Մայիսի 20-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, և նույն օրվա դրությամբ մենք ունենք 8315 անձ, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը: Փոխնախարարը հիշեցրեց՝ քաղաքացիություն ստանում են չափահաս անձինք, իսկ անչափահասները ծնողներից մեկի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու միջոցով ավտոմատ կերպով կարող են ստանալ քաղաքացիություն: Վերջին շրջանում, ըստ Արմեն Ղազարյանի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների դիմումների ակտիվացում է նկատվում: «Եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել 20-ի չափ, ապա վերջին շրջանում՝ 40-50-ի չափ օրական դիմում ենք ստանում»,- ասաց նա: