Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի և Արցախի հասարակությունների վրա տարբեր ձևերով է ներգործում: Այդպես, եթե որոշակի դեպքերում հայաստանյան լրատվական դաշտը դրանց արձագանքում է, քննարկումների դաշտ ստեղծում նաև սոցիալական ցանցերում, ապա շատ դեպքերում Արցախում դրանք նույնիսկ կենցաղային խոսակցության առարկա չեն դառնում: Այս մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի «Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» նիստում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Աբրահամյանի խոսքով, պատահական չէ, որ արցախյան տարբեր գերատեսչություններ որոշակի դեպքերում արձագանքում են Արցախի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ միայն այն պատճառով, որ դրանք իրենց մեջ ռիսկեր են պարունակում տեղեկատվական սպառնալիք ստեղծել ոչ թե Արցախում, այլ Հայաստանում: 2016 թվականի ապրիլի մարտական գործողություններից հետո Ադրբեջանը, ավանդական քարոզչական գործիքներից բացի, բավականին ակտիվ է առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ և հատկապես վերջին 7-8 ամիսների ընթացքում Ադրբեջանը բավականին մեծ քանակությամբ տեսանյութեր է դրել շրջանառության մեջ, որոնք իբրև թե ապացույցներ է պարունակում առաջնագծի այս կամ այն ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած հաջողակ «հակահարվածների» մասին: Նախագահի խորհրդականը շեշտեց՝ խոսքը այսպես կոչված մոնտաժային պատերազմի մասին է.
«Վերջին ամիսներին տարածվող տեսանյութերի առանցքը անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեսանկարահանումներն են շփման գծի մի շարք ուղղություններով, որոնց կադրերն օգտագործելով Ադրբեջանը մարդկային ուժի, զինտեխնիկայի, կրակակետերի խոցման մասին մոնտաժային նյութեր է ստանում: Ադրբեջանական քարոզչության այս դրսևորումների մասին խոսելիս ես սովորաբար «մոնտաժային պատերազմ» եզրույթն եմ օգտագործում, որովհետև տեղեկատվական հարթակում առավելության հասնելու ճանապարհին Ադրբեջանը նաև այս ուղղությամբ է համառ ջանքեր գործադրում: Տարեսկզբին Ադրբեջանին հաջողվել է մի քանի թիրախային խոցում իրականացնել, ինչի արդյունքում պաշտպանական բանակը և՛ մարդկային ուժի, և՛ ռազմական տեխնիկայի, և՛ պաշտպանական կառույցի կորուստ է ունեցել, սակայն նմանատիպ միջադեպերը Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայության կողմից ներկայացվել են»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:
Բանախոսը տեղեկացրեց քննարկման մասնակիցներին, որ այդ թիրախային կորուստներից հետո պաշտպանության բանակը ոչ համաչափ հարվածներով առավել մեծ կորուստներ է պատճառել Ադրբեջանին, սակայն և կրկնեց այն, ինչ մշտապես հայտարարել է՝ Բաքվի ռազմական-քարոզչական ղեկավարության համար ադրբեջանական բանակի կորուստները երկրորդական են: Իրենց համար լարևոր է, որ ունեն 1-2 հաջողված օպերացիա, ինչից փորձում են ստանալ 10-15 անգամ ավելի մեծ էֆեկտ՝ ճանապարհին քողարկելով մինչ այդ հայկական կողմից կանխարգելիչ կամ պատասխան գործողություններից հետո ունեցած կորուստները:
Իսկ վերջին շրջանում առավել ակտիվ հանդիպող քարոզչական հնարքներից է՝ սոցիական ցանցերի հայկական տիրույթի օգտատերերին հղում անելով, այսպես կոչված, զինվորների մահվան կամ վիրավորների մասին բացահայտումները: Մի դեպքում, ըստ էության ադրբեջանական լրատվամիջոցների հղումները անանուն են, որովհետև հղում է կատարվում հայկական մի քանի միլիոնանոց տիրույթի ինչ որ անհայտ օգտատիրոջ կամ հայկական անվամբ իրականում հանդես են գալիս ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալները:
«Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ևս ադրբեջանական կողմը հայկական ազգանմամբ օգտատերերի պրակտիկան ակտիվ գործածում էր և այդ օրերին մեծ թվով օգտատետեր բացահայտվեցին, ովքեր մինչ այդ ևս, տարբեր հասարակական կառույցների կամ քաղաքական ուժերի համախոհների անվան տակ կեղծ գրառումներ էին կատարել: Օրինակ՝ շաբլոն օգտագործվող հնարքներից է, զինվորական մեքենաների վթարների մասին կեղծ լուրերի տարածում, որում որպես կանոն 3-ից ավելի կորուստների և վիրավորների մասին տեքստեր են տարածվում: Հիմնական շեշտն ադբեջանական կողմը փորձում է դնել այն միջադեպերի վրա, որոնք նույնանման ձևով 1-2 տարվա ընթացքում տեղի են ունեցել, ուղղակի այն տարբերության, որ կեղծ լուրերում որպես կանոն զոհերի և վիրավորների թեման շեշտված է, իսկ կորուստների թիվը՝ նկատելի մեծ»,- բացահայտեց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ նման գործելաոճով Բաքուն երկու հիմնական խնդիր է լուծում՝ մի կողմից ազդել սեփական հանրության վրա, ի ցույց դնելով հաղթական ադրբեջանական բանակի հաջողակ օպերացիաները, և փորձել ազդել Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների վրա՝ ցույց տալու հայկական բանակի անկարողությունը՝ զսպելու ադրբեջանական սադրանքները:
Բայց երկու դեպքում էլ այդ աշխատանքը, ըստ բանախոսի, դժվար է արդյունավետ համարել, քանի որ նույնիսկ Ադրբեջանում ստեղծված տեղեկատվական բլոկադայի պայմաններում, բավականին ակտիվ «լուսավորչական» դեր են կատարում արդեն տևական ժամանակ այլ երկրներում քաղաքական ապաստան ստացած Ադրբեջանի քաղաքացիները՝ քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, բլոգերները, որոնք առավել անկաշկանդ, առավել անվտանգ տարածքներից ներկայացնում են այն, ինչ հնարավոր չէր մինչ այդ ներկայացնել Ադրբեջանից: Բացի այս, մեծ թվով տեղեկատվություն նաև դուրս է հոսում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից, որովհետև բոլորին արգելափակել հնարավոր չէ, եթե նույնիսկ հնարավոր է, ապա մեկ է՝ որոշակի տեղեկատվություն ճշմարտության մասին ամեն դեպքում այդ ճանապարհով դուրս է գալիս:
«Արցախում ապրող մարդու համար ադրբեջանական քարոզչական ջանքերը զրոյական էֆեկտ ունեն, եթե նա ամեն օր տեսնում և զգում է բանակաշինության մեջ ներդրվող գումարներն ու ջանքերը, առավել անվտանգ դարձող առաջնագիծ, որը հատկապես վերջին 1-1.5 տարիների ընթացքում ամբողջովին հագեցվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով: Միջին վիճակագրության արցախցու վրա ազդում է այն տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրվում են վերջին 10 տարիներին, նույնիսկ՝ ապրիլյան մարտական գործողություններից հետո»,- հավելեց Արցախի նախագահի խորհրդականը: