VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է ․ Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» նյարդայնացնում է նաեւ ՔՊ-ականներին, չնայած հրապարակային չեն խոսում, հակառակը՝ հարկ եղած դեպքում պրոպագանդում են շեֆի առաջ քաշած թեզերը: Սակայն մասնավոր զրույցներում շատ կոշտ են արտահայտվում՝ դա անվանելով Փաշինյանի իդեա ֆիքսը, որով փորձում է արդարացնել սեփական հանցանքները։ ՔՊ-ում «իրական Հայաստանի» դեմ քննադատության ալիքը հատկապես բարձրացել է այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել: Դրա մեջ հստակ ուղերձ են տեսել, թե Փաշինյանը հրահանգում է մոռանալ կատարվածը, հաշտվել կորուսյալ երկրի իրողության հետ, որպեսզի կարողանա իր դեմագոգիկ գաղափարները քարոզել։ Ի դեպ, հավանաբար, այս բողոքի ձայնը հասել է վարչապետին, վերջին շրջանում նա ծննդյան նվերներ գրեթե չի անում։
«Հրապարակը» գրում է ․ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակման օրվանից կադրային ջարդ է սկսել նախարարությունում։ Ազատել է նախարարի տեղակալներին, որոշ վարչության պետերի, ստորաբաժանումների ղեկավարների։ Մեր տեղեկություններով՝ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերից ազատվելը ոչ միայն նրա ցանկությունն է, այլեւ վերեւից իջած հրահանգ։ Անգամ չի խնայել իր համակուրսեցուն, որը Մինասյանի հետ մտերիմ է եղել: Փորձեցինք պարզել, թե քանի պաշտոնյա է հեռացել ԱՆ-ից: Ազատվել է վերահսկողության պետը, նրա փոխարեն նշանակվել է նախկին դատախազ Արսեն Սիմոնյանը։
Ազատվել է Քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը, նշանակվել է Կլարա Գասպարյանը, Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ է նշանակվել Ռուբինա Մխիթարյանը, որը նախարարությունում բաժնի պետ է եղել։ Առհասարակ, Գալյանը կանանց հանդեպ թուլություն ունի եւ անգամ Քրեակատարողական ծառայության պետ նշանակեց կնոջ` Ծովինար Թադեւոսյանին, որին համակարգը չի ընդունում: Մեզ ասացին, որ կադրային ջարդը շարունակվելու է։ Նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք կադրային ջարդի վերաբերյալ, պատախանեցին․ «Բոլոր կառույցներին բնորոշ, ԱՆ-ում նույնպես կադրային փոխատեղումներ եւ շարժեր են լինում: Փոփոխությունների, նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ կերպով թարմացվում է նախարարության կայքում: Այդ գործընթացները բնավ նույնական չեն «կադրային ջարդ» ձեւակերպմանը»:
«Հրապարակը» գրում է ․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է ավտոմեքենա, ուղեկցողներ եւ այլն։ Օրենքով պետպահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, «այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչների» եւս կարող է տրամադրվել` վարչապետի որոշմամբ։ Դիմողը պետք է հիմնավորի, թե իր անվտանգությանն ինչ սպառնալիքներ կան: Թե ինչու է Հ․ Սարգսյանը դիմել, նա չգաղտնազերծեց, հարցը լսելով ասաց՝ չի ուզում մեկնաբանել։ Նշենք, որ պատգամավորը վերջին շրջանում ելույթներ է ունենում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների մասին եւ օրինագծեր է բերում առցանց խաղերի բիզնեսի դեմ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի «ֆեյքերի ֆաբրիկայի» գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ըստ «Օրագիր news»-ի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել է հետեւյալ բովանդակությամբ գրառում. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետեւից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա, ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։
Այս հրապարակման ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել էր, որ Տարոն Չախոյանի վարքագիծը` սոցիալական մեդիայում վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակման կատարումը, առերեւույթ կերպով կարող է հանգեցնել հանրային իշխանության հեղինակազրկման կամ հեղինակության արատավորման։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը որոշել էր նշված դեպքի առթիվ հարուցել վարույթ։ «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովից պատասխանեցին հետևյալը.
«Հրապարակման հիման վրա Հանձնաժողովի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում որոշվել է վարքագծի կանոնի խախտման առկայությունը կամ բացակայությունը գնահատելու նպատակով Տարոն Չախոյանի նկատմամբ հարուցել համապատասխան վարույթ՝ վարքագծի կանոնի առերևույթ խախտման հիմքով: Սակայն մինչև վարույթի հարուցումը, Հանձնաժողովի կողմից իրականացվող մեդիամոնիթորինգի շրջանակներում վերհանվել են Տարոն Չախոյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտումների վերաբերյալ այլ հրապարակումներ ևս, ինչով պայմանավորված՝ իրականացվում է հավելյալ ուսումնասիրություն՝ հարուցվող վարույթի շրջանակներում դրանց ևս անդրադառնալու նպատակով»: Այսինքն, Հանձնաժողովը ոչ թե մեկ, այլ մի քանի հրապարակումներ ևս դիտարկում է, քանի որ Չախոյանն իր՝ հանրային պաշտոնյային անհարիր վարքով անգամ Հանձնաժողովում է «ճանաչված»։ Մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացվի: «Ժողովուրդ» օրաթերթը հետևողական կլինի այս գործին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին։ Եվ քանի որ արցախցիները ողջ կազմակերպչական հարցերը քաղաքական գործիչների փոխարեն դրել են հասարակական սեկտորի ներկայացուցիչների ուսերին ու այդ նպատակով ձեւավորել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ, ապա իշխանություններին մինչ այս պահը չի հաջողվում բռնել ու շինծու մեղադրանքներ առաջադրել Արցախի նախկին պաշտոնյաներին։ Ուստի որոշել են պառակտիչ գործողություններ ծավալել հենց արցախցիների միջոցով։ Մեզ պատմեցին, որ ՀԿ որոշ ներկայացուցիչներ կազմակերպչական քննարկումների ժամանակ փորձել են սլաքները ՀՀ իշխանություններից տեղափոխել դեպի ՄԱԿ-ի եւ այլ միջազգային պատասխանատուների կողմը, թե` մենք ՀՀ իշխանություններից չպետք է պահանջներ ունենանք, Բաքվում պահվող գերիների, մեր վերադարձի իրավունքի համար պետք է պահանջներ ներկայացնենք ՄԱԿ-ին, ՀՀ-ում հավատարմագրված արեւմտյան դեսպաններին:
Սակայն այդ փորձերը մերժվել են: Եվ ոմանք հրապարակային հայտարարություններ են արել, թե չեն մասնակցելու հանրահավաքին: Իրականում արցախցիների այս հավաքը, սոցիալական խնդիրներից զատ, նաեւ քաղաքական օրակարգ է առաջ տանելու: Թեեւ կենտրոնում ապրիլի 1-ից արցախցիներին հատկացվող 40 հազարների դադարեցման հարցն է եւ բնակարանների ապահովման ռեալ ծրագրի պահանջը, քանի որ գործող ծրագրով բանկերն արցախցիներից կանխավճար են պահանջում՝ հաշվի չառնելով պետության տված սերտիֆիկատները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արշալույսները խաղաղ չեն ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը կադրային ջարդ է սկսելու: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեում շատերը կա՛մ սպասում են sms-ի, կա՛մ Արթուր Նահապետյանի հետ հանդիպման, որ հասկանան՝ իրենց հետագա ճակատագիրն ինչպես կառուցեն։ Չի բացառվում, որ կադրային ջարդը սկսվի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալներից: Հիշեցնենք, որ մարտի 20-ի ՀՀ Կառավարության նիստի ժամանակ Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնում Նահապետյանի թեկնածությունը գործադիրին առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ թեկնածուն զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղարշ Աբրահամյանը, որ Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի իրական շահառուն է, աշխատանքային բարեխիղճ պայմաններ չի ստեղծում իր կենտրոնի աշխատակիցների համար: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ստանալ բողոքներ ոսկու վաճառքով զբաղվողներից, որ ամեն քառակուսի սանտիմետրում սեղանիկ է դրված «Ոսկու աշխարհում», իսկ պետքարան, անվտանգության մուտքեր և էլ չասած՝ մեքենաների կայանման հարմարություններ պարզապես չկան ամենաաշխույժ առևտրի այդ կենտրոնում: Իհարկե, կա ավտոկայանատեղի, բայց Վաղարշ Աբրահամյանի և իր թիմակիցների համար է. շարքային վաճառականին անհասանելի է առևտրի կենտրոնի կայանատեղին:
Նկատենք, որ Վաղարշ Աբրահամյանը, որ գերշահույթներ է ստանում բիզնեսի այդ տեսակից, չի կարողանում պաշտպանել անգամ անվտանգության աշխատակիցների ընտրության հարցը, այնպես կազմակերպել, որ իրապես անհնար լինի թանկարժեք մետաղների վաճառքի սեղանիկներում գողություն անելը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացավ, որ մարտի 23-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, օգտվելով աշխատակցուհու՝ 25-ամյա Սերենա Մ․-ի անուշադրութունից, Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մարիամ Խ․-ն գաղտնի հափշտակել է ոսկյա զարդեր:
«Ոսկու աշխարհին» առնչվող մյուս խնդիրներին առաջիկա տեսանյութով կանդրադառնանք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովը քվեարկելու է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագիծը, և ինչպես արդեն իշխող ՔՊ-ն հայտարարել է, իրենք դեմ են: Իսկ ինչ էր առաջարկում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: «Նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաեւ սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, դրանում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը»։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ներկայացված նախագծի կարգավորումն իրենց քաղաքական թիմի հանձնառությունն է, որը ստանձնել են 2021 թվականին և ընդգծել է, որ նախորդ 4 տարիների ընթացքում Կառավարությունը հետեւողական է եղել, եւ գրեթե 22 տոկոսով ավելացվել են կենսաթոշակի չափերը։
«Ժողովուրդ» օրաթերթը թվային տվյալներով ներկայացնում է տարածաշրջանում և Ռուսաստանի Դաշնությունում միջին ամսական կենսաթոշակի քանակը։ Հայաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի աշխատանքային ստաժից և կենսաթոշակի տեսակից։ Աշխատանքային կենսաթոշակ. եթե անձը ունի աշխատանքային ստաժ, ապա կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի հիման վրա, որը 2023 թվականից կազմում է 24,000 դրամ։
Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36,000 դրամ (≈ 92 դոլար)։ Ըստ 2023 թվականի տվյալների՝ աշխատանքային կենսաթոշակ ստացող թոշակառուների միջին ամսական կենսաթոշակը կազմում էր մոտ 49,132 դրամ (≈ 125 դոլար)։ Վրաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի տարիքից և բնակության վայրից։ Մասնավորապես, մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կազմում է 350 լարի (≈ 124 դոլար)։ 70 և բարձր տարիք ունեցող թոշակառուների համար՝ 450 լարի (մոտ 159 դոլար)։ 2025 թվականին Ադրբեջանում միջին ծերության կենսաթոշակը կկազմի 569 մանաթ (≈ 335 դոլար), իսկ աշխատանքային միջին նպաստը կկազմի 494 մանաթ (≈ 291 դոլար):
Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտավորապես 24 000 ռուբլի (≈ 234 դոլար): Այս դեպքում կենսաթոշակի չափը պետք է կազմի կորցրած եկամտի առնվազն 40%-ը։ Այսինքն, եթե 2025 թվականին 80 000 հազար ռուբլի է միջին աշխատավարձը, կենսաթոշակի չափը մոտավորապես հավասար է 32 000 ռուբլու (≈ 312 դոլար): Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 10 315 լիրա (≈ 292 դոլար): Առավելագույն վճարը կազմում է 25 000 լիրա (≈707 դոլար), որը սովորաբար ստանում են պետական հատվածի նախկին աշխատակիցները, ինչպիսիք են քաղաքապետները, նախարարները և վարչակազմի ղեկավարները: Դոկտորական կոչում ունեցող Թուրքիայի քաղաքացիների միջին կենսաթոշակը 18 000 լիրա է (≈ 509 դոլար):
Նշված ցուցանիշները համադրելով՝ հարկ է նշել, որ Հայաստանում ծերության միջին թոշակը ամենացածրն է. Վրաստանի հետ գրեթե նույն մակարդակում ենք, սակայն տարածաշրջանում ամենավերջին տեղն ենք զբաղեցնում։ Առկա թվերը ապացույց են՝ որքան էլ կենսաթոշակը բարձրացնելու մասին գլուխ գովելու թվեր է հնչեցնում իշխանությունը, այնուամենայնիվ, ՀՀ-ն վերջին տեղում է տարածաշրջանում։ Օրեցօր թանկացող ապրանքները, հարկերը, կոմունալները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ամսական միջին կենսաթոշակը բավարար չէ անգամ գոյատևելու համար, իսկ իշխանությունը սրանք հաշվի չի առնում»: