Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաեին կիրակի օրը` մարտի 23-ին, լրագրողներին հայտնել է Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան կատարելիք այցի մասին։ Նրա խոսքերով՝ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի կմեկնի Երևան Իրանի Իսլամական Հանրապետության՝ հարևան երկրների հետ շարունակական խորհրդակցությունների շրջանակում։ Այցի ընթացքում, բացի հայ գործընկերոջ հետ բանակցություններից, Արաղչին կհանդիպի նաև վարչապետի և հարևան երկրի այլ պաշտոնյաների հետ։ Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու Կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումները։ Այցն իրականացվում է Հայաստանի արտգործնախարարի հրավերով և ուղղված է երկկողմ կապերի ամրապնդմանն ու տարածաշրջանային օրակարգի շուրջ կարծիքների փոխանակմանը։