VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ եւ ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով եւ չեն խորշում բռնություններ գործադրելուց: Բայց չեն մանրամասնել, թե ինչու։ Ենթադրվում է, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը որոշել է ժողովրդի դեմ դուրս գալ` գերազանցելով բոլոր նախորդներին, եւ բռնություններ գործադրելով՝ ճնշել ժողովրդական շարժումը: Մինչդեռ անգամ Վովա Գասպարյանը, Ալիկ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը եւ մյուս ոստիկանապետերը` ինչքան էլ հավատարմորեն ծառայել են ժամանակի իշխանություններին, ժողովրդական ընդվզումների ժամանակ ինչ-որ սահմաններ աշխատել են չխախտել: Իջեւանցի Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու՝ ծառայել իր զեմլյակին եւ ամեն գնով պաշտպանել երկիրը դանդաղ հանձնելու նրա քաղաքականությո՞ւնը, թե՞ ժողովրդի կողմն անցնել։ Ի դեպ, երեկ իշխանական շրջանակներում խոսում էին, որ առաջիկա օրերին հնարավոր են ռուսական ազդեցության գործիչների ձերբակալություններ, որ հանրությանը ցույց տան, թե այս նոր շարժումն ուղղորդվում եւ կառավարվում է ռուսների կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները եւ լարված իրավիճակը «փոխում» են Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը պետք է ներկա գտնվեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: Սակայն, Նիկոլ Փաշինյանը չեղարկել է իր մասնակցությունը ֆուտբոլային այդ կարեւոր իրադարձությանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` պատճառը քաղաքում տիրող գերլարված տրամադրությունների եւ հասարակական դժգոհությունների մեծ ալիքն է: Նիկոլ Փաշինյանը, ամենօրյա դարձած բողոքի ակցիաների ֆոնին, որոշել է չգնալ հանրային այդ միջոցառմանը, հավանաբար, որպեսզի խուսափի հերթական տհաճ միջադեպից, ինչին բախվեց տիկինը՝ Աննա Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ վարչապետի խոսնակին՝ պարզելու՝ ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը ֆուտբոլային այդ միջոցառմանը: Խոսնակը, սակայն, նշեց, թե որեւէ տեղեկություն չունի այդ մասին. ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մեր ունեցած ինֆորմացիան»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երեւան եկող երթը լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխանությունների մոտ․ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին եւ իշխանական քարոզչական բլոկը համակարգողներին հրահանգել է՝ թափով աշխատել սոցցանցերում եւ լրատվամիջոցներում. շարժումը հնարավորինս կապել նախկինների եւ Ռուսաստանի հետ, վարկաբեկել եկեղեցուն եւ Բագրատ սրբազանին, հայտարարել, որ Հայաստանը չի կարող կրոնապետություն դառնալ եւ այլն: Մյուս կողմից զգուշացվել է իշխանականներին՝ այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը եւ դժգոհ մարդկանց կհանեն իշխանության դեմ։ Իսկ այսօր այդ պայքարին կմիանա նաեւ ինքը՝ ասուլիս տալով։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի կոնկետ՝ այս օրերին Հայ առաքելական եկեղեցու և սկսված շարժման դեմ հակաքարոզչության մակարդակից և արդյունքներից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանգստյան օրերին նա նույնիսկ «պատերով է տվել» իր տեղեկատվական բլոկի պատասխանատուներին: Բանն այն է, հակաքարոզչությունը ապարդյուն է անցնում, չնայած այն բանին, որ ահռելի քանակությամբ նոր ֆեյք էջեր են բացել ու լցրել սոցցանցեր, զգալի ռեսուրսներ են ներդրվում: Իսկ ինչո՞ւ է անարդյունավետ: Փորձագետների համոզմամբ, կա մի քանի պատճառ: Նախ՝ ապաշնորհությունը, ապա՝ նույնիսկ այս իշխանությունների համար ստի դոզայի չափազանց անհավատալիությունն ու պարզունակությունը, ինչը, ըստ շատ մասնագետների, պարզապես ողորմելի տպավորություն է թողնում:
Փաշինյանի «փիարչիների» շրջանառած մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ սոսկ ծիծաղ են շարժում, ու ոչ մի մեղադրանք չի «կպնում» Բագրատ Սրբազանին, նրա գլխավորած շարժման մասնակիցներին, եկեղեցուն ընդհանրապես: Երկրորդ՝ փաշինյանական սատելիտները, այսինքն՝ մերձիշխանական շրջանակները, նաև հենց «փիարչիները» չեն կարողանում թաքցնել իրենց անհանգստությունն ու տագնապը, որն արտահայտվում է հիստերիկ, իբր հեգնական արձագանքներով: Սա մեխանիկորեն տարածվում է նաև քպական «շարքերի» վրա, որքան էլ, մեր տեղեկություններով, Փաշինյանը ներքին կարգով մեսիջներ է ուղարկում յուրայիններին, թե «ամեն ինչ կարգին է»:
Ի լրումն, փողոցով իշխանության եկածները... «փողոցով իշխանափոխության» դեմ են խոսում, ինչն առնվազն հեգնական արձագանքներից ավելին չի հարուցում սոցցանցերում: Ըստ այդմ, չի բացառվում, որ տեսնելով՝ «թիմը» գործ չի անում կամ, մեղմ ասած, լավ չի աշխատում, Փաշինյանը փորձելու է իր ձեռքը վերցնել ընթացքը: Հնարավոր է՝ հենց դրա համար էլ նա այսօր հերթական ասուլիսն է կազմակերպում...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց. «Ընտրություններում մեր հաղթանակի վերահաստատումից հետո գերիների վերադարձման գործընթացը կակտիվանա»։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց իրավիճակը եւ պարզեց, որ իհարկե, այս տարի մի խումբ շիրակցի գերիներ վերադարձան, սակայն այս պահին պաշտոնապես Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Ոչ պաշտոնական շրջանակով նշվում է եւս 80 չհաստատված գերու մասին։ Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը հունվարի 25-ին, երկարացվեց եւս 4 ամսով։ Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հունիսյան ընտրություններում հաղթանակից հետո արագացնել գերիների վերադարձի գործընթացը, անգամ ժամկետ էր նշում՝ 1-2 ամիս, այնուամենայնիվ, պատերազմից 3 տարի եւ հինգ ամիս անց ոչ միայն չեն վերադարձվել գերիները, այլեւ Հայաստանից ու Արցախից նոր գերիներ եւ առեւանգվածներ կան Ադրբեջանի բանտերում։ Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը խաբում է»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը, հանձնախմբի անդամներ Կարեն Բեքարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկ մոտ 2 ժամանոց հանդիպում են ունեցել Արցախի պատգամավորների հետ։ Անցած շաբաթ էլ հանդիպել էին լրատվամիջոցների խմբագիրների հետ: Օսկանյանն արցախցիներին ներկայացրել է անցած 2 ամսում արտերկրում ունեցած հանդիպումները՝ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ։ Պատմել է, որ բազում հանդիպումներ են ունեցել տարբեր պաշտոնյաների, միջազգային կառույցի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Տոյվո Կլաարի: Ասել է, որ հնարավոր բոլոր ջանքերը ներդնելու է՝ արցախցիների իրավունքների եւ հատկապես հայրենադարձության հարցը լուծելու համար:
Նշել է, որ այդ ճանապարհը հեշտ չէ, քանի որ ոչ միայն պետական մակարդակով նման ծրագիր չի իրականացվում, այլեւ խոչընդոտում են ուրիշների` նման ծրագիր իրականացնելու փորձերին։ Դիցուք, տարբեր պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպաններ կապ են հաստատում տվյալ պետության իքս պաշտոնյայի հետ, որի հետ իրենք հանդիպել են, ու հորդորում են, որ այլեւս զերծ մնան նման հանդիպումներից, քանի որ դրանով իբր խոչընդոտում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացին։ Այդուհանդերձ, Օսկանյանը վստահեցրել է, որ շարունակելու են աշխատանքները: Ասել է, որ հանձնախմբի անդամների միջեւ աշխատանքի բաժանում են կատարել, մեկը քաղաքական գիծն է առաջ տանելու, երկրորդը՝ իրավական: Կարեն Բեքարյանի վրա դրվել է Հայաստանում թեման տաք պահելու առաքելությունը: Օսկանյանի համոզմամբ՝ ամենափոքր շանսերը պետք է օգտագործել եթե ոչ այսօրվա, գոնե ապագայի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման հիմքով ԱԺ չներկայանալը ու հարց են բարձրացնում, թե այդ ինչ հիվանդություն էր, որ նա չեկավ ԱԺ։ Ու մինչ իշխանական պատգամավորները չեն կարողանում գտնել հարցի պատասխանը, Դավիթ Խաչատուրյանը, ԱԺ «չներկայանալու» փոխարեն, գնացել է մայիսի 3-ին կայացած դատավորների ժողովին, ու ինչպես կոլեգաներն են նկատել, նա բավականին առողջ ու թարմ տեսք է ունեցել։ Հաջորդ քառօրյային պարզ կլինի՝ Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, որ նա ՍԴ դատավոր դառնալու իր երազանքին հասներ, թե՞ այլ խորքային պատճառներ կան։ Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր: Այդ պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանին՝ հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։ ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հարցը հանվում է օրակարգից. «Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը եւ խնդրել է տեղափոխել քննարկման օրը։ Հետեւաբար՝ հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է եւ հետագայում կքննարկվի»,- նշել էր Ռուբինյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հաճախ է անդրադառնում ՀՀ հանրային կառավարման մարմինների կողմից կատարած գնումներին։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց ոչ թե թանկարժեքության կամ մատակարարող ընկերության պատճառով, այլ, գուցե, զավեշտալի լինելու հանգամանքով պայմանավորված: Էկոնոմիկայի նախարարությունը գնել է նկարազարդ տիկնիկ և նկարազարդ կավ։ Պայմանագիրը, որտեղ հաճախ նշվում է գնման նպատակը, կցված չէ ու պարզ չէ, թե նախարարության որ կարիքների համար է գնումն արվել: Հարկ է նշել նաև՝ եթե սա նվեր լիներ, ապա օրենքով արգելված կլիներ։ Ինչպես, օրինակ, 2010 թվականին, երբ ՊԵԿ-ը Ամանորին իր աշխատակիցներին ժամացույցներ էր նվիրել, ընդ որում՝ յուրաքանչյունը 1 մլն դրամ արժողությամբ։ Կամ, ինչպես օրինակ, ներքին գործերի նախարարության դեպքում. նախարարությունը 89 թանկարժեք ժամացույց էր գնել, որի 45-ից յուրաքանչյուրն արժե 114 հազար 540 դրամ, իսկ 44-ից յուրաքանչյուրը` 128 հազար դրամ։ Ժամացույցների համար ընդհանուր վճարվել է 10 մլն 786 հազար դրամ։ Նկարագրությունից տեղեկանում ենք, որ ժամացույցները նախատեսված են՝ իբրև պարգև տալու համար:
Հարկ է նշել, որ նման պարգևատրում ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում, իսկ ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին հաստատված՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման և սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ»տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկերը սահմանելու մասին որոշման, նաև նույն որոշման մեջ ներառված կարգի համաձայն՝ նշված նվերների օրինակները չկան օրենքում, ըստ այդմ՝ անթույլատրելի են»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ առ ժամանակ իշխանությունները լուրեր են շրջանառում՝ X «չարագործին» կաշառք ստանալու համար ձերբակալելու մասին։ Զորօրինակ՝ ՀՀ ՊԵԿ օպերատիվ տեսչական բաժնի պետի տեղակալ Վիգեն Մելքոնյանը. նա մեկ տարի առաջ, համաձայն մամուլի հրապարակումների, ձերբակալվել էր, եւ կարելի էր ենթադրել, որ արդեն կրում է պատիժը։ Բայց կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլեւ անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում։ Նշենք, որ Վիգեն Մելքոնյանի կինը ՏԿԵՆ աշխատակից Քրիստինե Ֆեսչյանն է։ Կոռուպցիան, փաստորեն, դարձել է «անձեռնմխելի» երեւույթ մեր երկրում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին մի քանի դիմորդ ունեցող բուհի ֆինանսական վիճակն ավելի է ծանրացել: Ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանը վերջերս է տեղեկացել, որ համալսարանը կուտակել է ավելի քան 340 միլիոն դրամ գույքահարկի պարտք: Պարզել է, որ պարտքի միայն մի մասն է առնչվում իր ղեկավարման ժամանակահատվածին, մեծ մասը կուտակվել է 2021-ից, երբ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը: Համալսարանը գույք ունի Երեւանում, Կոտայքում, Արագածոտնում, Սյունիքում, Լոռիում եւ Արմավիրում: Ըստ մեր տեղեկությունների, այս խոշոր պարտքն արտացոլված չի եղել 2021-2024թթ. հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված բյուջեի նախահաշվում ու կատարողականներում, եւ հիմա համապատասխան մարմինները պետք է պարզեն, թե վերոնշյալ ժամանակահատվածում Ուռուտյանի եւ Զաքոյանի (2018 թվականից՝ նախ տնտեսական հարցերի գծով, ապա նաեւ՝ ուսումնական գծով պրոռեկտոր) կողմից հարկային պարտավորությունները չկատարելը, դրանք ֆինանսական փաստաթղթերում չներառելը եղել են սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ հոգաբարձուների խորհրդի գիտությամբ>: