25.11.2024
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Թունիս
prev Նախորդ նորություն

ՌԴ դերը կամ՝ ՀՀ-ն պետք է ճիշտ շեշտադրի իր արտաքին քաղաքական կուրսը. քննարկում

Այսօր ՀՀ հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Այս մասին «Ընթացիկ գործընթացները Հարավային Կովկասում. ՌԴ դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում» կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի կոորդինատոր Արամ Սաֆարյանը:

Անդրադառնալով Սոչիում և Վաշինգտոնում կայացած վերջին հանդիպումներին, Սաֆարյանն ասաց, որ աշխարհաքաղաքական ուժային խոշոր կենտրոնների միջև գոյություն ունի մրցակցություն ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու խնդրում, և պետք է փորձել հասկանալ՝ այդ մրցակցությունը լա՞վ է, թե՞ վատ և արդյոք համապատասխանում է մեր ազգային շահերին:

“Իմ խորին համոզմամբ, այն, որ Սոչիի համաձայնության տակ դրված ստորագրություններով կողմերը հանձն են առել ուժ չկիրառել՝ սա կարևոր, լուրջ և անփոխարինելի ներդրում է կայունության հաստատման հարցում: Սոչիի հռչակագիրը ևս մեկ անգամ գալիս է վկայելու, որ բանակցությունները ՌԴ միջնորդությամբ այլընտրանք չունեն, և կարող եմ պնդել, որ Ռուսաստանն ունի նախապատվելի կարգավիճակ այս հակամարտության կարգավորման միջնորդության գործում և խաղաղության հաստատման հարցում”,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Արևմուտքի դերակատարությանը, Սաֆարյանը մատնանշեց՝ առկա է մրցակցություն, որը մեզ համար վտանգավոր չէ, այլ հակառակը՝ գալիս է լրացնելու մեր արտաքին քաղաքականության կոնցեպցիան:


“Այո, միջնորդ կողմերը իրար մեջ ունեն մրցակցություն և նրանց նպատակն է ամրապնդել իրենց դերը Հարավային Կովկասում: Բայց եթե Հայաստանը 2020-ից հետո շարունակում է պնդել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ, բա էլ ինչպե՞ս կարող էինք այս կոնցեպտը առաջ մղել, եթե չենք օգտվում այդ ուժային միջնորդների ջանքերից: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային ընդունած բանաձևի համար, բայց մենք հասկանում ենք նաև, որ որքան էլ հզոր է Ֆրանսիան, նա միայնակ չի կարող դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միասնությունն է՝ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ մեծապես մեզ օգնելու լինել ավելի ուժեղ, անկախ ու ինքնիշխան Ադրբեջանի հետ հարցերում»,- շեշտեց Արամ Սաֆարյանը:

ՀՀ-ն, ըստ նրա, բարյացակամ պետք է վերաբերվի այս երեք երկրների, կառուցողական դիրքերից հանդես գա և չփորձի փոխարինել մեկը մյուսով. «Պետք է հասկանանք, որ ՌԴ-ն ունի ամենամեծ դերը հակամարտող կողմերի վրա: Մյուս միջնորդները նույնպես ունեն մեծ ազդեցություն Հարավային Կովկասի վրա և նրանց ներկայությունը պետք է դարձնել ՀՀ համար օգտակար»,- հավելեց նա:

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը իր խոսքում փաստեց, որ այսօր Հարավային Կովկասում տեղի է ունենում մի իրադարձություն, որին մենք երկար ենք սպասել. ռուս-թուրքական այս իրավիճակային դաշնակցությունը, կարծես թե, տալիս է իր պտուղները և առաջին անգամ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին: Նման բան երբեք չի եղել, ասաց նա: «Բնական է, որ ՌԴ ջանքերը՝ Թուրքիան վերածել գազային կամ հացահատիկային հաբի, մի օր իր արդյունքները տալու են: Այսօր արդեն Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին Սիրիայում ահաբեկիչներ պատրաստելու և իր երկրում կիրառելու մեջ, ինչը զարմանալի է, քանի որ նույն Թուրքիան էլ նույն այդ ահաբեկիչներին օգտագործեց մեր դեմ երկու տարի առաջ”,- ասաց Բալասանյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ էլ ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան թվում է. «Ադրբեջանն ինքն իրեն հակասում է. մի կողմից, ասում է, որ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից, բայց մյուս կողմից օրը ցերեկով կրակում հենց այդ խաղաղապահների ուղղությամբ, հաստատելով նրանց մնալու անհրաժեշտությունը: Պետք է հասկանանք, որ Բրյուսելում, Վաշինգտոնում չի լուծվելու արցախահայության անվտանգության հարցը, պայմանագիրն էլ կնքելու են ու հաջորդ օրն իսկ մոռանան դրա մասին: Այդ մայրաքաղաքներում միայն լուծվելու է Ուկրաինային այլընտրանքային ճանապարհ ստեղծելու հարցը, որով էներգակիրները Եվրոպա կհասնեն, ինչը պետք է արվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով”,- շեշտեց նա:

Բալասանյանը նշեց նաև, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը տարածաշրջանում կարող է լինել նաև Իրանը, որն ունի ՌԴ հետ ջերմ հարաբերություններ բոլոր ոլորտներում, և դեմ գնալ ՌԴ-ին՝ նշանակում է դեմ լինել նաև Իրանին: «Ուղղակի ցավակցել հայ ժողովրդին՝ դա մի բան է, իսկ ռեալ քայլեր ձեռնարկել հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մեկ այլ: Ու որքան էլ փորձեն ՌԴ վարած քաղաքականությունը, նրա ջանքերը չնկատել, իրականությունը շատ ցցուն է այն չտեսնելու համար»,- հավելեց նա:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն էլ շեշտեց, որ մեր տարածաշրջանը դարձել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ: Նրա խոսքով, վերջին երեք տասնամյակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իներտ դեր ստանձնած կենտրոնները այսօր չափազանց աշխուժացել են, ինչը ստիպում է փորձել հասկանալ, թե ինչն է նրանց ակտիվության պատճառը.

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավորություն է տալիս ուժային կենտրոններին ազդեցության լծակներ գտնել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի վրա, այլև հետագայում Իրանին թիրախավորելու համար: Գլխավոր նպատակներից մեկն էլ այն է, որ մաշեցնեն Ռուսաստանի ռեսուրսներն ու ուժերը և թուլացնեն՝ շրջապատելով ՌԴ սահմանները ակտիվ հակամարտության օջախներով»,- ասաց նա:

Եվ այս իմաստով, կարծիք հայտնեց Քեռյանը, Արևմուտքին ձեռք չի տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Իսկ ահա ՌԴ-ին ձեռնտու է կայունությունը Հրվ.Կովկասում, քանի որ այն ազատում է իր ռեսուրսները. ՌԴ-ն ունի շատ մեծ էներգետիկ ու տնտեսական պլաններ, իսկ դրա համար կայունությունը գլխավոր նախապայմանն է:

Քեռյանը նաև նշեց, որ ՀՀ համար Ադրբեջանն ու Թուրքիան, իհարկե, թշնամի պետություններ են, հաշվի առնելով նրանց նկրտումները, այդ թվում և հայության էթնիկական զտումների մղումները, բայց միաժամանակ մեզ պետք է դաշնակցել այն երկրի հետ, որն առավել մեծ ազդեցության լծակներ ունի այս երկու պետությունների վրա: Իսկ դա միանշանակ ՌԴ-ն է: Եվ պետք չէ մոռանալ, ավելացրեց նա, որ այսօր, երբ ՀՀ դերակատարումը Արցախի անվտանգության ապահովման հարցում զրո է, արցախահայության ֆիզիկական գոյությունն ապահովում են ՌԴ խաղաղապահները, ինչպես նաև պահում հայ-թուրքական սահմանի անառիկությունը. «Եվ եթե չունենանք պռոռուսական քաղաքականություն, ապա շատ արագ կգնանք Ալեքսանդրապոլ-2-ին»,- հավելեց Գարիկ Քեռյանը:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էլ, անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին ու կոնկրետ մեր տարածաշրջանի գործընթացներին ևս այն կարծիքին է, որ նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է ուզում Արևմուտքը: Ըստ նրա, Արևմուտքին պետք են էժան էներգակիրներ և գլոբալ առևտրային ճանապարհներ՝ Մեծ Բրիտանիայից Չինաստան, և հենց այս երկու կարևոր հարցն է, որ հուզում է Արևմուտքին: Իսկ մեր տարածաշրջանում խոշոր էներգակիրների պաշարներ ունեն Ռուսաստանն ու Իրանը, հիշեցրեց նա:

ՌԴ-ին թուլացնելու համար Արևմուտքը այլ նպատակներ էլ ունի. «Ռուս խաղաղապահները լուրջ գլխացավանք են այսօր Արևմուտքի համար, քանի որ նրանք ապահովում են արցախահայության անվտանգությունը, դրանով խանգարելով նրանց արտագաղթել՝ ադրբեջանական վտանգից ելնելով: Մի կողմից էլ, Արևմուտքը փորձում է պարտադրել, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Այս երկուսի հետևանքը կլինի Հայաստանից վերջնականապես Ռուսաստանին դուրս մղելը»,- հավելեց նա:

Իր հերթին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը, անդրադառնալով աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գլոբալ գործընթացներին նշեց, որ Հայաստանը նոր մարտահրավերների առաջ է հայտնվել, և մեր հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ տարբերակներ ու լուծումներ կան դրանց լուծման համար: Եվ մի բան էլ՝ ճիշտ գնահատի հայ-ռուսական հարաբերություններն ու դրանց կարևորությունը մեր անվտանգության տեսանկյունից.

«Ադրբեջանն ու Թուրքիան ամեն օր սպառնում են մեզ նոր պատերազմով, արտաքին քաղաքական ուղղվածություն ունեցող ուժերն ակտիվացրել են իրենց գործունեությունը մեր տարածաշրջանում, Արևմուտքը ամեն ջանք գործադրում է ակտիվանալու համար, որի արդյունքում նպատակ ունի դուրս մղել Ռուսաստանին թե՛ տարածաշրջանից, թե՛ ՀՀ-ից: Սակայն Հայաստանը, որպես ՌԴ ռազմավարական դաշնակից, պետք է հստակ դա գիտակցի, ճիշտ շեշտադրումներ ընտրի, որոնք չեն վնասի ո՛չ դաշնակցային հարաբերություններին, ո՛չ էլ իր ազգային շահերին»,-ասաց Ծովինար Կոստանյանը՝ հավելելով, որ իշխանություններին այդ հարցում աջակից պետք է լինի նաև փորձագիտական հանրությունը:

Նշենք, որ Կլոր սեղան-քննարկումը կազմակերպել է «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունը, դրան մասնակցեցին շուրջ չորս տասնյակ ուսանողներ հայաստանյան բուհերից, փորձագետներ: