Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Երեւանում ու Հայաստանի մի քանի մեծ քաղաքներում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ամենօրյա բազմահազարանոց ակցիաները: Երկրում, մասնագետների բնորոշմամբ, ստեղծված է աննախադեբ լարված քաղաքական իրավիճակ, որը խոսում է օրեցօր խորացող քաղաքական ճգնաժամի մասին: Ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունն ու «Մերժիր Սերժին», «Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնությունները ցանցային սկզբունքով ամենօրյա խաղաղ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում, որոնք սպասվածից ավելի մարդաշատ են: Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է երկրում «թավշյա հեղափոխության» սկզբի մասին:
Միեւնույն ժամանակ Իսկանդարյանը կարծում է, որ հեղափոխություն չի լինի մի պարզ պատճառով: «Առաջին, ցուցարարները, որոնց մեջ գերակշռում են 17-ից 20 տարեկան երեխաները, չունեն հստակ պատկերացում Սահմանադրության, իշխանության կամ ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին: Իշխանության արձագանքը տխուր է, որովհետև իշխանությունը ունի շատ ցածր լեգիտիմություն, իսկ ժամանակ առ ժամանակ բորբոքվող բողոքները ընկալում է որպես տեխնիկական խնդիր՝ մտածում է մեկին կկաշառի, մյուսին կհամոզի և առաջ կգնա, իսկ հիմնական խնդիրը լուծել չեն կարող կամ չեն հասկանում, որ լուծեն», - նշում է նա:
Ինչ վերաբերում է հավաքներին, ապա, ըստ քաղաքագետի, չի մեծանում մարդկանց քանակը, որոնց հավաքում է Փաշինյանը. նա կրեատիվ է աշխատում, տաղանդավոր հռետոր է և աշխատում է հնարավորությունների մաքսիմումով: Փողոցային երթերին հիմնականում երեխաներ են մասնակցում, լրիվ ուրիշ սոցիալական խումբ է, որ մեծացել է այլ ժամանակներում և այլ պատկերացումներ ունի, թեպետ շատերը մասնակցում են հետաքրքրությունից ելնելով:
Քննարկման մյուս բանախոս քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանն ընդհակառակը կարծում է, որ օրակարգի բացակայությունը կազմակերպիչների ուժն է եւ ոչ թե վկայում թուլության մասին, իսկ շարժման նպատակը, նրա բոնորոշմամբ, տոտալ իշխանափոխությունն է: «Նրանք վանկարկում են առաջին դեմքի անունը, որովհետև նա իշխանության դրոշակակիրն է և նրա քաղաքական հնարավոր անկմամբ կընկնի նաև ամբողջ քաղաքական համակարգը», - ընդգծում է բանախոսը:
Մարտիրոսյանի խոսքով, սա առաջին շարժումն է, որ լուրջ սասանել է իշխանության հիմքերը: «Առաջ են գալիս մարդիկ և իրավիճակներ, որոնք դառնում են կուլտային և եթե հաջողվի անգամ կոշտ ուժով ճնշել շարժումը, միևնույնն է, իշխանությունը ճաքեր է տվել և դժվար թե երկար դիմանա», - նշում է նա ու հավելում, որ փողոց դուրս եկածները ոչ թե երեխաներ են, այլ նոր սերունդն է, որը չի տեղավորվում առկա քաղաքական համակարգի տրամաբանության մեջ: «Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ սա առաջին երիտասարդական լուրջ շարժումն է և հենց այստեղ է քաղաքագետը տեսնում ամենամեծ վտանգը իշխանության համար: Բացի այդ կիրառվում են համեմատաբար նոր և հեղափոխական մեխանիզմներ՝ մեքենաների շչակներ, վուվուզելաներ, որոնք շատ լավ են աշխատում», - ընդգծում է նա:
Իսկանդարյանը եւս կարծում է, որ հեղափոխության տեխնոլոգիաներ են կիրառվում եւ հղում կատարում ամերիկացի հայտնի գրող ու հրապարակախոս Ջին Շարփին, որը հայտնի է ոչ բռնի պայքարի տեխնոլոգիաների մասին իր աշխատություններով: «30-35 տեխնոլոգիա եմ հաշվել, որ կիրառում են ցույցերի ժամանակ, իսկ դրանք այդքան էլ նոր բան չեն: Այստեղ կա տեխնիկական խնդիր՝ չկա ելքի, հանգուցալուծման ստրատեգիական ծրագիր», - ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Երկու բանախոսներն էլ վստահ են, որ ստեղծված իրավիճակում բանակցություններ գրեթե անհնար են իշխանության ու ընդդիմության միջեւ: «Բանակցությունները հնարավոր չեն, որովհետև ձեռնտու չէ և ոչ մի կողմին՝ իշխանությանը՝ հասկանալի պատճառով, իսկ հակառակ կողմին ձեռնտու չէ, որովհետև Փաշինյանի խնդիրը նախարար կամ մարզպետ դառնալը չէ: Եթե նա վերցնի այն, ինչ իրեն կտան, շատ արագ էլ կանհետանա որպես քաղաքական ուժ:
Նրա խնդիրը գլխավոր ընդդիմադիր դեմք դառնալն է: Մի քանի շաբաթ քաղաքում քայլում ես փողոցներով, մի երկու շաբաթ օրը 4 ժամ ես քնում, իսկ մնացած մասը փողոցում գոռում ես և դառնում ես ընդդիումության դեմքը: Այս խնդիրն արդեն լուծված է, խաղն արդեն խաղացած է, մնում է իրավիճակից դուրս գալու ծրագիր: Նիկոլի համար ամենամեծ նվերը կլինի, եթե նրան ձերբակալեն»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը: