Ազգային ժողովում ընդունված «գիշերային օրենքը», որով էականորեն բարդացվում է ԱԺ-ն ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու կառավարության ջանքերի կյանքի կոչման գործընթացը, դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է հայտնի փաստաբան Վահեր Գրիգորյանը։
Այս ժամկետի ընթացքում, նրա խոսքով, Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն՝ հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով:
Այսօր արդեն մամուլը հայտնել էր, որ նախարագը չի պատրաստվում ստորագրել նախօրեի աղմկահարույց օրինագիծը։ Նա նեղ միջավայրում այն «հետքայլ» է անվանել և պատրաստվում է օգտվել օրենքով սահմանված 21 օրվա ժամկետից ու այն ուղարկել ՍԴ, որը կարող է դրա սահմանադրականությունը քննել 3 ամսում։ Այս մտադրության մասին է վկայում նաև նախագահի կայքում հրապարակված տեղեկությունը․
«Նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը․․․ օրենքի նախագծին նա կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և ԱԺ ղեկավարության հետ: Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով»:
Սահմանադրական դատարանն այս դիմումը, Գրիգորյանի խոսքով, կարող է քննել եւ որոշումը կայացնել մինչեւ 3 ամիս ժամկետում:
«Սահմանադրական դատարանի՝ օրենքի Սահմանադրության համապատասխանության մասին որոշումից (սա ֆանտաստիկայի ոլորտից է) հետո Հանրապետության նախագահն ունի ընդամենը 5 օր օրենքը ստորագրելու եւ հրապարակելու համար: Կարող է եւ ընտրել չստորագրելու տարբերակը, որի դեպքում օրենքը ստորագրվում եւ հրապարակվում է ԱԺ նախագահի կողմից 5 օրում:
Մենք արդեն ունենք 4 ամիս ժամանակ, մինչեւ այս "գիշերային օրենքը" ուժի մեջ կմտնի ընդունողների համար լավագույն սցենարի դեպքում:
Այսինքն, սրա ընունողները չեն կարող չհասկանալ այս ամենը: Ուրեմն, այսպիսի բեմականացման նպատակը կարող է լինել սադրանքը՝ բռնությունն ու քաոսն է, որ կարող է պղտորել Հայաստանյան քաղաքական դաշտի ջրերը:
Եւ ուրեմն ծայրահեղ զուսպ եւ կազմակերպված պետք է լինել», - կոչ է անում Գրիգորյանը:
Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի պնդմամբ՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում երեկ երեկոյան հրատապ կարգով կատարված փոփոխությունները հակասում են Սահմանադրության մի շարք դրույթների։
Ըստ Սահմանադրության, Ազգային ժողովն ազատ է արձակվում, եթե վարչապետը հրաժարական է տալիս և 2 շաբաթում խորհրդարանը չի ընտրում նորին: Ընդ որում, դեռևս գործող «ԱԺ կանոնակարգի» համաձայն, ընտրության նիստը կհամարվի չկայացած՝ եթե անգամ պատգամավորների բացակայության պատճառով քվորում չապահովվի։
Հոկտմեբերի 2-ին կատարված փոփոխությամբ, մինչդեռ, եթե խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդհատված, քանի դեռ չեն վերացել այդ խոչընդոտները։
«Սա հակասում ա առաջին հոդվածին, որը հռչակում ա Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական պետություն: Հակասում ա Սահմանադրության երկրորդ հոդվածին, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եթե վարչապետի էդ խնդիրը չլինի, տրամաբանորեն իրանք վատ բան չեն ասում, որ եթե մեր աշխատանքները խոչընդոտում են, պետք ա հետաձգվի և այլն: Բայց էդ խոչընդոտումը հենց վարչապետի ընտրության պահով ա ստեղծված, որպեսզի դա խափանի: Եվ բնականաբար, կարող ենք հիմնավորել, որ էդ դրույթին էլ ա հակասում Սահմանադրության», - նշում է Այվազյանը:
Նա եւս գտնում է, որ նախագահը պետք է դիմի ՍԴ՝ ընդունված փոփոխությունների սահմանադրականությունը պարզելու համար։
Վարդան Այվազյանի կարծիքով, նախագահը պետք է օգտվի իր այդ լիազորությունից․ «Տակտիկական նկատառումներով ամենաճիշտ տարբերակը կլինի, եթե նախագահը օրինագիծը ստանալուց հետո 20-րդ օրը դիմի Սահմանադրական դատարան: Դրանով ինքը և՛ Փաշինյանին, և՛ ժողովրդին ահագին մանևրելու հնարավորություն կտա»: