ԵՄ-ն հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի հետ, որպեսզի քննարկի Տրանսադրիատիկ խողովակաշարով Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը։ Այս մասին ուրբաթ հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի տեղեկատվության համաձայն՝ հաջորդ շաբաթ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը կայցելի Բաքու, որի շրջանակներում կհանդիպի Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովի եւ Հանրապետության բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Մուխտար Բաբաեւի հետ: «Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները նվիրված կլինեն Ադրբեջանի դերին Եվրոպա գազի մատակարարման դիվերսիֆիկացման հարցում, - հայտարարել է ԵՄ անանուն ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է պարբերականը: - Դա իր մեջ ներառում է Տրանսադրիատիկ խողովակաշարով Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը։ Խողովակաշարի հզորությունը ներկայումս կազմում է տարեկան մոտ 10 մլրդ խորանարդ մետր, [Ադրբեջանը] ԵՄ-ում կայուն եւ հուսալի մատակարար է»:
Ինչպես ընդգծել է թերթը, Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հնարավոր ավելացման շուրջ բանավեճերն ակտիվացել են Ուկրաինայի իրադրության պատճառով Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածության լույսի ներքո: Ավելի վաղ մի շարք արեւմտյան ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ ՌԴ-ի Ուկրաինա ենթադրյալ ներխուժման դեպքում ԵՄ-ն պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ, որոնք կարող են ենթադրել «Հյուսիսային հոսք-2» գազատարից հրաժարում:
Նման սցենարի դեպքում Բրյուսելում կարծում են, որ Ռուսաստանը կարող է որպես պատասխան միջոց կրճատել գազի մատակարարումը Եվրոպա, ինչը սպառնում է վերածվել էներգետիկ ճգնաժամի Հին աշխարհում։ Հնարավոր կրիտիկական իրավիճակը կանխելու համար ԵՄ-ն բանակցություններ է վարում վառելիքի այլընտրանքային մատակարարների, այդ թվում՝ Կատարի հետ՝ նրանցից գազի գնումների ավելացման շուրջ։
Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են պնդումներ Ուկրաինա Ռուսաստանի հիպոթետիկ ներխուժման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը համարել է դատարկ և անհիմն լարվածության սրում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում։ Միևնույն ժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հավանականությունը և նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու:
Ադրբեջանական գազը Եվրոպայում
Տրանսադրիատիկ խողովակաշարը «Հարավային գազային միջանցքի» վերջին հատվածն է, որն իրենից ներկայացնում է խողովակաշարերի ինտեգրված համակարգ և ներառում է նաեւ Հարավկովկասյան եւ Տրանսանատոլիական գազատարները: 878 կմ երկարությամբ և 4.5 մլրդ եվրո արժողությամբ ՏԱՊ-ի շինարարությունը սկսվել է 2016-ի մայիսին։ Գազատարի սկզբնական հզորությունը կազմում է տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազ՝ կրկնապատկելու հնարավորությամբ։
Գազատարի բաժնետերերն են բրիտանական BP ընկերությունը (20 տոկոս բաժնային մասնակցություն), ադրբեջանական SOCAR-ը (20 տոկոս), իտալական Snam-ը (20 տոկոս), բելգիական Fluxys-ը (19 տոկոս), իսպանական Enagas-ը (16 տոկոս), Շվեյցարական Axpo-ն (5 տոկոս): Գազի հիմնական աղբյուր է համարվում Կասպից ծովում գտնվող «Շահ Դենիզ» ծովային գազակոնդենսատային հանքավայրը՝ 1,2 տրիլիոն խորանարդ մետր պաշարներով: