Էրդողանի վարչակազմի ու եվրոպական երկրների դիվանագիտական ատյանների միջեւ վերջին օրերի լարվածությունը հարաբերությունների աստիճանական վատացման գագաթնակետն է, իսկ սկսվել էր այդ գործընթացը առնվազն 10 տարի առաջ ու ընթանում էր Էրդողանի բռնապետական իշխանության ուժեղացմանը զուգահեռ, գրում է La Stampa-ն։
Հեղինակի խոսքով « Գերմանիայի, Ավստրիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի ու Շվեյցարիայի թ ե աջ, թե ձախ կառավարությունները վերջին տասնամյակին ականատես են դարձել մի շարք հայտարարությունների ու գործողությունների, որոնք ուղղված են տեղի թուրքական համայնքների վրա ազդելուն, սկզբում դա ընկալվում էր որպես ոչ պատշաճ միջամտություն, բայց այսօր գնահատվում է որպես իսկապես ապօրինի ու քայքայիչ գործողություններ»։
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ մոտ 10 տարի առաջ Անկարան սկսել է փոխել Diyanet-ի ուղղվածությունը՝ պետական գերատեսչություն, որը կրոնական ծառայություններ է մատուցում թուրքական սփյուռքին։ «Տասնամյակներ շարունակ եվրոպական կառավարությունները սերտ կապեր են հաստատել Diyanet –ի հետ, որն ընկալվում էր որպես Milli Görüs–ի նման թուրքական ծայրահեղական իսլամական կազմակերպությունների չափավոր ու աշխարհիկ այլընտրանք», պարզաբանում է լրագրողը։ Սակայն, երբ Անկարան սկսել է Diyanet –ում աշխատանքի ընդունել իսլամիստական հայացքներով իմամների, եվրոպական կառավարությունները սկսել են վերանայել այն համաձայնագրերը, որոնք թույ լ են տալիս այդ իմամներին դասավանդել դպրոցներում, աշխատել մզկիթներում կամ էլ քարոզել բանտերում»։
«Նացիզմի մեջ Գերմանիային ու Հոլալնդիային հասցեագրված վերջին մեղադրանքները գագաթնակետն են, - շարունակում է Վիդինոն, - բայց Անկարան մինչ այդ էլ է եվրոպական երկրների հասցեին բացահայտ պոպուլիստական մեղադրանքներ հնչեցրել՝ հանդիմանելով իսլամոֆոբիայի, նեոգաղութաթատիրության ու մարդու իրավունքների մշտական խախտումների մեջ։ Դրանով իսկ Անկարան թուրքական սփյուռքին կոչ էր անում դառնալ Մեծ նեոօսմանյան Թուրքիայի մի մասը, հակառակվելով եվրոպական կառավարությունների ինտեգրման փորձերին»։ Լրագրողի կարծիքով այս ուղերձը տարածում են ոչ միայն «Արդարության ու զարգացման» իշխող կուսակցության առաջնորդները, այլ «ազդեցության թուրքական ցանցը, որի բյուջեն վեջին տարինեին շատ արագ տեմպերով է աճում»։
«Իրավիճակը վատացել է անցած տարվա հուլիսին պետհեղաշրջման ձախողված փորձից հետ, որին հաջորդել են զանգվածային կալանավորումեր ու զտումներ Թուրքիայում, ինչպես նաեւ իսկական լրտեսական գործողություններ եվրոպական տարածքում՝ «հայրենիքի դավաճանների» դեմ: Ակնհայտ է դառնում, որ վերջին օրերի լարվածությունը թելադրված է ոչ այնքան քաղաքական օպորտունիզմով, այլ ավելի խորքային պատճառներով, ու Եվրոպան պետք է շտապ գտնի լուծում՝ առավել եւս, եթե Էրդողանը հաղթի հանրաքվեի արդյունքներով», ամփոփում է հեղինակը։