24.11.2024
Նոյեմբերի 1-ին Պուտինն Իրանում կհանդիպի Ալիևին ու Ռոուհանիին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ագրեսիան չպետք է պարգևատրվի ԱՄՆ-ի կողմից օգնությամբ. Forbes

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը յուրահատուկ է հետխորհրդային տարածքում, քանի որ այն Ռուսաստանի և Արևմուտքի միջև միջնորդավորված պատերազմ չէ, և դա հետաքրքիր է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի դիրքորոշումը հակամարտության սկզբնական փուլերում: Այդ մասին հեղինակավոր Forbes հանդեսում գրում են Եվրասիական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի անդամ Մովսես Տեր-Օգանեսյանը և Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր Սուրեն Սարգսյանը:


Tert.am-ի հաղորդմամբ, հակամարտության ընթացքում պատերազմի գոտում Հայաստանի հաղթանակների պատճառով Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը: Այս շրջափակման պատճառով ԱՄՆ Կոնգրեսը 1992 թվականին ընդունել է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը՝ արգելելով ԱՄՆ-ից Ադրբեջան անմիջական օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել, հետևաբար՝ զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանն, այսպիսով, դարձել է միակ հետխորհրդային երկիրը, որի համար չի նախատեսվել ԱՄՆ-ի կողմից օգնություն:


Այս քաղաքականությունն անփոփոխ է մնացել մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը դիմել է 907-րդ բանաձևը շրջանցելու հարցով՝ թույլ տալով Ադրբեջանին օգնություն տրամադրել: Դրանից հետո ամեն տարի նախագահը շրջանցել է 907-րդ բանաձևը՝ թույլ տալու համար Ադրբեջանին օգնություն ստանալ, մասնավորապես՝ ամեն տարի 20 միլիոն դոլար:


Հեղինակները նշում են, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցավ շփման գծի երկայնքով բռնության ամենամեծ բռնկումը: Այդ հարձակումներն իրականացնելով՝ Ադրբեջանը խախտել է 907-րդ բանաձևով սահմանված նախապայմանները: Օրենքը շրջանցելու մասին փաստաթղթի տեքստը չի նշում, որ ագրեսիա չի կարող կիրառվել ԼՂՀ-ի դեմ, մինչդեռ սա եղել է օրիգինալ տեքստի առանցքային կետը, որն օգնել է ապահովել ռազմական գործողությունների դադարեցումը: Այդ բացթողումը, անկասկած, քաջալերել է Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը դիմել նման քայլերի: Տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձիթողի վերաբերմունքի հետ միասին՝ ժամանակի հարց է Ադրբեջանի կողմից ևս մի փորձը ռազմի դաշտում:


Հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ի բանակի կողմից պատրաստություն անցած ադրբեջանական բանակի սպաները սպանվել են հայկական Թալիշ գյուղի վրա հարձակման ժամանակ: Գնդապետ Վուգար Յուսիֆովը, ով լույս ապրիլի 3-ին ղեկավարել է գյուղի վրա գրոհած հատուկ ուժերը, 2007 թվականին պատրաստություն է անցել Արիզոնայում ԱՄՆ բանակի հետախուզական կենտրոնում: Փոխգնդապետ Մուրադ Միրզաևը 2005-2006 թվականներին այցելել է Տեխասի Սան Անտոնիո քաղաքում գտնվող Օտար լեզուների ռազմական ինստիտուտ, նա նաև Վիրջինիայում և Հյուսիսային Կարոլինայում ավարտել է ռազմածովային ուժերի սպայական դասընթացներ:


Այս խախտումներն է՛լ ավելի աչք զարնող են դարձնում սարսափելի հանցագործությունները (գլխատումներ և երեք տարեց քաղաքացիական անձանց սպանություն ու խոշտանգում), որոնք վերագրվում են այս մարդկանց ղեկավարած խմբերին:


«Որպեսզի Ադրբեջանը չմտնի լայնամասշտաբ ռազմական արկածախնդրության մեջ, ինչպես դա եղավ 2016 թվականի ապրիլին, ԱՄՆ-ն պետք է վերանայի իր դիրքորոշումն ԱՄՆ օրենքը խախտող արդեն իսկ հարուստ ագրեսորին օգնություն տրամադրելու հարցում»,- գրում են հոդվածագիրները: