7.06.2025
Վերջին օրերի յոթնամյա պատմությունը
prev Նախորդ նորություն

Երբ օձը խայթում է իր պոչը. Աթանեսյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասին

Լուսանկարը` ԱԲ գործիքներով
Լուսանկարը` ԱԲ գործիքներով

Հայ Առաքելական Եկեղեցին և Հայաստանի կառավարությունը հայտնվել են տեղեկատվական լարված հակադրության տարբեր բևեռներում։ Ինչի՞ հետ գործ ունենք իրականում՝ լիարժեք հակամարտությա՞ն, ազդեցության համար պայքարի՞, թե՞ պետական ինստիտուտների ռազմավարական ապակայունացման։ Այս մասին՝ VERELQ-ի անկեղծ ու սուր զրույցում ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ։ Ինչո՞ւ Եկեղեցին երբեք դուրս չի եղել քաղաքականությունից։ Ի՞նչու են իշխանությունները հարգված ինստիտուտները դարձնում հարվածի թիրախ։ Եվ ի՞նչ է իրականում նշանակում իշխանության «բացասական ինքնությունը»։ Պատասխանները՝ այս հարցազրույցում։


Արթուր Աթանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant  TV Online


Լուսանկարում Արթուր Աթանեսյանն է


VERELQ – Ինչպե՞ս կբնութագրեիք այս հակամարտության արմատները։ Որտե՞ղ է դրա սկզբնավորումը։ Ինչո՞ւ պարբերաբար ականատես ենք լինում նմանատիպ ճգնաժամային իրավիճակների կառավարության ու Եկեղեցու հարաբերություններում։ Ընդհանուր պատկերացմամբ՝ հակամարտությունը երկկողմանի գործընթաց է։


Արթուր Աթանեսյան – Ես դա լիարժեք հակամարտություն չէի անվանի։ Սա միակողմանի հարձակում է իշխանության ներկայացուցիչների կողմից՝ ոչ թե ողջ իշխանության, այլ որոշակի շրջանակների կողմից Եկեղեցու դեմ։ Եկեղեցու կողմից պետության կամ կառավարության վրա հարձակում չկա, այն պարզապես պաշտպանվում է։ Ուստի այստեղ ավելի ճիշտ է խոսել նպատակային տեղեկատվական հարձակումների, տեղեկատվական պատերազմի մասին։


Եթե նայենք Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում հանրության կողմից վստահված պետական և ազգային ինստիտուտների ցանկին, ապա անփոփոխ առաջատար դիրքերում են բանակը և Հայ Առաքելական Եկեղեցին։ Այս երկու կառույցներն ունեն բնակչության ամենաբարձր վստահության մակարդակը։ Մինչդեռ երեք իշխանական ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական, այդ թվում՝ նախագահն ու վարչապետը, միշտ զիջել են այդ ցուցանիշով։ Այսօր այդ վարկանիշները էլ ավելի ցածր են. խորհրդարանի վարկանիշը, օրինակ, վերջին տասնամյակում երբեք այսքան ցածր չի եղել։


Ակնհայտ է, որ իշխող ուժը և անձամբ վարչապետը պայքարում են սեփական վարկանիշի համար ոչ թե արդյունավետ աշխատանքի կամ արդյունքների միջոցով, այլ՝ ուրիշներին վարկաբեկելով։ Պետական իշխանությունները ազգային, պետական կամ հասարակական ինստիտուտները դիտարկում են ոչ թե որպես գործընկերներ կամ պետականության հենասյուներ, այլ՝ որպես մրցակիցներ կամ նույնիսկ հակառակորդներ։ Մասնավորապես՝ Եկեղեցին և բանակը դիտարկվում են որպես մրցակիցներ, իսկ երբեմն նույնիսկ՝ որպես թշնամիներ։ Այդ պատճառով սկսվում է նրանց վարկանիշի թուլացման գործընթացը՝ զրպարտությունների և տեղեկատվական հարձակումների միջոցով։


VERELQ – Այսինքն` պայքարը վարվում է Եկեղեցուն վարկաբեկելու համար, այլ ոչ թե սեփական ժողովրդականությունը բարձրացնելու՞։


Արթուր Աթանեսյան – Այո, այս երեւույթը սոցիոլոգիայում և քաղաքագիտությունում անվանում են «բացասական ինքնություն»․ երբ մարդը կամ կառույցը չի աշխատում իր վրա և չի բարձրացնում իր հեղինակությունը, այլ փորձում է նվազեցնել մյուսների հեղինակությունը։ Եվ սա, ցավոք, նորություն չէ։ Սկսած 1918 թվականից մեր էլիտաները երբեք չեն գիտակցել, որ իշխանության գալով՝ այլևս ընդդիմություն չեն, այլ պետություն ներկայացնող պաշտոնական իշխանություն, որը պետք է հոգա ողջ հասարակության շահերի մասին, ոչ թե միայն նեղ կուսակցական խմբերի։


Դա է պատճառը, որ բանակի դեմ պայքարը սկսվեց նրա հեղինակությունների վարկաբեկման միջոցով։ Միաժամանակ սկսվեց տեղեկատվական հարձակում Եկեղեցու ներկայացուցիչների դեմ։ Թեև այս պահին պայքարը ինստիտուցիոնալ մակարդակում չէ, սակայն արդեն կան ակնարկներ՝ իբր Եկեղեցին ազատված է հարկերից։ Մինչդեռ իրականում դեռ պարզ չէ՝ ով ում ինչ է պարտք։ Միաժամանակ հարձակումներ են լինում Հայ Առաքելական Եկեղեցու կոնկրետ ներկայացուցիչների՝ այդ թվում նաև կաթողիկոսի դեմ։


Իհարկե, ոչ ոք կատարյալ չէ։ Սակայն երբ թերությունները չեն հաղթահարվում համակարգի ներսում, այլ հրապարակայնացվում են, դա հիշեցնում է Գորբաչովի քաղաքականությունը․ նա, չլուծելով խնդիրները, պարզապես բարձրաձայնում էր դրանք՝ քանդելով համակարգը։ Նույնը հիմա անում է վարչապետը։ Նա դեռ չի գիտակցել, որ այլևս ընդդիմության առաջնորդ չէ, այլ՝ պետության ղեկավարը։ Իսկ Եկեղեցին պատկանում է ողջ հասարակությանը և ազգին։ Այն դիտարկել որպես հակառակորդ՝ վարչապետն իրավունք չունի նույնիսկ պետական կառավարման համակարգի տրամաբանության տեսանկյունից։


Բացի այդ, նա «աղբը հանում է տնից դուրս»՝ վնաս հասցնելով պետական շահերին։ Չէ՞ որ հարևան երկրներում մուֆթիների կենսագրություններում էլ կան դրվագներ, որոնք նրանք չէին ցանկանա հանրայնացնել։ Բայց այնտեղ դա չեն անում, և ճիշտ են անում։ Մեզ մոտ՝ հակառակը, իշխանության ներկայացուցիչների չափազանց ակտիվ ներգրավվածությունը հաղորդակցման գործընթացում հանգեցնում է նրան, որ հենց նրանք են վտանգ ստեղծում։ Սա հիշեցնում է իրավիճակ, երբ օձն ինքն իրեն է խայթում։ Ահա այսպես է գործում վարչապետը։


VERELQ – Սակայն իշխանության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները պնդում են, թե Եկեղեցին է նախ սկսեց՝ պահանջելով վարչապետի և իշխանությունների հրաժարականը։ Այժմ, իբր, իշխանություններն ուղղակի արձագանքում են։ Նախկինում Եկեղեցին ասում էր, որ պետք է տարանջատել իշխանությունը պետությունից, հիմա իշխանություններն են տարանջատում առաջնորդությունը Եկեղեցուց։


Արթուր Աթանեսյան – Հարցը շատ ավելի խորքային է։ Եկեղեցու դերը քաղաքականության մեջ զուտ հայկական խնդիր չէ։ Սա գլոբալ, հիմնարար խնդիր է։ Եվ տխուր է, որ մեր իշխանության ներկայացուցիչները կարծում են, թե կարող են լուծել այս խնդիրը՝ չունենալով համապատասխան գիտելիք և փորձ։ Նրանք պետք է ակտիվ համագործակցեին այլ կրոնական ինստիտուտների հետ՝ կաթոլիկ եկեղեցու, իսլամական աշխարհի։ Այդ դեպքում կհասկանային, որ ցանկացած հիմնարար Եկեղեցի մշտապես քաղաքականության մաս է եղել։


Եկեղեցին պարզապես մասնակից չէ, այն քաղաքական սուբյեկտ է։ Բավական է հիշել Վատիկանը։ Իսլամում՝ ի սկզբանե կրոնն ու քաղաքականությունը միահյուսված են եղել։ Ղուրանի մեկնաբանումը մշտապես քաղաքական շահերի համատեքստում է եղել։ Կրոնական առաջնորդներն իրականում քաղաքական առաջնորդներ են, որովհետև քաղաքականությունը, ինչպես գրում էր Պլատոնը, համակեցության արվեստն է։


Հետևաբար՝ Եկեղեցին իրավունք ունի խոսել քաղաքականությունից, ազդել քաղաքականության վրա և լինել դրա մի մասը։ Սեկուլյարիզմը նշանակում է Եկեղեցու տարանջատում պետությունից, բայց ոչ քաղաքականությունից։ Պետությունը և քաղաքականությունը նույնը չեն։ Եկեղեցին պետության մաս չի կազմում, սակայն մնում է քաղաքական լիարժեք սուբյեկտ։ Դա գրված է ցանկացած քաղաքագիտության դասագրքում։


Երբ Եկեղեցու ներկայացուցիչները ասում են, թե չեն զբաղվել և չեն պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ՝ դա սխալ է։ Ընդհակառակը, նրանք զբաղվել են, զբաղվում են և պետք է շարունակեն՝ վստահ լինելով իրենց իրավունքների վրա։ Դա չի նշանակում իշխանության կառուցվածքում ներգրավվածություն, բայց նշանակում է՝ իրավաչափ ներգրավվածություն քաղաքականության մեջ։ Մանավանդ՝ երբ իշխանությունն այդ գործն անարդյունավետ է իրականացնում։


VERELQ – Ի՞նչ զարգացումներ կարող են լինել այս բախումից։ Առջևում ընտրություններ են, կարելի՞ է սպասել լարվածության աճի։ Եկեղեցին մնում է իշխանությունից չկախված վերջին ինստիտուտներից մեկը։


Արթուր Աթանեսյան – Կցանկանայի, որ հենց Եկեղեցու ներսում գտնվեն իմաստուն և բանիմաց մարդիկ — որոնք այնտեղ ավելի շատ են, քան Ազգային ժողովում, — և իրականացնեն ներքին ինքնաքննություն։ Խաղաղ, առանց աղմուկ բարձրացնելու։ Որպեսզի ի հայտ գան թուլությունները, բայց առաջնային դառնան ուժեղ կողմերը։ Որովհետև Եկեղեցուն իսկապես հարվածում են, և պատասխան պետք է տրվի՝ պրոֆեսիոնալ, հանգիստ, գիտնականների ու հասարակության առողջ ուժերի հետ համադրմամբ։


Եկեղեցին պետք է ինքն իր մեջ վերացնի թույլ և խոցելի տեղերը, ներկայացնի նոր, արժանի ներկայացուցիչներ, այլ ոչ թե հենվի մեկ-երկու անհատի վրա։ Սա ռազմավարական սխալ կլինի։


Իսկ ինչ վերաբերում է իշխանությանը, ապա, ամենայն հավանականությամբ, այն կշարունակի խարխլել համակարգը։ Քանի որ անկարող է բարձրացնել սեփական վարկանիշը իրական ձեռքբերումների միջոցով, կփորձի խաթարել մյուսների հեղինակությունը՝ սև քարոզչությամբ։ Դրան պետք է պատրաստ լինել։


 

 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին