ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 4-ին հանդիպել է Իրաքի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միության պատվիրակության հետ, որի կազմում են նաեւ Իրաքի խորհրդարանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է Իրաքում ապրող ազգային փոքրամասնություններով, նրանց հուզող խնդիրներով ու մարտահրավերներով: ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանգստավայրում տեղի ունեցած հրետակոծությունը, որի հետեւանքով խաղաղ բնակիչներ են տուժել: Իրաքի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու համար: Նրանք գոհունակություն են հայտնել նաեւ Հայաստանի խորհրդարանականներին միջազգային կառույցներում աջակցության համար: Հյուրերը մանրամասն ներկայացրել են իրենց խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը: Կողմերը երկու երկրների միջեւ կապերն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել: Այս համատեքստում խորհրդարանական փոխայցերն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ազգային փոքրամասնություններին, նշվել, որ նրանք այստեղ պաշտպանված են: Մոտ ապագայում կընդունվի նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենք: