պատրաստվում է ռազմանավեր ուղարկել, որպեսզի ուղեկցի իր նավթակիրը, որն ավելի քան 2 միլիոն բարել նավթ է տեղափոխում, 130 միլիոն դոլար արժողությամբ: Թեհրանում սակայն խուսափում են բացահայտել, թե որտեղ է ուղեւորվելու նավթակիրը: Ավելի վաղ նավթակիրը ձերբակալվել էր, քանի որ Ջիբրալթարի իշխանությունները հավատացած էին, որ այն նախապատրաստվում է նավթն առաքել Սիրիա, որն արգելված է Եվրամիության պատժամիջոցներով: Սակայն, նավթակիրն ազատեցին՝ Թեհրանից գրավոր հավաստիացում ստանալուց հետո, որտեղ իրանական կողմը երախավորում էր, որ նավթակիրը Սիրիա չի ուղեւորվելու:


Հատկանշական է, որ Հյաստանի մասին խոսելիս, փորձագետը հաշվի չի առնում Հայաստանի ու Իրանի միջեւ առեւտրատնտեսական կապերն ու Իրանի նշանակությունը ՀՀ-ի համար տարածաշարջանային աշխարհաքաղաքականության հարցերում: Հայասատան-Իրան առեւտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով հասնում է շուրջ 300-350 մլն դոլարի: Հայաստանն ու Իրանը գազ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային մեխանիզմով առեւտուր են իրականացնում: Բացի այդ Իրանն ու ԵԱՏՄ-ն, որի մասն է նաեւ Հայաստանը կնքել են ազատ առեւտրի մասին պայմանագիր, որը նախատեսում է Հայաստանի հետ Իրանի առեւտրաշրջանառության ակտիվացում:


Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Իրանի հետ հարաբերությունների կարեւորության մասին, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում վերջերս կայացած հանդիպման ժամանակ ուղիղ կերպով հայտարարեց. «Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»:


Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կարևորել է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայասատանի չորս սահմաններից երկուսը փակ է: Նրա խոսքով՝ հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ բարեկամ մեկ այլ երկրի:


Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և այդ առումով չի տեսնում խոչընդոտներ։