ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը: «Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։ Բնականաբար ոստիկանության ապօրինի այս գործողությունը ոչինչ չի փոխի և տղերքը պնդում են, որ հնազանդվելը մահ է, պայքարը` կյանք»,- գրել է նա։ Ավելի վաղ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Մաշտոցի պուրակում հրավիրել էի հանրային քննարկում, որից հետո առաջիկա շաբաթը կանցկացնի այդտեղ` շուրջօրյա հանդիպումներով ու քննարկումներով, որի համար նախատեսում է տեղադրել վրան։ Սահակյանը նաեւ հայտնել էր, որ մեծ թվով ոստիկաններ կան այնտեղ որոնք փորձում են խոչընդոտել վրանի տեղադրումը: