VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց «ՀայաՔվեի» նախագիծը խորհրդարանում քննարկելու հարցին: 56 հոգի դեմ էր նախագծին, 24 հոգի՝ կողմ, մեկ հոգի ձեռնպահ է քվեարկել: ArmLur.am-ը պարզել էր, որ ձեռնպահ է քվեարկել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Դա, սակայն, օրվա միակ անակնկալը չէր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունում կողմ քվեարկող է եղել։ Խոսքը Գուրգեն Արսենյանի մասին է։ Նա կողմ է քվեարկել «ՀայաՔվե»-ի նախագծին։ Եվս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Հռիփսիմե Հունանյանը, չի մասնակցել նախագծի քվեարկությանը, թեեւ դահլիճում դիմակով նստած էր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեք շաբաթ է՝ Լեւոն Քոչարյանն ԱԺ պատգամավոր է, սակայն նա ընդգրկված չէ որեւէ մշտական հանձնաժողովում, ինչն օրենքի պահանջ է, եւ բոլոր պատգամավորներն ԱԺ որեւէ մշտական հանձնաժողովի անդամ են։ Բանն այն է, որ Լ․ Քոչարյանը փոխարինում է Արմեն Չարչյանին, ով առողջապահության հանձնաժողովի անդամ էր, սակայն առնվազն տարօրինակ կլինի, եթե Լեւոն Քոչարյանն անդամակցի այդ հանձնաժողովին, որը, ի դեպ, արհեստածին մի բան է՝ ժամանակին սոցիալական հարցերը եւ առողջապահությունը միասին էին, հետագայում դրանք կիսեցին, եւ այժմ կա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով եւ Առողջապահության մշտական հանձնաժողով, որը ղեկավարում է մասնագիտությամբ բժիշկ Նարեկ Զեյնալյանը։
Ինքը՝ Լեւոն Քոչարյանը, որոշ տեղեկություններով, ցանկություն ունի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում աշխատել, որտեղ, սակայն, ընդդիմության քվոտան արդեն սպառված է՝ «Հայաստան» դաշինքից 3 պատգամավոր է ընդգրկված՝ Արմեն Ռուստամյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանը։ Որպեսզի տպավորություն չլինի, թե հիմա էլ Լեւոն Քոչարյանի համար հատուկ մարդ են տեղաշարժում մի հանձնաժողովից մյուսը, եւ ստիպված չլինեն ռոտացիա իրականացնել՝ մեկին տեղափոխելով առողջապահության հանձնաժողով, որ տեղ բացվի Քոչարյանի համար, դաշինքում որոշել են ընդհանուր ռոտացիա իրականացնել՝ տեղափոխություններ անելով բոլոր մշտական հանձնաժողովներում, բայց արդեն՝ հաջորդ նստաշրջանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում: Այս անգամ խոսքը ԱԺ-ում ոչնչով աչքի չընկնող, հազվադեպ ելույթներ ունեցող Արեն Մկրտչյանի մասին է: Նա երեկ Ալավերդու համայնքապետարանում որոշել էր «կինոյի տղա» խաղալ ու իսկական շոու էր բեմադրել: Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցավ Ալավերդի համայնքի ավագանու նիստ, որ ժամանակ իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած ՔՊ-ականները անվստահություն հայտնեցին Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, այն կուսակցությունը, որի հովանավորը Ռուբեն Վարդանյանն է, եւ որի ազատության համար փաստացի ոչինչ չի անում Նիկոլ Փաշինյանի թիմը: Եվ, ահա, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը վերջին անգամ անհիշելի ժամանակներից է ԱԺ-ում ելույթ ունեցել կամ որեւէ նախագիծ հեղինակել, որոշել էր Ալավերդու համայնքապետարանում շոու բեմադրել եւ գոնե այնտեղ աչքի ընկնել:
Նա անընդհատ կռիվ էր հրահրում, անվայելուչ պահվածք էր դրսեւորում եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնում Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի հասցեին: Ուշագրավ է, որ 2022թ.-ի՝ Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Արեն Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն Ալավերդիում պարտվել էր «Ապրելու երկիր» կուսակցությանը: Այս պարտության համար ՔՊ-ականները մինչեւ հիմա մեղավոր համարում են Արեն Մկրտչյանին: Հիմա, փաստորեն, ընտրությունները տապալած Արեն Մկրտչյանը որոշել է կռիվների եւ անվայելուչ շոուների միջոցով Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալ ու թիմակիցների մոտ նորից իր հանդեպ վստահություն ձեւավորել՝ դառնալով մերօրյա Շմայս:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ալավերդիում իշխանությունը ռեւանշի գնաց՝ իրականացնելով իմպիչմենթ, որն իրականում ոստիկանական օպերացիա էր, այլ ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված գործընթաց։ Թվում է, թե իմպիչմենթը քաղաքակիրթ պրոցես է, եւ բոլոր առաջադեմ երկրներում այն իրականացվում է, բայց այս պարագայում իմպիչմենթի անվան տակ իշխանազավթման բացարձակ ապօրինի գործողություն արվեց։ Նախ օրինական ընտրված եւ լավ աշխատող համայնքապետին հեռացրին՝ միայն այն պատճառով, որ նա ՔՊ-ական չէ եւ չի ծառայում ՔՊ-ին։ Եվ իշխանության բերեցին մարզում վարկաբեկված նախկին ՀՀԿ-ականի, որի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, եւ նա բազմիցս սկանդալների մեջ է հայտնվել։ ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով զավթող ՔՊ-ն, փաստորեն, նախընտրում է կրիմինալին՝ Վանաձորում Ակային համայնքապետ նշանակելուց հետո Ալավերդին գրավեցին։ Ո՞րն է հաջորդը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում երեկ աշխատանքային ժամին խրախճանք են կազմակերպել։ Մեզ պատմեցին, որ ընդհանուր բաժնի աշխատակիցներից մեկը՝ Սոնա անունով, ով ազատվել է նախկին թաղապետի կողմից եւ օրերս վերականգնվել «Հանրապետություն» կուսակցության քվոտայով թաղապետ դարձած Ռոմիկ Մխիթարյանի հրամանով, որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով եւ գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում։ Թաղապետ Մխիթարյանը երեկ սկզբում չորով փորձեց հերքել խրախճանքի մասին լուրը, սակայն որոշեց, այնուամենայնիվ, ստուգել, ավելի ուշ զանգահարեց եւ հաստատեց մեր տեղեկությունը՝ բացատրելով, թե ալկոհոլ չեն օգտագործել։ «Եղել է թխվածք, հյութ եւ այլն, ոգելից չի եղել»,- ասաց Մխիթարյանը՝ չհերքելով խրախճանքի լուրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. Ավարտվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Այս տարվա սկզբին ձեւավորված այս նոր նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում էր նախկին փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, եւ քաղծառայության այդ պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել։ Ի դեպ, այն բավականին բարձր եւ գրավիչ պաշտոն է, որի համալրման համար հայտարարվել էր ներքին մրցույթ, այսինքն՝ կարող են մասնակցել միայն նախարարության աշխատողները, որն էլ հաղթել է Արա Ֆիդանյանը։ Իհարկե, մրցույթ ասվածը ենթադրում է մեկից ավելի մասնակից, բայց սա այդ դեպքը չէ․ Ֆիդանյանը միակն է եղել, ով դիմել է այս պաշտոնի համար։ Թեեւ նախարարության համակարգից կարող էին մյուսներն էլ դիմել ու մասնակցել մրցույթին, բայց ՆԳՆ-ում «ձեւականությունների» հետեւից չեն ընկել, ցանկացել են, որ Ֆիդանյանն անցնի մրցույթով, նա էլ անցել է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներին ամիսներ շարունակ օգնություն տրամադրող դերասանուհի Անաիս Սարդարյանը օրերս դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար տարածք տրամադրելու պահանջով։ ԿԳՄՍ փոխնախարարը իր պատասխանում նշել էր, որ արժեւորում եւ կարեւորում է նման միջոցառումները, նաեւ նրանց մասնակցությունը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ներկայացումներին։ Նամակում առկա են բազմաթիվ ուղղագրական սխալներ, եւ այն ուղարկել է ԿԳՄՍ նախարարությունը։ Instagram-ում «սթորիներ» անելուց հետո Անաիսին չեն համաձայնել նույնիսկ վարձով տարածք տալ։ Անաիս Սարդարյանի ինստագրամյան «սթորիներից» հետո Դանիել Դանիելյանը ընդունել եւ ամբողջ սխալը իր վրա է վերցրել։ Անաիս Սարդարյանի ինստագրամյան սթորիներից հետո, երբ բողոքի ալիք բարձրացավ, նրան ոչ թե անվճար, այլ վարձակալության սկզբունքով տրամադրել են «Արամ Խաչատրյան» համերգասրահը։ Սրահի վարձակալության համար պահանջել են 1 մլն 300 հազարից մինչեւ 1 մլն 500 հազար դրամ. թե, ըստ պայմանագրի, որքան գումար էր, Անաիսը դժվարացավ ասել։ «Կարող էին էդ գումարը չվերցնել, եւ մենք 1 միլիոն դրամի ավել բոթաս կունենայինք»,- ասաց Անաիս Սարդարյանը: Կարճ ասած, հանրային ճնշումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է դերասանուհու պահանջը, եւ համերգը կկայանա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում շինարարության ծավալները, 2021 թվականի համեմատ, ավելացել են գրեթե 7 մլրդ դրամով։ Վերջին տարիներին թե՛ Երեւանում, թե՛ մարզերում տեղ ու դադար չկա, ամենուր շինարարական հրապարակներ են եւ վեր խոյացած կռունկներ։ Վերջին տարիներին Հայաստանում կա նաեւ կենտրոնացվածության խնդիր, այսինքն՝ ըստ 2022 թվականի տվյալների՝ Երեւան քաղաքում կենտրոնացված է ՀՀ 2 մլն 961 հազար բնակչության 1 մլն 92 հազարը։ Վերջին անգամ ՀՀ բնակչության թիվը 3 միլիոն է հասել 2015 թվականին, բայց նույնիսկ այդ ժամանակ չկար բնակարանային ֆոնդի նման քանակի կառուցում։ Այսօր Հայաստանը հենց այդ պատճառով կանգնած է փոշուց օդի աղտոտման լուրջ խնդրի առաջ. այս մասին փաստում են մասնագետները։
Հաջորդ խնդիրը, որը, ըստ անշարժ գույքի ոլորտի մասնագետների, կանխատեսվում է հաջորդ տարի, այն է, որ 2024 թվականից անշարժ գույքի ոլորտում կոլապս է սկսվելու, քանի որ բնակարանաշինության պահանջարկը եւ սպառումը քչանալու է։ Հայաստան վերջին շրջանում եկած ռուսների մեծ մասը, որոնց աշխատանքով էլ պայմանավորված է ՀՀ տնտեսական աճի մի մասը, արդեն լքել է Հայաստանը։ Ըստ մեր աղբյուրների՝ կառուցապատողները հենց նրանց եւ Հայաստան եկած մշտական բնակություն հաստատած քաղաքացիների վրա հույս դնելով են կառուցել բարձրահարկ շենքեր, «դաունթաուններ» եւ նոր թաղամասեր՝ ամեն ինչ հողին հավասարեցնելով, սակայն սպառումը քիչ-քիչ կրճատվում է։ Այս խնդիրը փորձեցինք հասկանալ տնտեսագետ եւ փոքր ու միջին բիզնեսի իրավապաշտպան Սամսոն Գրիգորյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան կանխատեսելի է, բայց բացարձակ այդպես չի կարող լինել. «Նման պահանջարկի դեպքում ոչ թե վաճառքի կանգ է սպասվում, այլ գների անկում։ Առաջարկ կա, գինը ցածր է, պահանջարկ կա, բարձրանում է։ Ասեմ ավելին՝ եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, հնարավոր է, վաճառքը քչանա»: Դեկտեմբերի 7-ին կլրանա Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը. Երեւանում կառուցապատման բում է, իսկ երկրաշարժից տուժած ընտանիքներից դեռ ոչ բոլորն են բնակարանով ապահովված։