Աշխարհահռչակ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը չի բացառել, որ կարող է մենահամրգով հանդես գալ Արցախում: «Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա», - հայտարարել է մի շարք հայտնի սփյուռքահայ արվեստագետներրի հետ Արցախ այցելած Սերժ Թանկյանը:
«Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի և եթե կարողանամ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարևորն Արցախի մասին խոսելն է և այն ներկայացնելը տարբեր վայրերում և մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է և այստեղի ժողովուրդը բոլորին սպասում են ժպիտներով և մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա»,- ընդգծել է «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում Թանկյանը:
Սփյուռքի հայտնի հայերից՝ երաժիշտ, աշխարհահռչակ «System Of a Down» խմբի կատարող Սերժ Թանկյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և ռեժիսոր Էրիկ Նազարյանը հայկական համայնքներից Հայաստան ժամանած 250 հայերի հետ որպես դիտորդ մասնակցեցին են ապրիլի 2-ի կայանացած խորհրդարանական ընտրություններին, իսկ հետո այցելեցին Արցախ:
Նրանց նախաձեռնությունը Հայաստանում ոչ բոլորը ողջունեցին: Իշխանամերձ քաղաքական գործիչները, լրագորղներն եւ վերլուծաբանները տարբեր առիթներով հեգնում էին նրանց քայլը՝ խորհուրդ տալով դրա փոխարեն այցելել Արցախ, այնտեղ համերգով հանդես գալ եւ կոչ անել աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ նախաձեռնության անդամները ոչ միայն արցելեցին Արցախ, այլեւ այն տեղից կոչ արեցին համայն աշխարհի արվեստագետ հայերին: Նրանք տարածեցին ծավալուն հայտարարություն, որտեղ գրագետ եւ օտարներին հասկանալի լեզվով ներկայացրեցին պատերազմի վտանգի տակ ապրող արցախցիների խնդիրները: Նրանք նաեւ կոչ արեցին «աշխարհի բոլոր ազատ մտածող արվեստագետներին այցելել Արցախ, եւ դառնալ խաղաղության և համերաշխության գործընկերներ»:
Իրականում Արցախ նրանց այցելության շրջանակներն ու հղված մեսիջների խորությունն ու ծավալը շատ ավելի ընդգրկուն են, քան «դիտորդության փոխարեն Ստեփանակերտում համերգ տվեք» պարզունակ թեզը:
Անվանի սփյուռքահայ արվեստագետները, ըստ մամուլի հրապարակումների, Արցախում այցելել են ՊԲ զորամասեր: «Շատ երախտապարտ եմ հայ քաջարի զինվորների ծառայության համար», - ասել է Սերժ Թանկյանը, ով ՊԲ զորամաս այցելելուց հետո մասնակցել է նաև Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը: «Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին ասում էի, որ տարբեր միջոցառումների բացմանն եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետև այստեղ հայ ընտանիք պետք է ապրի, որի համար մենք շատ ուրախ ենք»,- ասել է Թանկյանը և ընդգծել, որ իրենք հաճույքով պետք է մի ծրագիր կազմակերպեն Արցախում: