«Հայաստան» խմբակցության գործընկերներ Ագնեսա Խամոյանի և Աղվան Վարդանյանի հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ և Միքայել Սրբազաններին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղում էին: Հերթական անգամ մեզ դիմավորեցին իրենց բնորոշ հանդարտությամբ և լավատեսությամբ: Բագրատ և Միքայել Սրբազաններն անազատության մեջ հայտնվելով՝ իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ազգն ու հայրենիքը: Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Որևէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից: Եթե մեր հոգևոր հայրերը պատվով և արժանապատվությամբ են ընդունում իրենց ուղղված հալածանքները, ապա մենք՝ ազատության մեջ լինելով՝ որևէ պահի տրտնջալու, վարանելու իրավունք չունենք: Սրբազանների մեկուսացումը մեծագույն ամոթ և խարան է գործող իշխանությունների համար: Բայց վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում թերթելու ենք այս ամոթալի էջը ևս: «Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա’ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»»,- գրել է պատգամավորը: