14.11.2025
Ազգային ժողովը պատրաստվում է հատուկ նիստին. Արարատ Միրզոյան
16.03.2020
Ազգային ժողովը պատրաստվում է հատուկ նիստին. Արարատ Միրզոյան

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացնում է, որ զրուցել է ԱԺ խմբակցությունների ղեկավարության հետ և խնդրել ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին։ ԱԺ աշխատակազմին ևս հրահանգվել է պատրաստվել հնարավոր նիստին։ Միրզոյանը նաև ներկայացրել է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը․ Հոդված 48. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը գումարելու և անցկացնելու կարգը 1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: 2. Եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման: 3. Հարցի քննարկման ընթացքում՝ 1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր. 2) հարակից զեկուցում չի լինում. 3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն մշտական հանձնաժողովների և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ: 4. Եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը՝ 1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում և հրապարակվում է Կանոնակարգի 107-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված. 2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված: