VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն է հղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այլ կերպ, քան խոշոր սեփականատեր պատգամավորին ուղղված դեղին քարտ գնահատելը բավական դժվար է: ԱԺ նախագահի գրության առիթը վերջին օրերին ծավալված քննարկումներ ն են Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեության եւ պատգամավորության հակասահմանադրական համատեղման խնդրի շուրջ: Քննարկումները սկսեցին ցեմենտի շուրջ հայտնի օրինագծի քննարկումից, որի արդյունքում էլ Գագիկ Ծառուկյանի եւ նրա կուսակիցների արած մի շարք հայտարարություններ ՔՈ կուսակցությանը հիմք էին տվել դիմել ԱԺ նախագահին Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հայտարարել է, որ հարցն ուղղարկվել է ՀՔԾ, քանի որ կա քրեական հանցակազմի տարր: Դրան էլ, փաստորեն, ավելի ուշ հաջորդում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությունը ԲՀԿ նախագահին: Այդպիսով ակնառու է, որ կառավարող ուժը ԲՀԿ նախագահի առաջ հարցը դնում է զգալիորեն ուղիղ՝ առայժմ, իհարկե, հորդորով, որ նա հանրությանը ներկայացնի ձեռարկատիրությամբ զբաղվելու հիմնավոր կասկածները հիմնավորապես հերքող փաստարկներ եւ տեղեկություններ: Միեւնույն ժամանակ, հանգամանքը, որ գործը նաեւ ՀՔԾ-ում է, վկայում է, որ Գագիկ Ծառուկյանին հուշում են, որ տեղի ունեցողն ամենեւին կատակ չէ:
Ի դեպ, այս դեղին քարտը կամ խնդրի գործնականում գերհասունացումը հատկապես հետաքրքիր է «կատակասեր» Մեդվեդեւի այցին նախորդելու հանգամանքով, եթե նկատի ունենանք այն, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի քաղաքական դաշտում դիրքավորման, տեղի եւ դերի հարցում փաստացի անթաքույց է հայցել ու հայցում եվրասիական աջակցություն՝ ներկայանալով որպես Հայաստանում եվրասիականության հուսալի հենարան: Ահա այս համատեքստում, նրան ցույց տրված դեղին քարտը խորհրդանշականորեն հաջորդում է ԵՏՄ նիստին ու Մեվեդեւի այցին, որն ավարտվեց անսպասելի կատակային աղմուկով: Մինչ այդ, Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել էր, որ իր մանդատի սահմանադրականության առնչությամբ հարցադրումների «տակը բան չկա», այսինքն՝ մեղադրանքները կամ կասկածներն անհիմն են: Սակայն իշխանության արձագանքի շարունակությունը վկայում է, որ կառավարող ուժը այդ հարցում տրամադրված է բավականին լուրջ: Իսկ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ոչ միայն երեկ եւ այսօր, այլ ըստ էության տարիներ շարունակ՝ առնվազն ԲՀԿ գործունեության տասնամյակում են դրսեւորվել հանրության առաջ, Գագիկ Ծառուկյանի ապացուցելու հավանականությունը թերեւս մոտ է զրոյին, իսկ հակառակ դեպքում նոր իշխանությունը կունենա հանրությանն ապացուցելու բաներ՝ այդ հարցում նախորդ իշխանությունից տարբերվելու առումով: Ի վերջո, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումը նոր Հայաստանի կերտման համար ֆունդամենտալ խնդիր է, եւ դա ամենեւին Գագիկ Ծառուկյանի հարցը չէ, սակայն միեւնույն ժամանակ, ԲՀԿ նախագահի առաջ էլ խնդիրն այն է, որ հարցը չդառնա հենց ինքը: Այդ իմաստով, Ծառուկյանը կանգնած է պատմական ճամփաբաժանի եւ ընտրության առաջ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն կարող է գնալ իշխանությունների հետ կոշտ դիմակայության: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք թույլ չեն տալու, որ իշխանությունը իրենց կուլ տա: «Իշխանությունը հասկանում է, որ ինքը տապալվել է որպես իշխանություն, որ իրենց այդպես էլ չի հաջողվում երկրում քիչ թե շատ դրական տեղաշարժ իրականացնել, եւ հիմա որոշել են, որ դրա մեղքը պետք է բարդեն ԲՀԿ-ի վրա: Մի քանի ամիս առաջ իրենց անհաջողությունների մեղավորը ՀՀԿ-ն էր, հիմա՝ ԲՀԿ-ն, հետո ում են գտնելու»,- ասաց մեր աղբյուրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ է տեղի ունենալու «Քաղպայմանագիր» կուսակցության համագումարը, կարծես խնդիրնե՞ր են առաջացել։ «Չէ, ոչ մի խնդիր. կուսակցականներս ամեն օր, աշխատանքից հետո գնում ենք գրասենյակ` նախապատրաստելու կուսակցության ապագա ֆորմատը, համագումարը։ Կանոնադրությունն է մշակվում, Լենա Նազարյանն աշխատում է քաղաքական գծի ու կոնցեպտուալ հարցերի վրա, Վահագն Հովակիմյանը` կառուցվածքի, մարզային կառույցներն են ձեւավորվում, թարմացվում, ամեն ինչ զրոյից կազմավորվում է»: Մայիսին, երեւի, Սասուն Միքայելյանը հրաժարական կտա, եւ կուսխորհուրդը ժամանակավոր կղեկավարի Սուրեն Պապիկյանը, մինչեւ նախնականով հունիսի 15-ին նշանակված համագումարը կայանա: Նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի թեկնածությունը քննարկվո՞ւմ է։ «Հարցն օրակարգում է»:
«Փաստ» թերթը գրում է. «Բավականին ինտրիգային եւ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մարզերում. գործող իշխանություններն ամբողջությամբ կիրառում են հանրապետականների հին, փորձված մեթոդները։ Թերթի խմբագրություն դիմած քաղաքացիները պատմել են մի քանի դեպքերի մասին, որոնք հուշում են, որ «բարի» ավանդույթները ներհայաստանյան կյանքում շարունակվում են։ Այսպես, ՀՀ մի շարք բնակավայրերում ՔՊ-ի տեղական ներկայացուցիչները՝ համակարգողները, ինտենսիվ անդամագրումներ են կատարում, նաեւ «թարմացնում» կադրերի ներմարզային ռեսուրսային բանկը։ Բացի նրանից, որ դիմողներն էլ են շատ, մարզպետներին հրահանգված է այնպիսի անդամագրումներ անել, որ կարողանան հստակ քանակով «մարտական կազմ» ունենալ, որպեսզի հնարավոր զանգվածային միջոցառումների ժամանակ կարելի լինի մարդկանց քանակ ապահովել. խոսքը վերաբերում է նաեւ մայրաքաղաքում հնարավոր միջոցառումներին։ Խմբագրություն զանգահարած քաղաքացիների «աշխարհագրությունից» պարզ է դառնում, որ այս գործում բավական «ակտիվ» են հատկապես Լոռու եւ Տավուշի մարզերը»:
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից: Ուշագրավ է, որ Մարտիրոսյանին իր պաշտոնում նշանակել էր Կարեն Կարապետյանը՝ իր պաշտոնավարման (վարչապետի պաշտոնակատար) մայրամուտին՝ 2018 թվականի ապրիլի 27-ին: Թե ինչու էր վերջին պահին Կարապետյանը նման հապճեպ նշանակում կատարել եւ ինչու Փաշինյանը որոշեց հենց ուղիղ մեկ տարի անց ազատվել ոչքայլական հերթական պաշտոնյայից, կարելի է ենթադրել, բայց փաստն այն է, որ վարչապետն առավել մերձավոր պաշտոնյաներով իրեն շրջապատելու փնտրտուքի մեջ է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Վերջինս նման քայլի է դիմել քաղաքապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Քաղաքապետարանի գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը խնդիրներ ունեն քաղաքապետ Մարությանի հետ: Մեր տեղեկություններով՝ հաջորդ դիմումատուն լինելու է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը»:
«Իրատես» թերթը գրում է. «Ի պաշտպանություն Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման՝ ՀՅԴ-ն Արցախում ստորագրահավաք կնախաձեռնի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ կուսակցությունը մայիսի 7-ին նախատեսում է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» թեմայով ֆորում հրավիրել. «Որպեսզի վարչապետն ամեն անգամ ստիպված չլինի ասել` ես չեմ ընտրվել Արցախի բնակչության քվեով, հետեւաբար իրավասու չեմ բանակցելու, դրա համար էլ առաջարկում ենք այս մոդելը: Բացի այդ, Հայաստանը հայտարարում է` Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց չի ասվում՝ իրավական ի՞նչ հիմքի վրա»: Նա նաեւ ընդգծեց, որ թեեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, հնարավոր է, դժգոհ լինեն Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրից, բայց այն Ադրբեջանի համար դեղին քարտ կլինի. «Այնպես չէ, որ հաջորդ օրը երկրները հերթ կկանգնեն՝ ճանաչելու համար Արցախի անկախությունը, բայց դա կհեշտացնի միջազգային ճանաչման գործընթացն ու ճանապարհ կբացվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության համար»:
«Իրատես» թերթը գրում է. «Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն օրերս հայտարարեց քաղաքական ակումբ ստեղծելու մասին՝ նշելով, որ այդ գաղափարը վաղուց ուներ։ Սա կարելի էր հասկանալ, եթե տարիներ շարունակ նա չղեկավարեր Հանրային խորհուրդը, որը հենց տարաբնույթ քննարկումների հարթակ պիտի լիներ։ Փաստորեն, այս քայլով Վազգեն Մանուկյանը նաեւ 2009-ից ՀԽ-ի իր ղեկավարման տարիների անպտուղ աշխատանքի գնահատականն է տալիս, փորձելով թաքցնել այն իրական նպատակը, որի համար ստեղծել են այդ ակումբը։ Մանուկյանը քաղաքական նոր հայտ է ներկայացնում։ Ստանալով ՀՀ եւ՛ երկրորդ, եւ՛ երրորդ նախագահների թիմակիցների հավանությունը՝ նա կրկին վարչապետ դառնալու ճանապարհն է բռնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ցանկանում է նոր բեւեռ ստեղծել, որը քաղաքական պատեհ առիթի դեպքում կլինի կիզակետում։ Սակայն Մանուկյանը միակը չէ, որ վարչապետ դառնալու ցանկություն ունի եւ ծանրակշիռ մրցակիցների պակաս հաստատ չի ունենալու։ Բայց այդ մասին՝ առաջիկայում»:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքները: ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Մարտի 1»-ի գործով ընդարձակ ցուցմունք է տվել, ուշագրավ բաներ պատմել, սակայն դրանք որեւէ առնչություն չունեն մարտյան իրադարձությունների հետ: Օրինակ՝ քննիչը հարց է տվել. «Երբեւէ Սիլվա Համբարձումյանի հետ գործարք կնքել եք, թե ոչ, նրանից գումար ստացել եք, թե ոչ. եթե այո, ապա ի՞նչ գործարք եք կնքել, որքա՞ն գումար եք ստացել, ե՞րբ եւ ի՞նչ նպատակով»:
Պատասխան. Սիլվա Համբարձումյանի հետ երբեւէ գործարքի մեջ չեմ մտել, նրա հետ երբեւէ որեւէ գործարք չեմ կնքել: Իսկ ինչ վերաբերում է Սիլվայից գումար ստանալուն, ապա հիշում եմ նման մեկ դեպք, որ եղել է իր իսկ խնդրանքով: Իմ հիշելով՝ 2008 թվականի կոնկրետ ժամանակահատվածը չեմ հիշում, բայց միանշանակ արդեն թողել էի նախարարի պաշտոնը: Այդ ժամանակ իմ սիրիահայ Հալեպ քաղաքի ծանոթներից մեկը ոսկյա զարդեր ուներ, որոնք ցանկանում էր վաճառել, իսկ Սիլվան էլ ցանկանում էր այդ զարդերը գնել: Զարդերն այդ ժամանակ գտնվել են Երեւանում: Իմ առնչությունը եղել է դրանում, որ նշածս սիրիահայը ինձ խնդրել էր, որ իմ միջոցով լինի զարդերի գումարի փոխանցումը: Դրա համար ես զանգել եմ Սիլվային, եւ նա զարդերի գումարը՝ 40 հազար ԱՍՆ դոլար, փոխանցել է իմ՝ Բելգիայում գտնվող հաշվեհամարին, որից հետո ես այդ գումարը կանխիկացրել եմ եւ տվել եմ սիրիահային: Սիրիահայի անունը չեմ հիշում:
Հարց. Քննության ընթացքում պարզվել է, որ Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի դրությամբ Ձեր անվամբ փոխանցել է գումարներ, մասնավորապես՝ 2008 թվականի հուլիսի 2-ին՝ 10 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 29-ին՝ 40 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 31-ին՝ 50 հազար դոլար եւ 2008 թվականի օգոստոսի 7-ին՝ 50 հազար դոլար: Ասացեք, թե նշված ընդհանուր 150 հազար դոլարն ինչո՞ւ է փոխանցվել Ձեր հաշվեհամարին, եթե ոչ նշված գործարքում Ձեր դեկարատարության համար:
Պատասխան. Անկեղծորեն չեմ հիշում: Բայց նաեւ ասեմ, որ ինչպես արդեն վերեւում նշել եմ, փոխանցումներից 40 հազար ԱՄՆ դոլարը Սիլվան ինձ փոխանցել է վերեւում նշված ոսկեղենի գումարը, ուստի անորոշությունն իմ կողմից վերաբերում է 110 հազար ԱՄՆ դոլար գումարին»: