17.07.2025
Վարժական հավաքներ՝ 3 ամիս տևողությամբ. ՊՆ-ն նախատեսում է ներգրավել 2169 քաղաքացու
11.08.2021
Վարժական հավաքներ՝ 3 ամիս տևողությամբ. ՊՆ-ն նախատեսում է ներգրավել 2169 քաղաքացու

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը 2169 քաղաքացու ներգարվմամբ անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Այս մասին տեղեկանում ենք e-draft համակարգում ՊՆ-ի ներկայացրած կառավարության որոշման նախագծից: Համաձայն նախագածի, երեք ամիս տևողությամբ վարժական հավաքներին ներգրավելու են ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: Վարժական հավաքների ապահովման համար առաւարկվում է ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց: Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում են լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն՝ ավելի քան 3 մլրդ դրամ չափով: Նախագծում ասվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպոր­տային միջոցների ներգրավվումը: Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: Ավելի վաղ կառավարությունը հանրային քննարկման էր ներկայացրել որոշման նախագիծ, համաձայն որի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում նախատեսվում է վարժական հավաքներ հայտարարել: Այդ նախագածով առաջարկվում է, վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Բացի այդ, նախորդ շաբաթ ՊՆ-ն առաջարկել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացնել տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն կառուցվածքային ստորաբաժանում: