8.08.2025
Ալիևը Վաշինգտոնում հանդիպել է Ուիթքոֆի հետ. համագործակցության հուշագիր է ստորագրվել
prev Նախորդ նորություն

TRIPP-ը սպառնում է ներքաշել Հայաստանը գերտերությունների աշխարհաքաղաքական դիմակայության մեջ

Լուսանկարը` akoonkmedia
Լուսանկարը` akoonkmedia

Սպիտակ տան դռնփակ դիվանագիտության և Փաշինյան–Ալիև–Թրամփ հնարավոր գործարքի վերաբերյալ շրջանառվող լուրերի ֆոնին հայ քաղաքագետ Դավիթ Հարությունովը VERELQ-ին տված հարցազրույցում զուսպ ու առանց պատրանքների վերլուծում է Վաշինգտոնյան գագաթնաժողովի հետևանքները։ Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին հնարավոր համատեղ հայտարարությունը պարզապես խորհրդանշան է, թե՞ վերադարձի ճանապարհը փակող որոշում։ Կամ գուցե սա այն գինն է, որը վճարվում է մի նոր աշխարհաքաղաքական ճարտարապետության դիմաց, որի գլխավոր ճարտարապետի դերում հանդես է գալիս ԱՄՆ-ը։


Ի՞նչ է թաքնված TRIPP՝ այսպես կոչված «Թրամփի ճանապարհի» ետևում։ Արևմտյան փաթեթավորմամբ Զանգեզուրի միջանցքի «ռեբրենդի՞նգն» է սա, թե՞ մի բան, որն ի զորու է արմատապես փոխել տարածաշրջանի ուժերի դասավորությունը։ Դավիթ Հարությունովը վերլուծում է ուժային կենտրոնների վերադասավորումը, Երևանի խոցելի դիրքերը, Թեհրանի զուսպ արձագանքը և այն երկարաժամկետ վտանգները, որոնց կարող է բախվել Հայաստանը՝ դառնալով ԱՄՆ–Ռուսաստան–Իրան դիմակայության հնարավոր թատերաբեմ, հատկապես հաշվի առնելով 2026 թվականի ընտրությունների ներքաղաքական համատեքստը։


Давид Арутюнов - Sputnik Армения


 


Լուսանկարում` Դավիթ Հարությունով


― Արդյո՞ք Վաշինգտոնյան գագաթնաժողովը Մինսկի խմբի վերջակետն է։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կողմից խմբից դուրս գալու մասին համատեղ հայտարարության դիվանագիտական նշանակությունն ու այն տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման համատեքստում։


Մինսկի խումբը փաստացի արդեն երկար ժամանակ է՝ չի գործում։ Դրա առանցքային պատճառներից մեկը՝ կողմերի հայտնի դիրքորոշումներից բացի, նաև համանախագահող պետությունների ակտիվության դադարեցումն կամ ձևափոխումն է։ Քանի որ լիարժեք լուծարման համար որոշակի ընթացակարգային քայլեր են պահանջվում, կարող ենք ասել, որ քաղաքական որոշումն իրականում վաղուց է կայացվել։ Նման հայտարարությունը փաստացի կհանե Արցախի հարցը միջազգային օրակարգից՝ իրականացնելով Բաքվի վաղուց հայտնի նախապայմաններից մեկը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Միևնույն ժամանակ, այս պահին Հայաստանն իրական հնարավորություններ չունի հարցը արդյունավետ (ոչ միայն քարոզչական) ձևով պահելու ադրբեջանա-հայկական բանակցությունների օրակարգում։


― Ի՞նչ դեր է խաղում TRIPP ծրագիրը՝ այսպես կոչված «Թրամփի ճանապարհը», ուժերի հարաբերակցության փոփոխության մեջ։ Կարելի՞ է այն դիտարկել որպես ԱՄՆ-ի գործիք՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար, թեկուզ ոչ ռազմական։


Եթե ծրագիրն իրականացվի ԱՄՆ-ի մասնակցությամբ կամ վերահսկողությամբ, ապա դա կբերի տարածաշրջանային ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխության՝ հօգուտ ԱՄՆ-ի։ Վաշինգտոնը հմտորեն օգտվում է Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմով ծանրաբեռնված լինելուց, ինչպես նաև Իրանի արտաքին ու ներքին թուլացումից։ Չնայած TRIPP-ը ֆորմալ չի համարվում ռազմական, չի բացառվում, որ այն ունենալու է ուժային բաղադրիչ՝ մասնավորապես ամերիկյան մասնավոր զինված կառույցների մասնակցությամբ։


― Ինչպե՞ս դա կազդի ՌԴ-ի և Իրանի վրա։


ԱՄՆ ներկայությունը կդառնա լուրջ ճնշման գործիք Ռուսաստանի նկատմամբ։ Հատկանշական է, որ նախագիծը վերակենդանացավ հենց այն փուլում, երբ Թրամփը դժգոհություն հայտնեց Մոսկվայի՝ ուկրաինական կարգավորման հարցում որդեգրած դիրքորոշումից։ Իրանի համար իրավիճակն առավել բարդ է. TRIPP-ը փաստացի կզրկի նրան տարածաշրջանային կարևոր ուղիներից մեկից՝ կապող դարպասներից։ Մյուս նմանատիպ ուղին վերահսկվում է Ադրբեջանի կողմից, որը սերտ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ և ԱՄՆ աջակցությամբ դրանք էլ ավելի է խորացնում։


― Բայց արդյո՞ք ԱՄՆ ներկայությունը երկարաժամկետ կլինի։


Այդ հարցը բաց է մնում, հատկապես հաշվի առնելով վերջին տարիներին ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխական բնույթը, որն ավելի ու ավելի է կախված երկրի ներքին օրակարգից։ Հենց այս անկայունության մեջ է Հայաստանի համար մեծագույն ռիսկերից մեկը։ Երևանը TRIPP-ի մեջ տեսնում է անվտանգության կայունացման հեռանկար, սակայն նույնքան հավանական է նաև, որ ամերիկյան կողմը վաղ թե ուշ թողնի նախաձեռնությունը։


― TRIPP-ը պարզապես «Զանգեզուրի միջանցքի» նոր անվա՞նում է, թե՞ իրականում այլ բան։


Դա հենց այն դեպքն է, երբ, ինչպես ասում են, «սատանան մանրամասների մեջ է»։ Առկա տեղեկությունները դեռ չեն պարզաբանում՝ ինչպես է գործելու այս ուղին, ինչ կարգավիճակով են գործելու ԱՄՆ ներկայացուցիչները Հայաստանում, ինչպես է կազմակերպվելու մարդկանց և բեռների տեղաշարժը և ինչպե՞ս է դա համապատասխանելու ՀՀ օրենսդրությանը։


― Ի՞նչ արձագանք է սպասվում Իրանից՝ հաշվի առնելով Սյունիքում արևմտյան ներկայության հեռանկարը։ Կարո՞ղ է արդյոք Թեհրանը դիմել դիվանագիտական կամ տնտեսական ճնշման։


Առայժմ Իրանի արձագանքը զուսպ է և զգուշավոր։ Կարծում եմ՝ այս փուլում Թեհրանը խուսափելու է կոշտ ճնշումներից, քանի որ դա կվատթարացնի հարաբերությունները Հայաստանի հետ, որը դարեր շարունակ եղել է բարեկամ պետություն։ Բացի այդ, տարածաշրջանում Իրանի սադրիչ դերի թուլացմանը նպաստել է նաև հունիսին Իսրայելի իրականացրած հարձակումը։ Ներկա պահին Թեհրանը իրական այլընտրանք չունի՝ Հայաստանի վրա ճնշում գործադրող ամերիկյան նախագծին հակակշիռ առաջարկելու համար։ Հետագա զարգացումները մեծապես կախված են Իրանի ներսում և նրա շուրջ ստեղծվող դինամիկայից։


― Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ–ՌԴ–Իրան մրցակցության պատանդ։


Այո, սա ամենամեծ վտանգն է Հայաստանի համար։ TRIPP-ը կարող է վերածել Հայաստանը մի տարածքի, որտեղ խաչվում են երեք գերտերությունների շահերը։ Ռուսաստանն ու Իրանը՝ որպես պատմական գործընկերներ, առայժմ պահպանում են զսպվածություն, սակայն երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Սա կարող է լուրջ ճգնաժամեր ստեղծել Հայաստանի համար՝ թե՛ արտաքին, և թե՛ ներքին քաղաքականության մեջ։


― Ինչպե՞ս կազդի Վաշինգտոնյան գործընթացում ԱՄՆ ներգրավվածությունը Հայաստանի ներքին քաղաքականության վրա։ Արդյո՞ք նույնիսկ նախնական փաստաթղթի ստորագրումը կարող է քննադատության ալիք բարձրացնել Փաշինյանի կառավարության դեմ՝ հատկապես՝ «խիստ ինքնիշխանությունից» հրաժարվելու մեղադրանքների համատեքստում։


Այո, ամենայն հավանականությամբ, ընդդիմությունը կփորձի այդ ուղղությամբ հարձակվել։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանում ամերիկյան ներկայության կամ ներգրավման գաղափարը որոշակի հասարակական աջակցություն ունի։ Բացի այդ, իշխանություններն էլ կփորձեն ամրապնդել իրենց դիրքերը՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը ներկայացնելով որպես կարգավորման առանցքային խնդիրների լուծման փորձ։ Ի վերջո, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կձևավորվեն և ինչպես դրանք կիրագործվեն։