10.07.2025
Այսօրվանից արգելվում է սննդի օբյեկտներում ծխախոտային բոլոր արտադրատեսակների օգտագործումը
15.03.2022
Այսօրվանից արգելվում է սննդի օբյեկտներում ծխախոտային բոլոր արտադրատեսակների օգտագործումը

Այսօրվանից Հայաստանում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ): Այս առնչությամբ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «2022թ. մարտի 15-ն է։ Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը՝ Հայաստանը դասելով քաղաքակիրթ երկրների շարքին, որոնք ջանք են գործադրում ավելի առողջ միջավայր ապահովելու համար։ Առավոտյան Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ այցելեցինք սրճարան, որպեսզի դիտարկենք օրենքի աշխատանքը և կարող ենք փաստել, որ առնվազն այստեղ այն աշխատում էր։ Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին օգնել մեզ աշխատացնել օրենքը՝ պահանջելով մաքուր օդ բոլոր հաստատություններում»,-գրել է նա։ Ինչ է պահանջում օրենքը Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը: Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 դրամ: Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է Ոստիկանության կողմից: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը: