ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է միջուկային գործարքի խախտման համար
ԱՄՆ-ը հայտարարում է, որ Իրանը խախտում է միջուկային գործարքը, որը Վաշինգտոնը լքեց մեկ տարի առաջ:
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստին իր հայտարարության մեջ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Թեհրանի կողմից ուրանի հարստացման արագացումը Վաշինգտոնին չի ստիպի հրաժարվել Իրանը մեկուսացնելու իր քաղաքականությունից:
ԱՄՆ դեսպան Ջեկի Ուոլկոտի խոսքով՝ Իրանը հայտարարում է, որ շարունակում է հետեւել միջուկային համաձայնագրին, սակայն այժմ պարզվում է, որ Իրանը խախտում է համաձայնագիրը:
«Դա պետք է լուրջ մտահոգություն առաջացնի բոլորիս մոտ: ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում անհապաղ վերադառնալ համաձայնագրի պահպանմանը: Մենք համաձայնագրի մյուս մասնակիցներին կոչ ենք անում անհապաղ լուծել այդ խնդիրը»,- ասել է նա՝ կոչ անելով մյուս կողմերին միջոցներ ձեռնարկել:
Ուոլկոտը նաեւ հիշեցրել է, որ Վաշինգտոնը նախկինի պես բաց է Թեհրանի հետ բանակցությունների համար, որոնք ուղղված են «համապարփակ գործարքին» եւ տարածաշրջանում «ապակայունացնող պահվածքի» դադարեցմանը: