Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածնքերի շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին:Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից տարածքներում առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար` բացասական ազդեցություն թողնելով զբոսաշրջության վրա:Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ:Ըստ այդմ, արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևան քաղաքի հետևյալ տարածքներում.Հանրապետության հրապարակ և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք,/Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք,Հյուսիսային պողոտա և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք:Հիշեցնեմ, որ Երևանի ավագանու 12 սեպտեմբերի, 2023 թվական N 849-Ն որոշմամբ սահմանվել են մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները: