Մայիսի 2-ին Հայաստանում տեղի ունեցած սրընթաց իրադարձությունները, ըստ էության, 90%-ով ուրվագծեցին հետագա մի քանի օրերի զարգացումներն ու սպասվելիք հանգուցալուծումը: Այս մասին նշում է «ԱրԱր» քաղաքակրթական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ավետիք Չալաբյանը՝ նկատելով, որ խոսքը տեղի ունեցածի ներքին մեխանիզմների վերլուծությանն է վերաբերում. նրանք, զգալի չափով, կանխորոշելու են նաեւ հետագա մի քանի ամիսների զարգացումները։
Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, որից հետո հանրապետությունում վերսկսվել էին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները։
Չալաբյանի խոսքով, ակնհայտ է, որ իրադարձությունների կայծակնային զարգացման հիմնական շահողը Նիկոլ Փաշինյանն էր, որը ԱԺ Հանրապետական մեծամասնության հետ պատմական դիմակայությունից հետո, կարողացավ մոբիլիզացնել իր համակիրների բանակը ողջ երկրով մեկ, և, ըստ էության, իր առաջնորդությունը պարտադրել ՀՀԿ մեծամասնությանը, որը դեռ օր առաջ, ներքին խոսակցություններում, կտրականապես հրաժարվում էր դիտարկել Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու։ «Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ այս պահին, իր համակիրների կազմակերպված բանակն է դարձել Հայաստանի համար մեկ իշխանությունը, և Հանրապետականի հետագա դիմադրությունը բերելու է միայն նրա համար նոր կորուստների», - նկատում է վերլուծաբանը VERELQ-ի հետ զրույցում։
Մայիսի 2-ի մյուս շահողը, համապատասխանաբար, Գագիկ Ծառուկյանն էր, ընդգծում է Չալաբյանը՝ միտումնավոր գործածելով Ծառուկյանի կողմից հաճախակի գործածվող «համապատասխան» բառը։ «Ծառուկյանի լայնատարած ժպիտը, և Նիկոլի դժկամ, պարտադրված ձեռքսեղմումը պարզորոշ ցույց տվեց, որ այս խորամանկ «ժողովրդական» գործիչը, հերթական անգամ, առանց իր համար մեծ ռիսկերի, սեփականացրեց ժողովրդական հաղթանակի զգալի մասը։ Նիկոլն այժմ գնալու է Ազգային ժողով որպես Գագիկ Ծառուկյանի եւ իր համակիրների համատեղ թեկնածու: Ուստի դառնալով վարչապետ՝ ստիպված է լինելու կիսել նրա հետ իշխանությունը, կառավարության ապագա կազմը դա ցույց կտա։ Ավելին, հետագա ընտրությունների կոնտեքտում, Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ծառուկյանը ստիպված են լինելու մրցակցել նույն էլեկտորալ սեգմենտների եւ բիզնես ռեսուրսների համար, և նրանց այսօրվա տակտիկական դաշնակցությունը նոր փորձություններ է անցնելու», - նշում է Չալաբյանը։
Օրվա հիմնական տուժողը, փորձագետի խոսքով, Հանրապետական կուսակցությունն էր։ «Բաց թողնելով Նիկոլ Փաշինյանին իրական համաձայնության մթնոլորտում վարչապետ նշանակելու հնարավորությունը, այն ստացավ հանրային բացասական արձագանքի աննախադեպ տարափ։ Չունենալով քաղաքական ոչ մի խելամիտ հակաքայլ, եւ զուրկ լինելով ուժային կարգավորում պարտադրելու ռեսուրսներից, Հանրապետական կուսակցությունը տառացիորեն մեկ օրվա ընթացքում հրաժարվեց հետագա պայքարից՝ խուսափելու լիակատար կապիտուլյացիայից, և իր մնացած էլեկտորալ և բիզնես ռեսուրսները կորցնելու իրական հեռանկարից», - ընդգծում է մեր զրուցակիցը։
Օրվա մյուս տուժողը, նրա խոսքով, մարդկային բարոյականությունն էր։ «Երեկ Նիկոլ Փաշինյանի համակիրները տառացիորեն հոգեբանական մարդաորս էին ծավալել ՀՀԿ-ական մի շարք պատգամավորների նկատմամբ՝ անցնելով բարոյականության բոլոր սահմանները։ «Սիրո» հեղափոխության տրամաբանության մեջ սա ոչ մի կերպ չի տեղավորվում, ոչ էլ տեղավորվում է հայկական ավանդական բարոյականության սահմաններում՝ հեղափոխությունը կանցնի, իսկ այս դառը նստվածքը կմնա, և դեռ բազում անգամ իրեն կհիշեցնի», - ասում է Չալաբյանը:
«Այս հեղափոխությունը, բացի հիմնական դերակատարներից, ունի նաև մի շարք կարևոր ներգրավված կողմեր, որոնք, չունենալով ակնհայտ հանրային դերակատարում, իրականում ընդհանուր ուժային հավասարման կարևոր մաս են, և առանցքային դեր կատարեցին մայիսի 2-ի հանգուցալուծման մեջ։ Այդ կողմերից մեկը բանակն է, որը, բնականաբար, մեր երկրի կարևորագույն կառույցն է և կարող է, որոշակի պայմաններում դառնալ ինքնուրույն քաղաքական խաղացող։ Այս օրերին բանակը նախընտրեց զերծ մնալ քաղաքական պրոցեսին անմիջական ներգրավումից և կենտրոնանալ երկրի արտաքին անվտանգության ապահովման վրա։ Դա այն արեց գերազանց, իր «Սմերչների» համազարկով ցույց տալով հակառակորդին, որ հեղափոխությունը մեր ներքին գործն է և նրանից օգտվելու գայթակղությունից պետք է զերծ մնալ», - ընդգծում է փորձագետն ու անդրադառնում «թավշյա հեղափոխության» աշխարհաքաղաքական ներբերանգներին։
«Մյուս կարևոր կողմը, իհարկե է, Կրեմլն է։ Ուղարկելով այստեղ իր Արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինին և Նիկոլ Փաշինյանին մանրամասն աշխարհաքաղաքական «քննության» ենթարկելուց հետո, նա եկավ այն եզրակացության, որ իր համար «չարյաց փոքրագույնը» հեղափոխության արդյունքները ընդունելն է՝ Նիկոլի Փաշինյանի կողմից առկա աշխարհաքաղաքական կողմնորոշումը միարժեք պահպանելու պայմանով։ Սա զրկեց Հանրապետական կուսակցությանը վերջին (և բավական անշնորք օգտագործված) քաղաքական փաստարկից, և ճանապարհ բացեց հանգուցալուծման համար», - նշում է նա։
Եզրափակելով իր խոսքը, Չալաբյանը նկատում է, որ հասարակությունն այս օրվա մեծ շահողն է, քանի որ այն հնարավորություն ստացավ խուսափել հետագա առճակատումից, և վերադառնալ բնականոն կյանքի։ «Ես ինքնս հուսով եմ, որ այս ճգնաժամի հիմնական կողմերը հետագա մի քանի օրերին իրենց մեջ ուժ կգտնեն հաղթահարելու մնացած կարևոր տարաձայնությունները, և մայիսի 8-ին նոր անակնկալ չեն մատուցի», - եզրափակում է նա: