ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նեղսրտել է հասարակությունից, որն, իր իսկ բնորոշմամբ, «սուր ճոճելով է» ընդունել իր այն գաղափարը, որ Օպերայի շենքում ռեստորան կգործի: Հատկապես համացանցում իր հասցեին հնչած քննադատությանը նախարարը արձագանքել է հրապարակային պարզաբանմամբ, որում նշում է, թե ժամանակն է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իրական բարձր արվեստի դիմագիծ ունենա՝ նկատի ունենալով և՛ խաղացանկը, և՛ շենքային պայմանները։
Ուշագրավն այն է, որ նախարարի պարզաբանումը, որը ներկայացնում ենք ստորև, անդրադարձ է կատարում շենքում գործող սննդի կետին, որի ֆունկցիան ներկայացումների ժամանակ սպասարկել հանդիսատեսին՝ 15-20 րոպեների ընթացքում, իսկ մնացած ժամանակ սպասարկել աշխատակազմին: Բայց արդյո՞ք իր հարցազրույցից դա է ստացվում. մեկնաբանությունները, կարծում եմ, այստեղ ավելորդ են.:
«Թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվենք. խորհրդային մտածողության հասարակական սննդի կետերը պատիվ չեն բերում մեր Օպերային թատրոնին։ Պետք է հրաժարվենք նաև «սենդվիչներ» ու գազավորված ըմպելիքներ մատուցող՝ այսօր եղած «ավտոմատներից» ։
Ներկայացումների ընդմիջումներին մատուցվող մեկ բաժակ շամպայնը կամ հարմարավետ միջավայրում սուրճ խմելը, կարծում եմ, օպերային ներկայացման պատկերացման մեջ լիովին տեղավորվում է։
Տարիներ շարունակ Օպերային թատրոնում գործող «Օպերա» ակումբի հարցը ևս պետք է վերանայվի։ Չի՛ կարելի Օպերային թատրոնում ունենալ նման թատրոնին ոչ հարիր հաստատություններ։ Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու և սնվելու՝ իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ և՛ Թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, և՛ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, և որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ։
Ծայրահեղ կարծիքներ հայտնելը՝ ծանոթ չլինելով Օպերային թատրոնի միջավայրի նախագծին, կարծում եմ, կոռեկտ չէ։
Նախագիծը մշակվում է և պատրաստ լինելուն պես անպայման կներկայացվի հանրության քննարկմանը։ Հաշվի կառնվեն տեղին, բայց ոչ՝ պարզապես «սուր ճոճելու» համար հնչող կարծիքները»,- ասված է նախարարի պարզաբանման մեջ։
Նշենք, որ հանրության դժգոհությունը հարուցել էր այն հանգամանքը, որ շենքում կբացվեն ռեստորաններ, այլ ոչ թե այն, որ ներսում գործող և հարմերգների կամ ներկայացումների ժամանակ հանրությանը հասանելի սրճարան-ռեստորանը կվերափոխվի: Սա, նկատենք, բոլորովին այլ խնդիր է և դժվար թե հասարակությունը դրա դեմ ըմբոստանա: Բայց այս պարագայում էլ մեղադրել հանրությանը «սուր ճոճելու» մեջ այնքան էլ ճիշտ չէ, քանի որ իր իսկ տված հարցազրույցում լրագրողի հստակ հարցադրմանը՝ ռեստորանը գործելու է տանիքում, Արմեն Ամիրյանն արձագանքում է.
«Նաև տանիքում և ոչ միայն ռեստորան...»:,- կարծես խոսքը Երևանում ևս մեկ հանգստի վայր ունենալու մասին է:
Կարելի է ենթադրել, որ նախարարը, ում խոսքով նախագիծը դեռ մշակման փուլում է, այսպիսով փորձեց շոշափել հանրության տրամադրությունները, թեև մեր խորին համոզմամբ՝ Արմեն Ամիրյանը առանց այդ էլ կարող էր հստակ պատկերացնել մեր բոլորիս վերաբերմունքը, առավել ևս, որ տարիներ շարունակ երևանցիները բողոքել են օպերայի տարածքում անթիվ-անհամար ռեստորաններից ու սրճարաններից: Հուսանք, դրանց թիվը, այդուհանդերձ, չի ավելանա օպերայի շենքի պայմանների բարելավմանը զուգահեռ:
Լիա Խոջոյան